Տեղեկությունները, թե ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում։ Նման հրաման գոյություն չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ Նաղդալյանը շարունակում է պարտականությունները կատարել կենտրոնական ապարատում և դիվանագետ է, որը ենթարկվում է ռոտացիոն կանոնի։ ԱԳՆ-ից հայտնեցին նաև, ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի։
«Աննա Նաղդալյանը ԱԳ նախարարության դիվանագետներից է, շարունակում է մնալ ՀՀ դիվանագետ՝ ԱԳՆ համակարգում։ Ինքը աշխատելու է դիվանագիտական կորպուսում, բայց թե ինչ պաշտոնի, երբ, ոնց՝ կտեղեկանանք գրավոր հարցումով»։
ԱԳՆ-ից չեն բացառում նաև, որ Նաղդալյանը շուտով կմեկնի գործուղման, նշանակվել է պաշտոնի և պետք է գնա, սակայն մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Թե Նաղդալյանը ե՞րբ է լքելու ՀՀ-ն և ի՞նչ պաշտոն է ստացել՝ հստակ չէ։
Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ արտգործնախարարի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Նույն օրը ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Աննա Նաղդալյանը մայիսի 31-ին տեղեկացրել էր որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից ազատվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։