Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոռանա՞լ. ի՞նչը մոռանալ, ինչպե՞ս մոռանալ
Որևէ պետության որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունն ու ապագայի տեսլականը լիովին ըմբռնելու և անաչառ ու բազմակողմանի վերլուծելու համար հարկ է նախ և առաջ մանրազնին և համակողմանի ուսումնասիրել և փորձել հասկանալ ներկայիս պետության հիմքում էական դեր ունեցող պատմական անցքերը, որոնք աշխարհագրական այդ տարածքը պետություն դարձնող ազգի կամ ազգերի հոգեկերտվածքն ու ինքնության առանձնահատկությունները ձևավորող կարևորագույն գործոններից են։
Անցյալի իմացությունն ու նրա ընկալումը պետության և հասարակության կողմից էական նշանակություն ունեն արդի հիմնախնդիրների գնահատման և ապագայի ձևավորման հարցում։ Հայերը հաճախ մեղադրվել են անցյալով ապրելու և ներկան ու ապագան կառուցելու համար անցյալը նախապայման դարձնելու մեջ. «Մենք չենք կարող փոխել անցյալը, և ուրեմն եկեք շաժվենք առաջ և որդեգրենք մոռացության սկզբունքը» : Սակայն եթե մոռացումը նախընտրելի այլընտրանք է, ապա հարց է ծագում՝ ո՞վ պետք է մոռանա և, մասնավորապես, ի՞նչը պետք է մոռանալ։ Արդյո՞ք հնարավոր է քաղաքական, սոցիալական կամ նույնիսկ տնտեսական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ բանական էակի գիտակցությունը, մտածողությունն ու վերլուծական կարողություններն ապահովող ողջ համակարգը սնող հիշողությունը գործարկել՝ համաձայն արտաքին հրահանգների։ Պատմաբան Հայկ Ղազարյանի բնորոշմամբ՝ «Համաշխարհային պատմության մեջ իրադարձություններ կան, որոնք երբեք անցյալ դառնալ կամ, առավել ևս, մոռացվել չեն կարող, քանզի նրանցից յուրաքանչյուրի մեջ խտացված ու ամփոփված է հարազատ ժողովրդի ամբողջական նկարագիրը»:
Ինչպես նշում է անցումային արդարադատության և սահմանադրական տեսության մասնագետ Նենադ Դիմիտրիևիչը՝ «Անկախ նրանից, թե որքան ծանր է անցյալի բեռը, մենք պարտավոր ենք միշտ հիշել մի պարզ ճշմարտություն, որ պատմական ժամանակը չունի դադար»: Պատմության շարունակականության մասին գրել է նաև 20րդ դարի հասարակական – քաղաքական գործիչ, հրապարակախոս, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության տեսաբան Ստեփանոս Սապահ-Գյուլեանը. «Պատմական բոլոր շրջանները իրարու հետ սերտ կերպով օղակված, զոդված են, նրանք իրարուց բոլորովին զատված, առանձնացած, կղզիացած ժամանակամիջոցներ չեն՝ առանց հաղորդակցության ներքին կապերի»:
Մարդկությանը հատուկ է հիշել անցյալի փառավոր էջերը՝ լինեն դրանք անձնական թե հավաքական՝ չհանդուրժելով որևէ թերագնահատում կամ մոռացության տանող որևէ քայլ, ճիշտ հակառակը՝ ամեն պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում հպարտորեն գովաբանում կամ պարծենում են անցյալի ձեռքբերումներով։ Սակայն արդյո՞ք բարոյապես թույլատրելի է այսօրինակ ընտրողականությունը հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է համայնքային, ազգային կամ պետության պատմությանն առնչվող հարցերին։ Ինչպիսին էլ որ լինի անցյալը՝ լավը թե վատը, փառապանծ թե տխրահռչակ, այն վերաձևել հնարավոր չէ, բայց հնարավոր է և անհրաժեշտ է ճանաչել անցյալը և կառուցել ապագան՝ անցյալը որպես դաս մտքում պահելով : Ավելին՝ անցյալի հոգեկան ցնցումից առաջացած անտրամաբանականությունը հաղթահարելու և հոգու անդորր ձեռք բերելու համար հարկ է «տրավմատիկ, ճնշված համայնքային հիշողությունները դարձնել բաց, հստակ և գիտակցված» : Այլ կերպ ասած՝ միայն բաց քննարկումների և առերեսման պարագայում է հնարավոր հասնել խաղաղության։ Այլապես կարող են ի հայտ գալ թեկուզև ոչ ցանկալի, սակայն բնականոն երևույթներ, ինչպիսին է ցավի կամ հոգեկան ցնցման ժառանգական փոխանցումը։ Ինչպես նշում է Հարվարդի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան Մարթա Մինոուն, հոգեկան ցնցմանն արձագանքելու անկարողությունը կարող է առաջացնել «…հոգեցնցման սերդնեսերունդ փոխանցում»: Հելեն Ֆայնը նշում է, որ անցյալը հիշելը կարևոր է ոչ միայն զոհերին և նրանց հետնորդներին ճանաչելու և նրանց ապրումները վերահաստատելու առումով, այլև անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ով ենք մենք հիմա կամ ով ենք եղել, և հաստատելու համար ճշմարտությունը բացահայտելու մեր պատրաստակամությունը: Ըստ Ֆայնի՝ չհիշելն ունի նաև իր վտանգները. «Նրանք, ովքեր չեն հիշում, կկրկնեն անցյալը։ Բայց անցյալը չի կրկնվում ճիշտ նույն ձևով, ավելին՝ մենք կարող ենք հիշել և կրկնել՝ հաճախ փոխելով դերերը»:
Հիշողությանն ու մոռացությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են հոգեբանների, մարդաբանների, ազգագրագետների և անձի հոգեկերտվածքը, աշխարհայացքը, ինքնությունն ու հոգևոր դաշտն ուսումնասիրող այլ ոլորտների մասնագետների ուշադրության կենտրոնում։ Անցյալի ուսումնասիրությունը որքան էլ որ բազմաշերտ ու բազմաբևեռ լինի, մեկ բան հստակ է և թերևս ընդհանուր բոլոր ոլորտներում ուսումնասիրվող հարցրերի պարագայում՝ անցյալը փաստերի ամբողջականության վրա հիմնված իրողություն է, որը, լինելով անփոփոխ, չի կարող անհետ անցնել, և հնարավոր չէ այն ձևափոխել, այլ հարց է, որ հնարավոր է այն տարբեր կերպ վերլուծել և գնահատել:
Վերոբերյալ հարցերն ավելի սուր և խրթին են դառնում հատկապես այն դեպքում, երբ անցյալի ուսումնասիրությունը վերաբերում է պատմական դեպքերին ու իրադարձություններին, որոնք անխուսափելիորեն ազդում են ներկա քաղաքական և սոցիալական խնդիրների վրա։ Եւ անկախ մեր ցանկությունից՝ անցյալն իր վճռորոշ դերակատարումն ունի ներկա քաղաքական իրողություններում. անցյալում տեղի ունեցած դեպքերն ուղղակիորեն ազդում են արդի հիմնախնդիրների վերլուծության և գնահատման գործընթացի վրա։ Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի բնորոշմամբ ևս անցյալի հարցերին անդրադառնալն անհրաժեշտ է ներկան հասկանալու համար. «…պատմության մասին մտածելը և պատմության հետ առերեսվելն իրականում նշանակում է ներկայով զբաղվել, առերեսումն անհրաժեշտ է ներկայի խնդիրների լուծման համար»:
Անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ մեր ունեցած տեղեկատվության ամբողջականությունը կոչվում է պատմական գիտելիք, որն ուղենշային է դառնում ներկային և ապագային վերաբերող հարցերի քննության պարագայում։ Ն. Դիմիտրիևիչը համոզված է, որ անցյալը և ներկան ժամանակավոր կատեգորիաներ են. «Անցյալն այն է, ինչ այլևս գոյություն չունի, ներկան այն է, ինչ գոյություն ունի հիմա։ Ճշմարիտ է, որ մենք՝ այսօր ապրողներս, չենք կարող ուղղակիորեն վերապրել անցյալը, մենք չենք կարող հանդիպել մարդկանց, ովքեր այլևս ողջ չեն, մենք չենք կարող մասնակցել անցյալի իրադարձություններին, մենք չենք կարող փոխել ոչինչ, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Բայց