կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 11:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը՝ շրջանառվող փաստաթղթի մասին

Միջազգային մեր գործընկերների եւ Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են, այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է: Բայց, բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանը օգտագործում է որոշակի լծակներ, գործողություններ եւ Հայաստանում ունի անսպասելի կամ արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ:

Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից  աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում՝ այդ մարդկանց գործունեությունը նոր չի: Գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց: Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ ՀՀ-ի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ. «Համացանցում  հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սեւով փակած է: Եվ դա ներկայացվում է  որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը  բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձեւակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում՝, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն  է: Որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա՝ այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է նոր փաստաթղթի մասին, որով Փաշինյանը Տավուշից թշնամուն է փոխանցվելու 7 գյուղ, իրականացվելու է սահանների դեմարկացիա, որի մասին իր գրառմամբ տեղեկացրել էր նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ նշելով, որ Նիկոլը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջները՝ երեք պայմանով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: