կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 12:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ»․ Գոռ Սարգսյանը փաստեր է ներկայացնում՝ ինչու է Փաշինյանը դավաճան

«Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ», «Մեզ Արցախը սկուտեղի վրա մատուցող վարչապետ պետք չէ»՝ այս և նմանօրինակ այլ պաստառներով ՀՅԴ երիտասարդները իրազեկման ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը պարզաբանեց, որ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեր հայրենակիցներին ասաց՝ թող գան, իր առջև կանգնեն և ասեն, թե ինքն ինչի՞ համար է դավաճան, հիմա իրենք եկել են՝ թվարկելու այն գործողությունները, որոնց համար Փաշինյանին համարում են դավաճան։

«Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ իր նեղ թիմին ներկայացնում էր, որ իրեն անընդհատ ասում են՝ «դավաճան», բայց չեն ասում, թե ինչի՞ համար է դավաճան։ Սակայն այդտեղ էլ է խաբում․ 6 ամիսների ընթացքում մենք բազմիցս ասել ենք Նիկոլ Փաշինյանին՝ ինչի է նա դավաճան։ Մեզ չի  հետաքրքրում՝ դա դիտավորյալ դավաճանությո՞ւն էր, թե՞ այդ քայլերը բերեցին դավաճանական ելքի, որովհետև նա ՀՀ վարչապետ է և պարտավոր է իր բոլոր գործողություններով այնպես անել, որ դրանք բոլորը բխեն մեր երկրի և մեր ժողովրդի ազգային շահերից»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Իբրև դավաճանության փաստերից մեկը նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը միջազգային կառույցներին երաշխավորեցին, որ վնաս չեն հասցնի Ադրբեջանի գազամուղներին և կարևորագույն կառույցներին, այնինչ Ադրբեջանը ոչ մի երաշխիք չէր տվել, որ չի վնասի Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին․ «Մենք պատերազմի ամբողջ ընթացքում տեսել ենք, թե ինչպես են հարվածում դպրոցներին, մանկապարտեզներին և բնակավայրերին»։

Հաջորդ փաստը՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը պատերազմի առաջին օրվանից Արցախի գրեթե ողջ ժողովրդին դուրս են հանել Արցախի տարածքից․ «Եթե նայենք պատմությունը՝ բոլոր հաղթած պատերազմները, կտեսնենք, որ մի հայրենիքում, որտեղ տեղի է ունենում պատերազմ, այդ բնակչությունը տեղում է մնում։ Ամբողջ 90-ականների պատերազմի ընթացքում ոչ մի դեպքում նման գործողություն չի եղել։ Անգամ Ապրիլյանի ժամանակ են մնացել։ Բնակչությանը հանելը նշանակում է՝ պատերազմը սկսվելիս արդեն այս մարդիկ տրամադրված էին պարտության, տրամադրված էին հողերը տալու»։

Դավաճանության հաջորդ փաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում Փաշինյանը խուսափել է կարող ուժերի կողմից առաջարկվող օգնությունից և իշխանությունը պահելը ավելի կարևոր է համարել, քան պատերազմում հաղթելը։

«Պատերազմը սկսվելուց մինչև օրս այս իշխանությունները ներքաղաքաքական հարցերն ավելի կարևոր են համարել, քան պատերազմում հաղթելը․ համախմբման բոլոր կոչերը մերժեցին, Դաշնակցության առաջարկած ռազմական շտաբ ստեղծելուն մերժեցին, որտեղ պիտի ներգրավված լինեին Հայաստանի ու Արցախի՝ նախկին բոլոր նախագահները և պաշտպանության նախարարները, այս իշխանությունը մերժեց։ Եթե ձեր ասելով՝ այս ամբողջ եղածի մեղավորը նախկիններն էին, թող Փաշինյանը կազմակերպեր այդ շտաբը, բոլորին ներգրավեր այս պրոցեսի մեջ ու վերջում ասեր՝ եթե կարող էիք՝ փրկեիք․ դիտավորյալ մերժեց բոլորի ներկայությունը, որովհետև այնտեղ շատ հարցեր կային, որ պետք չէր, որ կողքից որևէ մեկը տեսներ»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Դավաճանական արարք էր նաև այն, որ Փաշինյանը առանց ժողովրդին ու կռվողներին հարցնելու՝ ստորագրել է կապիտուլյացիոն պայմանագիր․ «Պատերազմի ողջ ընթացքում թշնամին կարողացել է գրավել 90 բնակավայր, իսկ Նիկոլի ստորագրությամբ՝ առանց կռվի հանձնվել է մոտ 200 հայկական բնակավայր և մինչև օրս հանձնվում է՝ անգամ կապիտուլյացիայից հետո, երբ հայտարարության մեջ ՀՀ տարածքները չկային։  Այնինչ, հիմա Վարդենիսի և Սյունիքի կողմից ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածքի մեջ, հետ չեն քաշվում և Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում նրանց հետ քաշելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում․