Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կարող էր և պետք է ավելի լավ աշխատի. այս կարծիքի հետ բնավ չենք վիճում: Բայց երբևէ փորձե՞լ ենք քննադատելուց բացի մեզ դնել այդ կառույցի աշխատակիցների տեղն ու հասկանալ՝ հնարավո՞ր է 80,000 -100.000 դրամով աշխատել: Կամ որքանո՞վ է տրամաբանական, երբ 1 միլիոնից շատ ավելի դրամ աշխատավարձ ստացողը դժգոհում է 80,000 դրամ աշխատավարձ ստացողի աշխատանքից: Էլ չեմ խոսում այն մասին, որ երկրի վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը, ովքեր, ըստ էության, ամբողջ օրը կա՛մ ուղիղ եթերով իրենց հույզերի մասին են խոսում, կա՛մ այդ հույզերի մասին գրառումներ անում, պիտակավորում են մարդկանց, որոնք ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան վերոհիշյալ երկուսը՝ կյանքի տևողություն:
Ինչևէ, դառնանք բուն ասելիքին: Մինչ Հայաստանի գաղափարազուրկ իշխանությունները փորձում են լուծարել մեր ազգային ակադեմիան, որովհետև գտնում են, որ այս դարում նման կառույց ունենալը հեռատեսական չէ, Ադրբեջանում այլ կերպ են մտածում: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունները քննադատելուց բացի, բարձրացրել են այդ կառույցի պետական աջակցության չափն ու, ինչպես ասում են՝ գործ են անում: Խոսենք փաստերով՝ հուսալով, որ դա նաև ուսուցողական կլինի ՀՀ իշխանությունների համար:
Դեռ 2009 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ծրագրվել է «Ադրբեջանական Հանրապետության գիտության զարգացման ռազմավարությունը 2009-2015 թվականներին» նախագիծը, որից հետո Ադրբեջանի ակադեմիան, որպես հակահայկական քարոզչության ու առհասարակ հակահայկական կենտրոն, զգալի թափ է առել: Այդ ռազմավարության շրջանում, ավելի կոնկրետ՝ 2013 թ., ակադեմիկոս Ադիլ Գարիբովը առաջարկեց արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորի ատոմակայանի տարածքում: 2009 թ. հետո դա ամենալուրջ ու վտանգավոր հակահայկական մտահղացումն էր ադրբեջանցի գիտնականների շրջանում:
Ամեն ինչ ավելի սրվեց ու լրջացավ, երբ 2014 թվականին որոշվեց Ադրբեջանի ակադեմիային տրամադրել տարեկան մոտ 150 միլիոն մանաթ, որը, ժամանակի փոխարժեքով, հավասարազոր է 180-190 միլիոն դոլարի: Տարեցտարի այդ գումարներն ավելացան ու ահռելի չափերի հասան, հակահայկական քարոզչությունը՝ նմանապես:
Նույն 2014թ. թվականի հուլիս ամսին հաստատվեց «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման կոնցեպցիան մինչև 2020 թվականը» ծրագիրը, որի արդյունքում՝ ակադեմիա են հրավիրվել արտերկրում բնակվող բազմաթիվ ադրբեջանցի գիտնականներ: Այդ ծրագրի շրջանակներում զարկ է տրվել ֆիզիկայի, քիմիայի, նավթի ու նավթաքիմիայի, երկրաբանության, բիոտեխնոլոգիաների, մոլեկուլային գենետիկայի և հարակից գիտությունների զարգացմանը:
Որպես մեկ ապացույց նշենք, որ դրանից չորս տարի անց՝ 2018թ. սեպտեմբերին Ադրբեջանի ակադեմիան արդեն համագործակցում էր թուրքական TAI ավիաշինական ընկերության հետ: Միջանկյալ նկատենք, որ TAI-ը ընկերությունն, ըստ համբավավոր Defense News մասնագիտացված կայքի, աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 64-րդն է և այնտեղ են նախագծվում ու պատրաստվում թուրքական հայտնի Atak հարվածային ուղղաթիռները:
Ծրագրի հաստատումից ընդամենը մեկ տարի անց՝ 2015 թ., Ադրբեջանի պատմության ինստիտուտի աշխատակից Յաղուբ Մահմուդովը տարածքային պահանջներ ներկայացրեց հարևան երկրներին: Այդ նախաձեռնության համար պետությունը ֆինսավորեց նրան՝ հրահանգելով մի շարք լեզուներով թարգմանել այդ պահանջներն ու տարածել արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Նկատի ունենանք նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց ակադեմիայի միջոցով տարեկան զգալի միջոցներ են տրամադրում՝ արտերկրում հակահայկական քարոզչություն իրականացնելու ուղղությամբ: Այդ գործով հիմանակնում զբաղվում են ադրբեջանի ակադեմիայի աշխատակիցներն ու երիտասարդ գիտաշխատողները: Նրանց հրահանգված է՝ անպայման մասնակցել միջազգային բոլոր գիտաժողովներին ու դրամաշնորհային ծրագրերին: Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ վերջիններս արտերկրում զբաղված են լինում հայերի ու Հայաստանի մասին էջեր պարունակող գրքերը թղթատել, այն խմբաքանակը, որոնք գտնվում են հանրային գրադարաններում:
Պետական հոգածության ներքո հակահայկական զգալի աշխատանք է տանում նաև Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալության նախագահ Քյամրան Իմանովը: Վերջինս սերտ կապերի մեջ է ադրբեջանի ակադեմիայի հետ և անձամբ հրահանգվելով իշխանությունների կողմից թե՚ երկրի ներսում, թե՚ արտերկրում, զբաղված է կոնկրետ հակահայկական քարոզչությամբ՝ մշակույթի, պատմության թեքումով: Նրա ձեռամբ այսօր աշխարհի մի շարք երկրներում, որպես ադրբեջանական են ներկայացվում հայկական մշակույթի այնպիսի գոհարներ, ինչպիսիք են՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Նույն հակահայկական տրամադրությունների համատեքստում ադրբեջանական ակադեմիան տարեցտարի խորացնում է հայերենագիտությունն ու թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում խորացված հայերենի դասեր անցկացնում:
Այս ամբողջ պատկերի ֆոնին Հայաստանի իշխանությունները թող իրենց հարց տան, ինչու՞ լավ չի գործում ակադեմիան: Աշխատակիցնե՞րն են վատը, թե՞ կառավարությունը չի հասկանում՝ ինչ ասել է ազգային ակադեմիա: Այդ հարցի պատասխանը նրանց տանելու է Բաղրամյան 19 և Բաղրամյան 26: Այդ հարցի պատասխանները գտնվում են թաքուն կամ, ինչպես վարչապետն է սիրում ասել, իներցիոն կերպով բարձրացված աշխատավարձերի հակառակ կողմում:
Այո, մեր ակադեմիան շտկվելու կարիք ունի, բայց շտկման առաջին քայլը պետք է լինի պետության կողմից, վերաբերմունքը, պետական վերաբերմունքը պետք է փոխվի, որն այս պահին, մեղմ ասած, միայն արհամարհական ու թշնամական է: Ամեն դեպքում՝ Ադրբեջանում դժգոհ չեն այն ամենից, ինչ տեղի է ունենում Երևանում:
Հ.Գ. Նույն տրամաբանությամբ են աշխատում նաև Թուրքիայի ակադեմիայում:
Գրության մեջ դիտավորյալ խուսափել եմ Ադրբեջանի ակադեմիան ազգային անվանելուց՝ առաջնորդվելով «ադրբեջանական ակադեմիա» ձևակերպմամբ:
Գևորգ Գյուլումյան