կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 10:31
Հասարակություն

Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացում, խստագույնս կպատժվի

Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացում, խստագույնս կպատժվի

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:

Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նախ կոչ է արել տնօրեններին՝ հետևողական լինել դրամահավաքությունը և կոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները:

Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից. «Եթե որևրէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով իրականացված և նախատեսվող բարեփոխումներին` կրթության և գիտության նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության և մարզպետարանի կողմից, Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշ առարկաներ կարող են հանվել, նախարարը նշել է, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել.«Հանրակրթական համակարգում հապշտապ փոփոխություններն արդարացված չեն, այդ պատճառով մենք այս տարի նման քայլի չենք գնացել: Ստեղծվելու են հանրային քննարկումների հարթակներ, որտեղ այդ կարգի բոլոր հարցերը կքննարկվեն, որից հետո կկայացվի վերջնականորոշում»,- նշել է նախարարը: