Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական կրքեր են բորբոքվում, Արցախում և տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ այցելել էր Շուշի։ Այս այցն արդեն իսկ քննադատվել է ՀՀ՝ ղեկավար չունեցող ԱԳՆ-ի կողմից։
Հայտարարության մեջ ասվում է. «Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք»:
Իhարկե, այս իրավիճակում զարմանալի է պաշտոնյա չունենալը, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները չեն սպասում ՀՀ ընտրությունների ավարտին։ Նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո Ժնևում հունիսի 16-ին սպասվում է Բայդեն-Պուտին հանդիպումը, որի շրջանակում նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ժնևի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»,- նշել է Ուշակովը:
Ինչպես նշեցինք, Ժնևում Պուտին-Բայդեն գագաթնաժողովից առաջ՝ հունիսի 14-ին, կայացել է Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. այս հանդիպման օրակարգում ևս ներառված էր Ղարաբաղյան հակամարտության թեման:
Ստացվում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է թե՛ Էրդողանի հետ հանդիպմանը, թե՛ քննարկելու է Պուտինի հետ սպասվող հանդիպմանը: Եվ մինչ Հայաստանում իրար վրա ցեխ են շպրտում, աշխարհում նոր զարգացումներ են, որից Հայաստանը դուրս է մնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։