կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 23:23
Հասարակություն

Թուրքից ազատելու եմ Անուշ տատիս քաղաքը. Շուշիի տակ զոհված Մ. Մանուչարյանի «կորսված հեքիաթը»

Թուրքից ազատելու եմ Անուշ տատիս քաղաքը. Շուշիի տակ զոհված Մ. Մանուչարյանի «կորսված հեքիաթը»
Լրագրող Փիրուզա Մուսայելյանը գրում է.
 
«Մեզ համար հպարտության ու միևնույն ժամանակ սգի օր է մայիսի 9-ը
 
1992 թ-ի այդ օրը զոհվեց քեռիս՝ Միքայել Արտեմի Մանուչարյանը, տատիս ու պապիս մինուճարը։ Նրա կորստի հետ մինչև իրենց կյանքի վերջ էլ չհամակերպվեցին տատս ու պապս...
 
Հիշում եմ, երբ տատիկս քեռուս մասին էր պատմում միշտ մի միտք էր կրկնում, կարծես թե իրեն սփոփելու համար.
 
-խոխաս թեկուզ 32 տարե ապրից, բայց 100 տարեկանի կյանք ա ըրալ։
 
Քեռիս անչափ սիրված է եղել ծնողների, քույրերի, հարազատների ու ընկերների կողմից։
 
Արվեստը շատ էր նրա մեջ, հիանալի երգում էր ու լուսանկարում։
 
Անչափ բարի էր, առատաձեռն, ընկերասեր, բարեկամասեր։
 
Տատս ու պապս ոչ մի հարցում նրան չէին մերժում։
 
Քեռիս ապրել է իր սրտի ուզածով ու գիտակցաբար էլ՝ առանց երկմտելու, նետվել հայրենիքի պաշտպանության մարտերին։
 
Իսկ Շուշին ազատագրելը քեռուս գերնպատակն էր, ասում էր.
 
- Պետք է թուրքից ազատեմ Անուշ տատիս քաղաքը...
 
Ազատագրեց ու Շուշիի մատույցներում էլ ընկավ
 
Իսկ այսօր մեր ցավը կրկնապատկվել է...
 
Չկա քեռիս ու չկա Շուշին
 
Շուշին մերն է ու մերն է լինելու
 
Մորաքույրս է գրել, կարդացեք
 
ԿՈՐՍՎԱԾ ՀԵՔԻԱԹԸ
 
Արցախ պիտի կոչվեր աշխարհի ամենից չնաշխարհիկ վայրը, դրախտավայր պիտի լիներ նա իր ժողովրդի համար, եդեմի վայելքի պարտեզին տիրանալու համար բարբարոսները պիտի բարբարոսաբար մարտնչեին, Արցախի քաջորդի կոչվելու համար Արցախցին ինքնանվիրումով, անհողդողդ կամքով իր որձաքարե ոգին պիտի որպես վկայություն ներդներ հանուն իր Արցախի: Ու նորեն Արցախի սահմանները իր քաջորդիների արյամբ պիտի գծվեր ու կրկին մոր արցունքով պիտի շաղախվեր հողն այդ սրբացած: Այս հողում առասպելներ են ծնվել, այս հողում բոլորը դյուցազուններ են, որովհետև յուրաքանչյուրի մեջ Նժդեհի ոգուց մի կայծ կա, մի վառվող բեկոր, Սասնա ծռերի խենթությունը կա, նրա դյուցազնական ուժն ու զորությունը, այս հողում բոլորը ֆիդայիններ են` պատրաստ նահատակվելու չքնաղագեղ մի բուռ հայրենիքի համար: Այս ժողովուրդը հինավուրց պատմություն ունի ի շնորհիվ իր զինվորի, ով վերջին հաշվով այդպես էլ կյանք չունեցավ: Զինվորներն անմահության ու հավերժության մատղաշ ճամփորդներ էին, բոլորն էլ մի չտեսնված ու կորսված հեքիաթ: Այսօրվա հեքիաթն էլ Միքայել Արտեմի Մանուչարյանն է, ով ծնվել է 1960թ.-ին Սարուշեն գյուղում: Մանկությունն ու պատանեկությունը անցել է Ակնաղբյուր գյուղում, որտեղ ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում: 1977թ.-ին ավարտել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը: 1978-1980թթ. ծառայել է Գերմանիայում: 1988թ.-ից անդամագրվել է արցախյան շարժմանը: Մասնակցել է Խոջալուի, Մալլիբեկլուի, Շուշիի ազատագրմանը: Թուրքական «Ջամբուլաթ» անունը կրող տանկի ռուս տանկիստը հանկարծակի ցնցվեց` լսելով. «Լուռ նստիր տանկը և վարիր դեպի հայերի դիրքերը»: Նրան էր ուղղված Միքայելի ինքնաձիգը: Արդեն հայկական դիրքերին մոտենալով` Միքայելը սպիտակ թաշկինակը ծածանեց` հասկացնելով չկրակել: Այս դեպքից հետո ընկերները նրան «Ջամբուլաթ» մականունով մկրտեցին: Քերոլայն Քոքսի այն հարցին, թե ինչն է նրան ստիպել լուսանկարչական ապարատը փոխարինել զենքով, նա պատասխանել է . «Ես պաշտպանում եմ իմ երկու երեխաներին, մորս ու հայրենի հողս»: Շուշիի ազատագրման օրը` 1992թ.-ի մայիսի 8-ին, անմահացավ Միքայել Արտեմի Մանուչարյանը` ավարտելով իր հեքիաթը: Թվում էր, թե սրանով նա ավարտեց իր հեքիաթը` ազդարարելով բարու հաղթանակը: Նրա կյանքի գնով կյանք ունեցավ իր պաշտելի Շուշին, Արցախը թոթափեց երբեմնի լուծը և փորձեց ուղղել իր կռացած մեջքը: Նրա կյանքի գնով խաղաղություն տիրեց Արցախ աշխարհում, հավատ ներշնչվեց խոստումնալից ապագայի և Արցախ աշխարհի բարգավաճման: Ու կարծես ոչինչ, որ ողջ մի գերդաստան պիտի սգար քաջորդու մահը, ոչինչ, որ որդեկորույս ծնողներն ու այրիացած կինը պիտի առանց հայր մեծացնեին բալիկներին, կարծես ոչինչ, որ քույրերը պիտի հերոս եղբոր բացակայությունը լրացնեին, որ ողջ շրջապատը չպիտի ունենար ընկերասեր, կենսախինդ, նվիրված ու ազնիվ Միքայելին: Բոլորը պիտի համակերպվեին նման վշտի` Միքայելի անդառնալի կորստի հետ, որովհետև դա Միքայելի ընտրությունն էր, որովհետև նա գիտակցաբար ընտրեց հավերժի ճամփան: Հեքիաթի մեր հերոսը հաղթանակ էր տենչում և ստացավ իր փափագածը` թողնելով պատից կախված իր նկարը, կիթառը, լուսանկարչական ապարատը, զինվորական համազգեստը, գերեզմանաքարը և ընկերների կողմից թողած խաչքարը: Հարազատները խնամքով պիտի փայփայեին նրա իրերը, պիտի 29 տարի անդադար թարմ մնային արահետի այն ոտնահետքերը, որոնք տանում էին դեպի Ակնաղբյուրում գտնվող գերեզմանաքարը և Շուշիում գտնվող խաչքարը: Ու պիտի ամեն անգամ վերընթերցվեր հերոս Միքայելի հեքիաթը` հպարտությամբ և խորը կարոտով: Բայց, ավաղ, քո հեքիաթն անավարտ էր, մեր հերոս քաջորդի: Այսօր քո գերեզմանաքարի առջև բարբարոս ելուզակն է վնգստում, այսօր փորձում են քո և բոլոր քաջորդիների հաղթանակները դարձնել առոչինչ: Համոզված ենք, որ գույժն այդ հասել է քո ականջին և բոթն այդ ստացել ես ի դեմս քո զարմիկի` անմահացած Ռոբերտի: Անհանգիստ ես դու, ծխում է մխացած հոգիդ, վրեժ ես տենչում, քեզ պարտք ենք քո մի բուռ հայրենիքը: Խոստանում ենք` հեքիաթը քո կունենա հաղթանակած վերջաբան…»: