Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալիք», Ա. Է. - Սիրիայում յուլիսի 19-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ։ Ազատագրւած տարածքներում գործում էր աւելի քան 7000 ընտրատեղամաս: Հակամարտութեան սկսւելուց յետոյ սա առաջին ընտրութիւնը չէր, բայց առաջինն էր, որ տեղի ունեցաւ գրեթէ ամբողջ Սիրիայում:
Ժողովրդական խորհուրդը (խորհրդարան) ունէր 250 տեղ: Ընտրութեան համար պայքարում էին 1656 թեկնածու, այդ թւում` 200 կին: Եւ Սիրիայում այս ընտրութիւնների հետ կապւած, հայ համայնքի մասնակցութեան եւ յատկապէս հայ պատգամաւորների ընտրութեան եւ խորհրդարանում ներկայութեան խնդրով դիմեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին:
Վ. Բ. - Մենք վերջին շրջանում Սիրիայի խորհրդարանում ունեցել ենք երկու պատգամաւոր, որոնք ընտրւել են մէկը՝ Դամասկոսից, միւսը՝ Հալէպից: Այս անգամ, քանի որ մեծ թւով թեկնածուներ էին գրանցւել եւ ոչ միայն հայ, այլ ընդհանուր առմամբ թեկնածուներ, հետեւաբար խնդիրը մի քիչ աւելի բարդ էր եւ անհրաժեշտ էր, որպէսզի համապատասխան գործունէութիւն ծաւալւի՝ քարոզչական եւ այլ միջոցներով, որպէսզի սիրիահայ համայնքը չկորցնի խորհրդարանում այդ երկու տեղերը:
Նշեմ նաեւ՝ քանի որ նախավերջին ընտրութիւնները տեղի էին ունեցել 2016-ին, ուստի նոր խորհրդարանի ընտրութիւնները պէտք է տեղի ունենային ապրիլին, բայց կորոնվիրուսի համաճարակի պատճառով յետաձգւեց եւ վերջապէս յուլիսի 19-ին կայացան Սիրիայի խորհրդարանական ընտրութիւնները:
Պէտք է ասել, որ Սիրիայում հայերի մասնակցութիւնը ընտրութիւններին դա առանձին քւոտաների վրայ չի հիմնւում, այսինքն՝ Իրանի նման չէ. իրենք չունեն երկու տեղ, որոնց ընտրում են հայերը: Այնտեղ թեկնածուները ընդհանուր քւէներով են ընտրւում եւ ընտրատարածքների բաժանումների հիման վրայ թեկնածու են լինում: Մի խօսքով՝ հայերի լիարժէք թւաքանակ այնտեղ գոյութիւն չունի որպէս այդպիսին եւ նրանք պէտք է ընտրւեն նաեւ արաբների եւ միւսների տւած քւէների հաշւին, քանի որ զուտ հայկական քւէն չի բերում ցանկացած արդիւնքի: Ընդհանուր թեկնածուներ են եւ հետեւաբար այդ առումով մի քիչ բարդութիւններ կարող են լինել:
Բարեբախտաբար, ընտրութիւնների արդիւնքը կարող եմ ասել՝ գոհացուցիչ էր. երեք հայ թեկնածուներն էլ ընտրւեցին եւ նշեմ, որ խորհրդարանի պատգամաւորների թիւը խորհրդարանում 250-ն է, որտեղ մենք առաջին անգամ պատմութեան մէջ երեք թեկնածուներ ունեցանք եւ երեքն էլ յաղթեցին եւ ստացան խորհրդարանական մանդատ:
Հայ պատգամաւորներից երկուսը արդէն նախկին խորհրդարանում կային՝ Ժիրայր Ռէիսեանը եւ դոկտ. Նորա Արիսեանը: Երրորդը, ով այս ընտրութիւններում յաջողեց անցնել խորհրդարան առաջին անգամ՝ իրաւաբան Լիւսի Իսկէնեանն է: Երեքն էլ սիրիահայութեան ազգային գաղափարախօսութեան հետեւորդ գործիչներ:
Ժիրայր Ռէիսեանը ընտրւել է Հալէպից, իսկ Լիւսի Իսկէնեանը եւ Նորա Արիսեանը Դամասկոսի շրջանից են ընտրւել:
Որքանով է կարեւոր այսօր ընտրութիւնների նման պատկերը մեզ համար հարցին, պարոն Բաղումեանը պատասխանեց,- «Չափազանց կարեւոր է այս ընտրութիւնների նման պատկերը մեզ համար, քանի որ, գիտէք, այսօր քաղաքական իրավիճակը՝ Թուրքիայի հետ, Սիրիայի ներքին կեանքի հետ կապւած եւ բազմաթիւ այլ պատճառներով, մեզ հնարաւորութիւն է ընձեռում, որ բարեկամ երկիր Սիրիայում քաղաքական եւ հասարակական գործունէութիւն ծաւալել, երկրի անկախութիւնը, ամբողջականութիւնը պաշտպանելու ամրապնդմամբ: Ինչպէս նաեւ միջազգային հարթակներում, որտեղ մենք՝ հայերս հակառակ հակասիրիական չարախօս շրջանակների գործունէութեան եւ տարածած մտքերի, ինչպէս միշտ այժմ եւս կը կանգնենք սիրիական պետութեան եւ ժողովրդի կողքին, ընդդէմ բոլոր այդ հիւանդագին քաղաքականութեան, որը բերեց երկրի քայքայմանը, բերեց ահաբեկչական շրջանակաների կառոյցների տեղակայմանը, որոնք հովանաւորւում էին Թուրքիայի կողմից: Սրանց դէմ պայքարում, մենք էլ մեր բաժին դերակատարութիւնը պէտք է ունենանք, որպէսզի կարողանանք հասցնել նպատակայարմար տեղ»:
Նաեւ պէտք է շեշտել, որ ՀՀ-ի համար Սիրիան որպէս բարեկամ երկիր, անչափ կարեւոր է, որ այս յաջողութիւնը մենք կարողանանաք կեանքի մէջ վերածենք նաեւ քաղաքական յաջողութեան:
Աղբյուրը՝ Alikonline.ir