կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 22:27
Հասարակություն

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ. դատավոր Նախշքարյան

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ. դատավոր Նախշքարյան

Մինչեւ որտեղ ենք մենք պատրաստ հասնել. արդեն համաձայնել ենք, որ իրականում ՀՀ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքում է, որ հայցը ենթակա է վերադարձման, որ դեպքում՝ ոչ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ԲԴԽ-ում կարգապահական միջնորդության քննության ընթացքում իր եզրափակիչ ելույթում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

«Մենք արդեն արձանագրել ենք, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքերում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, որ դեպքում՝ ոչ։ Հիմա մենք փորձում ենք համաձայնել, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ իրեն հետաքրքրող հայցերով հայցի հիմքը որտեղից է սկսվում, որտեղ՝ վերջանում եւ որն է առարկան։ Ես համաձայն չեմ այդ ձեւաչափի հետ եւ համարում եմ, որ նախարարն այդ հարցերից եւ ոչ մեկը չի կարող որոշել։ Այդ հարցը չի կարող որոշել նաեւ Խորհուրդը՝ իմ պատկերացմամբ։ Այդ հարցը բացառիկ դատավորի լիազորությունների սահմանում է»,- նշեց Նախշքարյանը։

Ըստ դատավորի՝ ԲԴԽ-ում այս հարցերով քննարկումների ծավալումը հղի է շատ ավելի մեծ հետեւանքներով, որը Խորհուրդը չի կարող պատկերացնել՝ իրեն հարմար որոշումներ կայացնելու պահին, այդ որոշումներն օգտագործվում են տարիներ։

Նախշքարյանը շեշտեց, որ դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու պարտականություններից եւ լիազորություններից. «Թեեւ համոզված եմ՝ գործադիր իշխանության նպատակը հենց դա է՝ նման միջնորդություններ հարուցելով: Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին եւ դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից, թե ո՞վ այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ: Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։