կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 09:14
Առանց Կատեգորիա

«Իշխանության տարբեր ճյուղեր խամաճիկ դարձնելու գործընթացը շարունակվում է»․ «Փաստ»

«Իշխանության տարբեր ճյուղեր խամաճիկ դարձնելու գործընթացը շարունակվում է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես գիտեք, պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ ներկայացված են հանցագործության մասին մի շարք հաղորդումներ: Մի կողմից՝ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, մյուս կողմից՝ ավելի քան հարյուր փաստաբաններ: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը: Նշենք, որ հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

Խոսելով մասնագիտական համայնքի սպասելիքներից ու պատասխանելով հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածը բավարար չէր արդեն հստակ գործընթացներ տեսնելու առումով՝ Վ. Գրիգորյանը նշեց. «Տվյալ դեպքում գլխավոր դատախազությունը, կարծես, անգործության է մատնված, ինչն էլ մի քանի օր առաջ բողոքարկվում էր դատական կարգով: Իսկ տեղի ունեցածը, բացահայտված ամեն ինչ, այդ թվում՝ նաև պետական պաշտոնատար անձանց կողմից որոշակի արտահայտություններ, ուղղակիորեն թույլ են տալիս վստահ լինել, որ տեղի ունեցածը բացառապես պետական դավաճանություն է, որը նախապես կազմակերպվել ու ծրագրավորվել էր: Ես գտնում եմ, որ գլխավոր դատախազությունը, որպես քրեական հետապնդում իրականացնող և բարձրագույն վերահսկողական գործառույթներ ունեցող սահմանադրական մարմին, պետք է անհապաղ ձեռնամուխ լինի երկրի վարչապետի աթոռն օկուպացրած անձի ձերբակալմանը, իսկ կալանավորման միջնորդությունից հետո նա պետք է կալանավորվի՝ իր այն համակիրների ու աջակիցների հետ, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ որևէ ձևով օժանդակել կամ աջակցել են պետական դավաճանության կատարմանը»:

Վահե Գրիգորյանը շեշտեց՝ մասնագիտական հանրույթը՝ փաստաբանական համայնքը, բարձրաձայնել է բացառապես քրեական հետապնդում իրականացնելու համընդհանուր պահանջը. «Իսկ քրեական հետապնդում իրականացնելու ֆունկցիա ունի բացառապես պետությունը՝ իր նախաքննական մարմինների միջոցով: Վերջիններիս անգործությունն ուղղակիորեն պայմանավորված է այդ մարմինների նկատմամբ այս իշխանության ազդեցությամբ: Մենք բազմիցս ենք ականատես եղել, որ գործադիրը Նիկոլ Փաշինյան կոչեցյալի գլխավորությամբ փորձել է իշխանության տարբեր ճյուղեր իրեն խամաճիկ դարձնել: Այդ գործընթացը ներկայումս ևս շարունակվում է. մինչև հիմա նախաքննական մարմինների անգործությունը ես հիմնավորում եմ նրա կողմից ազդեցություն կիրառելու փաստով»:

Մեր զրուցակցի խոսքով, այս իրավիճակն իր վտանգներն ունի: «Առաջին հերթին վտանգը սպառնում է ՀՀ-ին. պետական դավաճանությունը ավարտվել է բացառապես Արցախի մասով, բայց այն շարունակվում է ՀՀ-ի նկատմամբ, ինչին մենք ականատես ենք լինում Սյունիքում անընդհատ զիջվող դիրքերի տեսքով»,-ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պարտադիր ու անհրաժեշտ պահանջը ներկայացվել է ոչ միայն իրավաբանների կողմից, այլև, կարելի է ասել, ՀՀ իրավական համակարգի հայրերի կողմից: «Ավելի քան քսան իրավաբան-գիտնականներ գլխավոր դատախազին իրենց պահանջն էին ուղղել, որտեղ նույնպես մասնագիտական անթերի աշխատանքով ներկայացրել էին բոլոր այն հիմքերը, որոնք առկա են ու բավարար են Ն. Փաշինյանին ձերբակալելու համար:

Ընդհանուր առմամբ, նախաքննական մարմինների այսպիսի անգործությունն ու ժամանակի ձգձգումը սպառնալիք է առաջացնում ՀՀ-ի նկատմամբ, որի սահմանների անխախտելիությունը խիստ կասկածի տակ է դրված, GPS-ով իրականացվում է պետական սահմանների անհասկանալի ճշգրտում: Տեսնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները՝ միանշանակ է, որ Հայաստանի օրերը կարող են հաշված լինել, եթե դատախազությունն ու քննչական մարմինները շարունակեն նման կեցվածք դրսևորել»,-նշեց սահմանադրագետը: Իսկ թե արդեն այս փուլում քրեական գործերի ինչպիսի՞ փաթեթ պետք է ունենայինք՝ հաշվի առնելով նաև պատերազմից հետո արված մի շարք հայտարարություններ, նա նկատեց. «Եթե մենք ապրեինք իդեալական պետությունում, որտեղ առաջին հերթին կսպասարկվեր ազգային շահը, ապա միանշանակ է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձն ու մի շարք այլ պաշտոնյաներ արդեն իսկ ոչ թե ձերբակալված, այլև կալանավորված կլինեին:

Հանցագործություններն այնքան ակնհայտ են, որ դրանք հասկանալու համար նույնիսկ պետք չէ իրավաբանական որակյալ կրթություն ունենալ: Իսկ մասնագիտական հիմնավորումները, որոնք տրվել էին 20 իրավաբան-գիտնականների կողմից, ամբողջովին բավարար էին ձերբակալում իրականացնելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում