Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԼԻՔ», Ա. Է. - «Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը»,- այս մասին «Ալիք»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, ով նաեւ խօսեց մի շարք այլ հարցերի մասին:
– Պրն. Բաղումեան, Համահայկական մասշտաբով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները պսակւեցին հայութեան յաղթանակներով՝ կապւած ԱՄՆ երկպալատ Կոնգրեսի հայանպաստ երկու բանաձեւերի հաստատմամբ: Խնդրում եմ Ձեր գնահատականը:
– Անկասկած դա շատ մեծ յաղթանակ էր, որը ձեռք բերւեց Ամերիկայի մեր Հայ Դատի յանձնախմբերի եւ ամերիկահայութեան երկար տարիների տքնաջան աշխատանքի շնորհիւ:
Իհարկէ, այս յաջողութեան մէջ վճռական դեր ունեցաւ նաեւ ԱՄՆ-Թուրքիա ոչ-բարեկամական ներկայ իրավիճակը:
Այս յաղթանակը երկու ուղղութեամբ գործունէութեան նոր ծրագրեր է պահանջում մեզանից՝
ա- Առաւել քան անցեալում կենտրոնանալ պահանջատիրութեան ու հատուցման հարցի վրայ՝ նկատի ունենալով բոլոր գործական մանրամասնութիւններն ու առնւելիք առաջնահերթ քայլերը: Եւ հեռու մնալ անիրատեսական ու հեռահար բանաձեւումներից:
բ- Հաշւի առնելով Թուրքիայի ազգայնամոլ շրջանակների ու ներկայ իշխանութիւնների ջղագրգիռ եւ վայրագ հակազդեցութիւնները՝ նախապատրաստւել բոլոր բնագաւառներում, յատկապէս քարոզչական հարթակի վրայ չէզոքացնելու նրանց ծրագրերը:
Ի վերջոյ, ես էլ այն կարծիքին եմ, որ մեր աշխատանքների խոշորագոյն մասը այժմ պիտի կենտրոնանայ թուրք հասարակութեան վրայ՝ մտաւորական, քաղաքական եւ գիտակից տարրերին համոզել, որ պատմական ճշմարտութիւնը ընդունեն այնպէս որ է: Պիտի համոզել, որ սա բխում է երկու ժողովուրդների շահերից եւ նպաստելու է տարածաշրջանի խաղաղութեանն ու զարգացմանը:
– Նոյեմբերին Իրանն եւս տագնապային պայմաններ դիմագրաւեց, որն էլ խնդրոյ առարկայ դարձրեց երկրի ազգային-պետական շահերը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են շարունակւելու վտանգւած մնալ սոյն շահերը՝ արտաքին եւ մասնաւորապէս ԱՄՆ-ի սաստկացող սանկցիաների առկայութեամբ:
– Մատնանշւած տագնապը, արդիւնք է առարկայական իրադրութեան, կարող է շարունակւել այնքան ժամանակ, որքան այդ իրադրութիւնը շարունակում է մնալ անփոփոխ: Իսկ բոլոր երեւոյթները առայժմ թոյլ են տալիս ենթադրել, որ դա անփոփոխ է: Իրավիճակը բոլոր առումներով վտանգաւոր է, եւ պիտի յոյս ունենալ, որ Իրանի իշխանութիւնները կը ցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական հմտութիւնն ու իմաստութիւնը եւ կը չէզոքացնեն այս ահաւոր վտանգը: Իսկ դրան հասնելու համար կարիք կը լինի նոր մօտեցումների կիրառման՝ յատկապէս արտաքին քաղաքականութեան ասպարէզում, իհարկէ, նաեւ ներքին սոցիալ-տնտեսական ոլորտներում:
– Պրն. Բաղումեան. հայաստանեան ներքաղաքական կեանքում դարձեալ ականատեսն ենք հակադաշնակցական խմորումների: Նորից արծարծւում ու գործի են դրւում հին-նոր, ներսի թէ՛ դրսի Դաշնակցութիւն այսպէս ասած մարտավարական հնարքները: Ո՞րն է, Ձեր կարծիքով, ՀՀ իշխանութիւնների հակադաշնակցական նոր կուրսի հեռահար նպատակը:
– Ես իշխանութիւններին միատարր չեմ տեսնում: Այն մի ամբողջ խառնարան է՝ գրեթէ պատահականօրէն համախմբւած պետական համակարգում: Կան ազգային գիտակցութեամբ պետականամէտ լուրջ շրջանակներ, կան պատեհապաշտներ կամ անփորձ ոչ-պիտանի մարդիկ, կան կոսմոպոլիտներ, որոնց համար հայրենիք չկայ, այլ կայ մի հանրապետութիւն, որը դիպւածով գտնւում է Հայաստանի տարածքում, եւ վերջապէս, ու դժբախտաբար, կան գիտակցաբար կամ ոչ՝ օտարին ծառայող տարրեր:
Անցնող մէկուկէս տարւայ ընթացքում իշխանութիւնների վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ փոփոխական է եղել՝ դրականից մինչեւ խիստ բացասական, նայած, թէ վերոնշեալ տարրերից որն է իշխանութեան մէջ գերիշխող ձայն ունեցել:
Ըստ երեւոյթին, այս օրերին օտարամոլներն ու լրտեսները, աւելի ձայնաւոր են գտնւել՝ որոնց միացել է կողքի ապազգային տարրը: Ինչ վերաբերում է վարչապետին, նա դժբախտաբար, բացի մէկ-երկու կարեւոր եւ անկարեւոր հարցերի պարագային, հանդէս չի գալիս խորքային վճռականութեամբ: Տատանւում է, տրւում է կրքերի՝ ազդւելով սրանից կամ նրանից: Սա պետական առաջին դէմքի համար ոչ-ցանկալի եւ անհեռանկար վարքագիծ է, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ բոլորի՝ երկրի, իր իշխանութեան, այդ թւում ՀՅԴ-ի համար:
Այս ատելութեան ու թշնամանքի մթնոլորտը ուրախացնում է միայն մեր արտաքին թշնամիներին եւ տկարացնում բոլորիս միասին:
alikonline.ir