Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը սոցցանցի իր էջում (տե՛ս հղումը.) կատարած անդրադարձում արել էր ձևակերպումներ, հայտարարություններ ու շարադրել մտքեր, որոնցում ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը համարում է ագրեսոր. «…30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել»:
Միաժամանակ, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը նսեմացնելով և այն համարելով նեղ ազգայնական (իր որակմամբ՝ նացիստական), քրեաօլիգարխիկ շրջանակների՝ սեփական նեղ շահերին ծառայեցվող և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիա՝ Գայանե Այվազյանն իր մեկ այլ հայտարարությամբ բացահայտ ոտնձգություն էր իրականացրել ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության դեմ:
Գայանե Այվազյանը նաև հանցավոր և քրեորեն պատժելի կոչ էր ուղղել բոլոր նրանց, ովքեր արդարացիորեն դատապարտում են ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումը կամ պայքարում դրա դեմ: Ահա նման միտք. «…Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից»:
Հաշվի առնելով, որ, Գայանե Այվազյանի վերոհիշյալ և այլ մտքերը բացահայտ համընկնում են թշնամի երկրի տեսակետներին, սպասարկում Ադրբեջանի շահերը (ամենևին պատահական չէ, որ գրառման հավանողների մեջ ստվար թիվ են կազմում ազգությամբ ադրբեջանցիները), միևնույն ժամանակ համարելով, որ Գայանե Այվազյանի հակազգային և հակապետական գործողությունները պետք է դատապարտվեն ոչ միայն բարոյական հողի վրա, այլև արժանանան քրեաիրավական գնահատականի՝ Yerkir.am-ը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ հարցնելով՝ արդյոք քրեաիրավական գնահատականներ տրվելո՞ւ են Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի նշյալ և այլ մտքերի տարածման առնչությամբ, և ինչպիսի՞ պատժիչ քայլեր են ձեռնարկվելու հիշյալ անձի հանդեպ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ուղղված ոտնձգությունների համար:
ԱԱԾ-ի անորոշ և «արարողակարգային» պատասխանն ավելի շատ հարցեր և մտահոգություններ է առաջացնում, քան Գայանե Այվազյանի հակապետական և դավաճանական հանրային վարքագիծը:
«ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված յուրաքանչյուր սպառնալիքի (նաև հրապարակային խոսքի միջոցով) դեպքում ԱԱ մարմինների կողմից, իրենց լիազորությունների սահմաններում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ օպերատիվ – հետախուզական, և դրանց արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վերջիններիս մասին ըստ անհրաժեշտության տեղեկացնելով հանրությանը», - ասվում է ԱԱԾ պատասխան գրության մեջ:
Փաստելով, որ Գայանե Այվազյանի հանրային հայտարարությունների հանդեպ որոշակի հետաքրքրություն կամ հակաքայլեր ձեռնարկելու դեպքում անհնար է, որ նրա կողմից հանրային աղմուկ չբարձրացվեր, կարծում ենք, ԱԱԾ-ն որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այդ պնդումն առավել քան համոզիչ կդառնա, եթե հիշեցնենք, որ Գայանե Այվազյանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Գրեթե կասկած չունենք նաև, որ ադրբեջանամետ ու հայրենադավ բնույթի նման հայտարարություններ առաջիկայում ևս կլսենք Մատենադարանի հարկի ներքո գումար վաստակող այդ սուբյեկտից:
Ստացվում է՝ ՀՀ-ում կարող ես հանրայնորեն պաշտպանել թշնամի երկրի դիրքորոշումները, տարածել Ադրբեջանի քարոզչական թեզերը, անխնա ծառայել Ադրբեջանի շահերին և ոչ միայն գտնվել ազատության մեջ, այլև չդառնալ ԱԱԾ-ի գործողությունների թիրախ, կամ, առնվազն, ԱԱԾ-ն դրանց արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ չի հայտնաբերի:
Հիշեցնենք նաև, որ մեր նախորդ հրապարակումներից հետո Մատենադարանի տնօրենությունը, հիշյալ աշխատակցի հանդեպ ծառայողական քննություն նշանակելու և հեռացման գործընթաց սկսելու փոխարեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Գայանե Այվազյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն և վրդովմունք է առաջացրել նաև Մատենադարանի աշխատակիցների շրջանում։
«Հավելենք, որ ինչպես Գայանե Այվազյանի, այնպես էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն շրջանի պատմությանը, ուստի՝ հատկապես լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք Գայանե Այվազյանի քաղաքական բնույթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը», - նշված էր հայտարարության մեջ։
Վահե Սարգսյան