Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերի ամփոփմամբ և ՀՀ փաստաբանների պալատում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցության տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ:
Խնդիրն այն է, որ թեև առկա կարգավորումներով ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցություն է նախատեսվում գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնու և ծնողի համար, սակայն այդպիսին չի տրամադրվում զինծառայողի զավակների, նրա խնամքի տակ գտնված հաշմանդամ քրոջ և եղբոր համար, ինչպես նաև 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քրոջը և եղբոր համար:
Միջոցառման կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է, որ պետության նպատակադրումը ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին (հատուցում ստանալու շահառուներին) մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (Օրենք) սահմանված կարգով հատուցում տրամադրելն (մինչև դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու որոշում կայացնելը) սոցիալական աջակցություն ցուցաբերելն է: Մինչդեռ, նշված խմբի անձինք թեև հավասարապես իրավունք ունեն ստանալ հատուցում, Օրենքի կարգավորման ուժով հանդիսանում են շահառու, սակայն նրանց չի ցուցաբերվում որևէ աջակցություն:
Նշված տարբերակումն անհամաչափ է, չունի որևէ ողջամիտ հիմնավորում և չի բխում աջակցության միջոցառման ընդհանուր տրամաբանությունից և նպատակադրումից:
Ընդ որում, առկա կարգավորումն արդեն խնդրահարույց իրավիճակներ է ստեղծել գործնականում: Այսպես, իրավական օգնություն ցուցաբերելու շրջանակներում հանդիպել են դեպքեր, երբ անհայտ կորած զինծառայողն ամուսնալուծված է, իսկ ծնողները՝ մահացած, ինչի հետևանքով նրա ընտանիքին, մասնավորապես՝ ամուսնու խնամքի տակ գտնվող անչափահաս զավակներին, որևէ աջակցություն չի ցուցաբերվում, քանի որ ընտանիքից որևէ մեկը միջոցառման շահառուի փաստացի չի հանդիսանում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ գտնում ենք, որ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգում» անհրաժեշտ է կատարել լրացում և միջոցառման շահառուների խմբում ընդգրկել նաև անհայտ կորած զինծառայողի զավակներին, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող քույրերին և եղբայրներին:
Կից հիմնավորումները՝ տեղեկանքի տեսքով»:
ՏԵՂԵԿԱՆՔ
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգում լրացում կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցություն է նախատեսվում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համար:
Նշված միջոցառման պահանջների իրագործման նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը:
Կարգի 2-րդ կետի կարգավորման համաձայն՝ ամենամսյա դրամական վճարը տրամադրվում է գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնուն և ծնողին (դրամական աջակցության շահառու):
Իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել առկա կարգավորման համաչափության հետ կապված խնդիրներ, որոնք նաև գործնականում հանգեցնում են խնդրահարույց իրավիճակների:
Մասնավորապես, հարցը կապված է աջակցության միջոցառման շահառուների խմբերը միջոցառման նպատակներին և խնդիրներին համահունչ չլինելուն:
Միջոցառման կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է, որ պետության նպատակադրումը ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով հատուցումը տրամադրելը սոցիալական աջակցություն ցուցաբերելն է: Նշվածը պայմանավորված է զինծառայողի անհետ կորելու և նրա ընտանիքի անդամներին հատուցում տրամադրելու միջև ժամանակային մեծ խզմամբ, ինչն էլ իր հերթին բխում է օրենսդրական կարգավորումներից, որոնք անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին հատուցում տրամադրելը պայմանավորում են դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու որոշում կայացնելու հետ, որը որոշակի վարույթային գործողությունների իրականացման անհրաժեշտության հետևանքով ժամանակատարր գործընթաց է իրենից ներկայացնում: Այսինքն, խնդրո առարկա միջոցառման միջոցով պետությունը, ըստ էության, նպատակ ունի սոցիալական աջակցություն տրամադրել զինծառայողի անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով հատուցում ստանալու իրավունքն ունեցող նրա ընտանիքի անդամներին՝ հատուցում ստանալու շահառուներին:
Պետության վերը նկարագրված նպատակադրման մասին է, ի թիվս այլնի, վկայում աջակցությունը, Օրենքով սահմանված հատուցում տրամադրելու դեպքերի նման, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով տրամադրելը, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողի՝ հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվելու կարգավորումները:
Այս համատեքստում, սակայն, հարկ է նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում, ոչ միայն զինծառայողի ամուսինը (1-ին կետ) և ծնողը (3-րդ կետ), այլև զավակը (2-րդ կետ) և հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը (4-րդ կետ): Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Ստացվում է, որ անհայտ կորած զինծառայողի զավակներին, ինչպես նաև քույրերին և եղբայրներին, որոնք համապատասխանում են Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջներին, ի տարբերություն՝ զինծառայողի ամուսնու և ծնողների, չի ցուցաբերվում որևէ աջակցություն, այն դեպքում, երբ նրանք հավասարապես իրավունք ունեն ստանալ հատուցում, Օրենքի կարգավորման ուժով հանդիսանում են շահառու:
Նշված տարբերակումն անհամաչափ է, չունի որևէ ողջամիտ հիմնավորում և չի բխում աջակցության միջոցառման ընդհանուր տրամաբանությունից և նպատակադրումից:
Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, առկա կարգավորումն արդեն խնդրահարույց իրավիճակներ է ստեղծել գործնականում: Այսպես, իրավական օգնություն ցուցաբերելու շրջանակներում հանդիպել են դեպքեր, երբ անհայտ կորած զինծառայողն ամուսնալուծված է, իսկ ծնողները՝ մահացած, ինչի հետևանքով նրա ընտանիքին, մասնավորապես՝ ամուսնու խնամքի տակ գտնվող անչափահաս զավակներին, որևէ աջակցություն չի ցուցաբերվում, քանի որ ընտանիքից որևէ մեկը միջոցառման շահառուի փաստացի չի հանդիսանում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27- ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգում անհրաժեշտ է կատարել լրացում և միջոցառման շահառուների խմբում ընդգրկել նաև անհայտ կորած զինծառայողի զավակներին, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող քույրերին և եղբայրներին: