կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 14:13
Քաղաքական

«Մենք անպայման ուղղելու ենք մեր մեջքը»․ ՀՅԴ ներկայացուցիչներն ու համակիրները հարգանքի տուրք են մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի եւ շիրիմի մոտ

«Մենք անպայման ուղղելու ենք մեր մեջքը»․ ՀՅԴ ներկայացուցիչներն ու համակիրները հարգանքի տուրք են մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի եւ շիրիմի մոտ

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամները ծաղիկներ են խոնարհել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, այնուհետեւ՝ Երեւանի Կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցել Արամ Մանուկյանի շիրիմի մոտ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ այլ կոմիտեությունների անդամներ և համակիրներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը Yerkir.am-ին ասաց, որ, պայքարելով թշնամու դեմ, Ցեղասպանությունից շատ չանցած՝ Հայաստանը կարողացավ ուժ հավաքել եւ կյանքի կոչել հարյուրամյակների երազանքը՝ ունենալ անկախ պետություն։

 «Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի ուժերը համախմբելով, պայքարելով ներքին եւ արտաքին թշնամու դեմ, ունենալով կամք, սեւեռուն պետականություն կերտելու ուխտ՝ մեր երեւելիներին՝ Մանուկյան, Սիլիկյան, Փիրումյան, Վրացյան, Օհանջանյան, հաջողվեց կերտել անկախությունը։ Առաջին հանրապետությունը մեր լինելիության խորհրդանիշն է, մեր Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը նաեւ դաշնակցականներ էին։ Այն կուսակցությունն էր ակունքներում, որի շառավիղն եմ նաեւ ես, եւ այդ հպարտությունն անջնջելի է»,- նշեց նա:

 Լիլիթ Գալստյանի խոսքով՝ 90-ականներին էլ, ինչպես 1918 թվականին, մեր երկիրը պետականություն ու անկախություն ձեռք բերեց դժվարությունների, արյան, պայքարի միջոցով։ Իսկ այսօր, Հայաստանի իշխանության ձեռքով, կանգնել ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ։

 «Այսօր՝ 30 տարի անց, ցավալիորեն, մենք բախվում են աներեւակայելի մղձավանջի, երբ որ պետականության կորստի շոշափելի իրականության մեջ ենք ապրում։ Այսօր աներեւակայելի ցավ եւ վիրավորանք էի ապրում, երբ վարչապետի պաշտոնակատարը Սարդարապատում պսակ էր դնում անկախություն կերտողների հուշակոթողին եւ ամեն վայրկյան պղծում անկախությունը։ Այսօր 16-րդ օրն է՝ թուրքը շնչում է Հայաստանի սահմաններից ներս»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

 Նրա խոսքով՝ թեեւ անկախությունը մեզ տրվել է պայքարի, արյան ու տառապանքի գնով, բայց չենք դադարելու այն ամուր ու լիարժեք դարձնել՝ պայքարելով նաեւ ներքին ու արտաքին թշնամու դեմ։

«Մեր անկախության ճանապարհը միշտ զոհողությունների միջով է անցել, Նժդեհյան սրի, եւ ես հավատում եմ իմ ժողովրդի արիությանը, կամքին, հավատում եմ Դաշնակցության նվիրական կամքին եւ համոզումին։ Մենք, ինչպես եղել ենք անկախության ակունքներում, շարունակելու ենք լինել պետականության կերտման ատաղձագործը, պահակն ու ծառան։ Ոչ մի վայրկյան չենք երկնչելու, մեր պայքարը քաղաքական դաշտում է այսօր՝ հանուն Հայաստանի, հանուն պետականության։ Մենք միասին կարող ենք, պետք է եւ պարտավոր ենք կերտել ուժեղ Հայաստան։ Այս մղձավանջը վերջ ունի, եւ քիչ ժամանակ է մնացել։ Մենք կուղղենք մեր մեջքը, մենք հաշտ չենք Արցախի ժամանակավոր կորստի հետ, վստահ ենք, որ համառ աշխատանքով, նվիրումով  կկարողանանք հետ բերել մեր կորուստները, ամենակարեւորը՝ Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեր ժողովրդի հպարտությունը»,- նշեց Լիլիթ Գալստյանը։