կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 18:47
Հասարակություն

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նիստը

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նիստը
Ավստրիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․
 
Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով:
 
Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: Դեսպան Պապիկյանն այս տեսանկյունից նշեց, որ ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման համանման նպատակները հիմք են հանդիսանում երկու կառույցների միջև համագործակցության համար՝ ուղղված Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
 
Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետի տեղակալ Իրինա Կովալչուկը:
 
ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին 2020թ. Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների օգտագործումը, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը: Նշվեց, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
 
Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և նրանց կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիության վրա, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, վեցը՝ գերեվարվել:
Բանախոսները և մասնակից պետություններն անդրադարձան ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին, ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությանը և դրա ամրապնդման հեռանկարներին: