կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-14 17:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան

Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում։

«Առաջին օրն ասել էի, որ նրանք զենքի ցուցադրումով սպառնում են հովիվներին, բացի այդ, բացահայտ է, որ նրանց ներկայությունը վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ Ավելին, իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը։ Գիտեք, որ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սև լճի ջրից։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Գորիսին, այլ նաև Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին...»,-ասաց նա։

Թաթոյանը շարունակում է առանցքային համարել Սյունիքին կից անվտանգության գոտու ստեղծումը։

«Ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը հենց այսպիսին է, և, իմ կարծիքով, այստեղ պետք են վճռական քայլեր՝ թույլ չտալու այս խախտումերը»,- ասաց նա։

ՀՀ ՄԻՊ-ը ահազանգում է, որ ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հանցավոր է, և դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները։

Նա ընդգծում է, որ, հերիք չէ՝ դեռ ոչ մի անգամ սահմանագծում և սահմանազատում չի եղել, մի բան էլ ադրբեջանցիները բացահայտ կեղծ քարտեզներ են բերել և ներկայացնում։ Արման Թաթոյանը ադրբեջանցիների՝ Հայաստանի սահմաններից ներս ներկայությունը ընդգծում է նաև այն առումով, որ դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները՝ օրինակ, մարդկանց զրկում է արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։

Արման Թաթոյանի խոսքով, ադրբեջանցիներն արդեն բացահայտ ձևով մտնում է Հայաստանի Հանրապետության տարածք, թեև, վիճելի տարածքներ հասնելով, արդեն  պետք է հեռանային։

«Դուք պատկերացրեք, մենք ունենք քաղաքացիական բնակավայր, օրինակ՝ Կապանից Ճակատեն տանող, կամ Որոտան-Շուռնուխ հատվածը, ուստի՝ ՀՀ տարածքի հաշվին չի կարող անվտանգության գոտի ստեղծվել։ Մենք նոր տեղահանվածներ պետք է ունենա՞նք։ Բացառվում է։ Մենք ամեն բանի հիմքում պետք է ունենանք մարդուն։ Սահմանագծում ու սահմանազատում չի եղել, հետևաբար, մենք պետք է հիմքում դնենք մարդուն, քաղաքացուն, սահմանային բնակչին, և նրա իրավունքների շուրջ կառուցենք ամբողջը»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքում։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացրել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ:

Մանրամասն՝ տեսանյութում․