կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 16:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլ Փաշինյանը ամեն խոսելուց ապացուցում է, որ հողատու է». Գոռ Սարգսյանը նույնպես ապօրինաբար բերման ենթարկվեց

Այն, որ Փաշինյանը ներկայացնում է, թե Շուշիում ոչ մի բան չի արվել, սուտ է և մանիպուլյացիա: Եկել էինք՝ միայն դա ասեինք, չէինք եկել հայհոյելու, «սյունյաց ողջույն» հանձնելու: Ընդամենը բարձրախոսով խոսելու համար բերման են ենթարկում: Մենք այս հարցն այսպես չենք թողնելու, այս հարցը բարձրացնելու ենք ամենուր, սա կոնկրետ բռնաճնշում է ՀՀ քաղաքացիների հանդեպ, որոնք ընդամենը ուզում էին իրենց խոսքը փոխանցել, ձայնը բարձրացնել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է։ Այս մասին կառավարության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանության անհամաչափ քայլերին ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Նիկոլ Փաշինյանն ամեն խոսելուց ապացուցում է, որ հողատու է։ Նրանք չեն սպասարկում ՀՀ-ի շահերը, և երկրում ոստիկանության համազգեստ հագնող մարդիկ սպասարկում են հողատու իշխանության շահերը՝ ճնշում գործադրելով քաղաքացիների հանդեպ, որոնք 10-20 երիտասարդով ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել: Մենք ուզում էինք այս կառավարությունում նստած մարդկանց ասել, որ 30 տարվա ընթացքում Շուշիում բազմաթիվ բաներ են կատարվել: Շուշիում կար բնակչություն, որն ապրում էր բնական կյանքով, կար հայություն, որ ապրում և աշխատում էր, կար բնականոն կյանք, ինչպես այլուր», - նշեց նա:

Ըստ Սարգսյանի՝ այս իշխանություններն ամեն բան անում են, որ այդ թեման կոծկվի:

Այդ խոսքերից հետո ոստիկանությունն առանց պատճառի, պարզապես հարցազրույց տալու համար ձերբակալեց դաշնակցական երիտասարդին:

Բացի Գոռ Սարգսյանից, բերման էր ենթարկվել նաև ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա էր իրականացնում կառավարության շենքի առջև:

Ուսանողական միությունն իր պաշտոնական էջում ավելի վաղ հայտարարել էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 15։00-ին հավաքվում ենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»։

Նախատեսված ակցիայի հարցով ՆԱՈՒՄ-ի վարչության հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։

«Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։ Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»,- նշված է ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի՝ այդ կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։