Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2021թ. հունիսի 15-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ,որում մասնավորապես ասված է.
«Արդեն որերորդ օրն է՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տարփողում են Թուրքիայի նախագահի՝ 2020թ. աշնանային պատերազմի արդյունքում գերեվարված հայկական Շուշի կատարելիք այցի մասին: «Համատարած խանդավառության» այս շքերթի ընթացքում նույն այդ երկրներում մոռանում են այն դերակատարության մասին, որ ունեցել է Թուրքիան և շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար:
Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ.
— 1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն ոճրագորոծությունը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Եվ միայն հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ է հաջողվել կանխել հայասպան նոր ծրագրերը:
— 2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրենց համար բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ նենգորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, լայնածավալ պատերազմով կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:
— Ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով իր պատմական հայրենիքում, այդ թվում և Շուշիում ապրելու իրավունքից զրկվել են տասնյակ հազարավոր հայեր, և պղծվել են ազգային-քրիստոնեական պատմա-մշակութային նշանակության հարյուրավոր կոթողներ:
Այսպիսի նախապատմության պարագայում Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն հայոց բերդաքաղաք Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում տխրահռչակ «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների ցինիկ դրսևորում: Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ, որը հեռահար նպատակ ունի՝ կասկածի տակ դնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Հայաստանի Հանրապետությանը՝ խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր վտանգներով»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական Հայրենիք»
«Արդարություն»
«Հայ Հեղափոխական Դաշնակություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»