Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 8-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին «ցնցեց» իր «մեծ զոհաբերության» պատրաստակամությամբ: Նա հայտարարեց, թե պատրաստ է ադրբեջանական բանտերում պահվող գերիների ազատման դիմաց գերության ուղարկել իր որդուն: Բնության կողմից օժտված լինելով միայն ամբոխվարության փեշակով այս անուղղելին երեւի հաշվարկ էր արել, թե դրանով խիստ հուզելու է դեռևս իրեն հավատացող, պարզ մարդկանց և պահպանելու է այդ մոլորյալ փոքրամասնության քվեն: Իրականում գերիների ճակատագրի հարցում անտարբերությունը, ինչ որ բան անելու անճարակությունը և թուրքի հետ որևէ խնդիր ի շահ հայ ժողովրդի լուծելու կամազուրկ հոգեվիճակը ընտրությունների շեմին իր համար խիստ խոցելի հանգամանքներ են և այս գավառական «շուստրիությամբ» նա սոսկ ցանկանում է ձև անել, թե խիստ մտահոգ է դժոխքում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով:
Հիմա Հայր Աբրահամի օրինակով իր որդուն մատաղ անելու պատրաստակամության մասին:
Հասկանալի է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները յուրատեսակ պատանդ են Ալիևի ձեռքում՝ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությանը նորանոր զիջումներ պարտադրելու համար, և ոչ միայն: Ալիևը քրեական հանցանքներ թխելով փորձում է նրանց ներկայացնել, որպես պատերազմական հանցագործների, նրանց մեծ մասի հայաստանցի լինելը մատուցվելու է, որպես վարձկանության փաստ, իսկ հակամարտությունը ոչ թե որպես Արցախի ինքնորոշման գործընթաց, այլ Հայաստանի կողմից ագրեսիա, Ադրբեջանի օրինական տարածքի զավթման փորձ և էլի ուրիշ բաներ: Ալիևը լավ հասկանում է, որ Հայաստանի հակազգային, դավաճանական իշխանությունը բնական օրինաչափության համաձայն չի կարող հավերժ լինել, նրան փոխարինելու է գալու ազգային իշխանությունը, որն էլ, առողջ տրամաբանության համաձայն, միջազգային ատյաններ է հասցնելու ադրբեջանա-թուրքական բազմաթիվ հանցագործությունների փաստերը՝ մասնավորապես և միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավումը ռազմական գործողությունների մեջ: Պատահականություն չէ, որ Ալիևը պատրաստվում է դատավարական շոու սարքել գերեվարված լիբանանցի մեր հայրենակցի հարցով: Այլ խոսքով Ալիևը, իր թշնամու պես ձեռնծալ նստելու փոխարեն այսօր քաղաքական հակահարձակում է պատրաստում՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սկզբունքի համաձայն:
Իսկ այժմ այն մասին, թե ինչո՞ւ Ալիևը «չուտելով Նիկոլի շաղ տված կուտը» հայ գերիներին չպետք է վերադարձնի ու փոխարենը Աշոտիկին տանի Բաքու: Այդ դեպքում նա ինչպե՞ս աշխարհին բացատրի, թե հայ ռազմագիերիների փոխարեն ինչու է գերության մեջ պահում անմեղ մարդու՝ այն էլ հարևան երկրի բարձրագույն աթոռը գրավող պաշտոնյայի զավակին: Ենթադրում եմ, որ Նիկոլի հերթական այս պարզունակ ճարպկությունը գուցե մի փոքր զվարճացնի նրան, բայց հաստատ նորից հրճվանքի առիթ կընձեռի, որ Ալլահն այս տեսակ «թշնամու» պարգևեց իրեն:
Մյուս կողմից, իհարկե Նիկոլը հասկանում է, որ նման փոխանակություն, նույնիսկ մեկը-մեկի դեմ պայմանով, չի կարող լինել: Իր տխուր մանկության տարիներին գուցե նա մասնակցել է փոխանակումների, երբ, օրինակ, կարելի էր պարսատիկը փոխանակել հոլի հետ, բայց սա իհարկե այդ դեպքը չէ: Ակնհայտ է, որ ժողովրդի նկատմամբ սիրո ու զոհաբերության այս հերթական բեմադրության վարագույրի ետևում նույն ստոր կեղծիքն է ու դեմագոգիան՝ ամբոխային սրված հույզերը կրկին անգամ շահագործելու անբարո նպատակը:
Ասեմ, սակայն, որ այս մասին գրելուս գլխավոր նպատակը վերն ասվածը չէր, այլ ուշադրություն հրավիրելը հանգամանքի վրա, որ քաղաքական էժան խաղերի մեջ հերթական անգամ այս արարածը ներքաշում է իր ընտանիքի անդամներին: Եթե Նիկոլը ունենար բարոյականություն, ապա հավանաբար օժտված կլիներ նաև յուրաքանչյուր հայի համար նվիրական այն գիտակցությամբ, որ ընտանիքը սրբություն է և երբեք չի կարելի հարազատներին, կամ անգամ նրանց անունը դարձնել կեղտոտ խաղերի խաղաքարտ: Նա կիմանար, որ հայ մարդը, եթե նույնիսկ դրսում սրիկա է, շեմից ներս մտնելով դառնում է ուրիշ, նա ձգտում է բարոյական դաստիրակություն տալ իր երեխաներին, կրթված տեսնել, ազնիվ, մաքուր ապագա ստեղծել նրանց համար: Նիկոլ արարածի ընտանիքը անցնող երեք տարիներին անընդհատ նրա պղտոր գործերի մեջ է, մշտապես սոցցանցերով հակահարված է տալիս հայրիկին քննադատողներին, դատ է հարուցում նրանց դեմ, այդ տան տիրուհին մոտ չորսհարյուր կիլոմետր հեռու է գործուղվում ամուսնու կողմից, որ մեկ ամիս նստի զինվորականների մեջ ինչ որ կարևոր հանձնարարություններ կատարելու համար: Դե, իսկ Աշոտիկը, այս աբսուրդի հեքիաթի արքայազնն է, որ ժամանակ առ ժամանակ անակնկալ հայտնվում է իրադարձությունների էջերին ու նորից անհետանում է: Եթե Նիկոլի կողքին ընտանիք, սրբություն հասկացող մարդ կա, խորհուրդ կտամ, որ հայի բարոյականության այս պարզ կանոնները բացատրեն՝ հանուն նպատակի միջոցների մեջ խտրություն չդնող այդ հազվագյուտ ծնունդին: Ինչ վերաբերում է մանր խորամանկություններին, ապա այս հարցում խորհրդի կարիք չկա, մի քիչ էլ կդիմանանք, խեղկատակության վերջին արարը մոտենում է ավարտին:
Արտաշես Շահբազյան