կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 16:38
Քաղաքական

Զսպել քաղաքացիական բախումներ հրահրողին․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Զսպել քաղաքացիական բախումներ հրահրողին․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գրում է․

«ԶՍՊԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՐԱՀՐՈՂԻՆ

ՀՀ վարչապետի աթոռին բազմած, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանն օրավուր բացահայտում է մոլագար բռնակալի իր կերպարը՝ դառնալով ռեալ վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, մարդկության համար։ Հիշենք, թե ինչպես հեռավոր 1933-ին ժողովրդավարության անվան տակ աշխարհը Գերմանիայում աչքաթող արեց Ադոլֆ Հիտլերին՝ առժամանակ անց ստանալով մարդկության մեծագույն հանցագործներից մեկին։

Մասշտաբները հարկավ համեմատելի չեն, սակայն Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը վերածում է ատելության քարոզի, բռնության կոչերի, ներքին բախումների, ընդհուպ քաղաքացիական պատերազմի։ Մասնավորապես առանձնացնենք ս/թ հունիսի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նրա նախընտրական ելույթի առանցքային արտահայտությունները՝

-«…տվեք կադրային ջարդն անելու այդ մանդատը, մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական կառավարման համակարգից»,

-«ես հիմա ասում եմ շատ և ուղիղ, հստակ․ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ․․․ ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,

-«սեփականատերերով էլ կզբաղվենք, իրանց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների․․․»,

-«զգուշացնում եմ՝ հանկարծ չփորձեք թպրտալ»,

-«2018-ին ձեզնից ստացել ենք «թավշյա» մանդատ, էսօր մենք ձեզ ասում ենք՝ գնացեք ընտրական տեղամասեր և մեր «թավշյա» մանդատը փոխարինեք պողպատյա մանդատով և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կադրային ջարդ ու փշուր»,

-«վզներից բռնած, հատ-հատ, անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից»,

-«և ուրեմն պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»։

Տևական ժամանակ շարունակաբար կրկնվող նման արտահայտությունները ժամեր անց բովանդակային նոր բնույթ են ստացել արդեն մեկ այլ բնակավայրում, որտեղ հանրային լրատվության միջոցների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ սեռական բնույթի հայհոյանքների, ինչն անադեկվատ պահվածքի, հոգեկան լուրջ խնդիրների վկայություն է։

Ի գոհացումն սեփական փառասիրության ու իշխանատենչ ամբիցիաների, Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն հայ հասարակությանը ներքաշում է արյունահեղ իրադարձությունների հորձանուտ՝ վերջնականապես սպառնալով երկրի անվտանգությանը, դինամիտի էֆեկտի վերածվելով տարածաշրջանի համար։

Փաստելով վերն ասվածը՝ դիմում ենք՝

1․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ շարունակական անգործությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ուստի երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվության հրամայականով Դուք պարտավոր եք քրեաիրավական գնահատական տալ չափերն անցած, իրականության ու բանականության հետ լրջագույն խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Հակառակ դեպքում Ձեր այսօրվա անգործությունն է արժանանալու նման գնահատականի,

2․ ՀՀ ԿԸՀ-ին՝ ձեր գործառույթներից բխող միջոցներ ձեռնարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի նկատմամբ, նրա հակաօրինական գործողությունները կանխելու, նախընտրական գործընթացները բնականոն հունով տանելու համար,

3․ Հայաստանում հավատարմագրված ողջ դիվանագիտական կորպուսին՝ վճռականորեն արձագանքել և դատապարտել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, քանի որ այն հղի է Հայաստանի ներքաղաքական կյանքի համար ծանր հետևանքներով։

Միաժամանակ դիմում ենք մեր հայրենակիցներին՝ կուլ չգնալ սադրանքներին, չենթարկվել մանիպուլյացիաների, հիշել, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տառապում է երկրորդ Մարտի 1 հրահրելու մոլուցքով»։