մենք կարող ենք և բնականոն կերպով տեղեկանում ենք երեկվա գործընթացների, իրադարձությունների և գործող անձանց մասին. դա կոչվում է պատմական գիտելիք։ Մենք նաև տեղեկանում ենք մեր անցյալից, որպեսզի տեսնենք, թե այն ի՞նչ կարևոր դերակատարում ունի մեր ներկայի մեջ. այս երկու ժամանակավոր մեծությունների հարաբերությունը հաճախ մեկ ընդհանրություն է»: Ինչպես նշում է Թաներ Աքչամը, «Մոռացությունը խեղաթյուրված պատմագրության ամենաամուր հիմնաքարն է»: Եւ ուրեմն այն, ինչ ներկա է այսօր, վաղն արդեն կլինի անցյալ։ Իսկ մոռացության տալ անցյալը՝ կնշանակի ժխտել ժամանակի շարունակականության փաստը, որը որքան անհեթեթ, նույնքան և վտանգավոր կարող է լինել, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պատմական ժամանակի շարունակականությանը։ Եթե մոռացությունը կամ ամնեզիան հիշողության խանգարման տեսակ է, որը կարող է ունենալ առաջացման տարատեսակ և որոշ դեպքերում գուցե և առարկայական պատճառներ, ապա ժխտումն ընտրություն է, որն ունի առաջացման մեկ պատճառ՝ կամք։
Ժխտել՝ բառարանային բացատրությամբ նշանակում է ուրանալ, մերժել, բացասել, հայտարարել չլինելը, կեղծել, ձևացնել : Ժխտումը մեկ այլ բառարանային բացատրությամբ հայտարարություն է, որն «…ասում է, թե ինչոր բան ճիշտ չէ կամ գոյություն չունի» : Համաձայն Ս. Կոհենի տեսության՝ «ժխտումը կարող է լինել անհատական, անձնային, հոգեբանական և մասնավոր, կամ ընդհանուր, սոցիալական, հավաքական կամ կազմակերպված» : Հոգեբանության մեջ ժխտումը մեկնաբանվում է որպես պաշտպանական մեխանիզմ, որի կիրառման ժամանակ անձը մերժում է անցանկալիի գոյությունը:
Որոշ մասնագետներ ժխտումը որպես պաշտպանական մեխանիզմ կիրառելը անվանում են հոգեբանական ռազմավարություն, որով անձը մեղմում կամ խուսափում է բացասական իրավիճակներից:
Հոգեվերլուծության տեսանկյունից անձնային մակարդակում ժխտում թերևս տեղի է ունենում անընդմեջ։ Ծխող անձը ժխտում է, որ ծխելը կարող է վնասել իրեն, կամ ցուրտ եղանակին գրավիչ երևալու մոլուցքով տարված անձը, ով կրում է եղանակային պայմաններին անհամապատասխան հագուստ, ժխտում է, որ կարող է հիվանդանալ, արագությունը գերազանցող վարորդը ժխտում է, որ իր այդ արարքով կարող է անդառնալի հետևանքներով լի վթարի պատճառ դառնալ։ Անձնային մակարդակում օրինակները որքան շատ, նույնքան և բազմաբնույթ են։ Սակայն եթե վերոբերյալները հիմնականում մոտալուտ կամ հավանական վտանգի ժխտման օրինակներ են, որոնք դեռևս չունեն տվյալ դեպքի վերաբերյալ փաստական ապացույցներ և մեկնաբանվում են այլ դեպքերի օրինակներով, ապա անցյալում տեղի ունեցած իրողության ժխտումն ունի իրեղեն ապացույցներ և կամ փաստեր, որոնց ուրացումը հստակորեն վճռված կամքի դրսևորում է։
Անցյալի ժխտումը փախուստ է իրականությունից, և անկախ ժխտելու մեր ցանկությունից կամ դրդապատճառներից՝ անցյալը փաստերով հաստատված անփոփոխ իրականություն է։ Ավելին՝ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր ունեցած տարակարծությունները չեն կարող փոփոխել դրանց բնույթը, դրանք շարունակում են մնալ որպես արդի մարտահրավերներ, որոնք իրենց անվիճելի ազդեցությունն ունեն մեր վրա այսօր. «Մեր հակամարտություններն անցյալի վերաբերյալ հաճախ հակամարտություններ են մեր ներկայի և ապագայի վերաբերյալ»:
Ժխտումը բոլորովին այլ դրսևորումներ և ձևակերպումներ է ստանում, երբ վերաբերում է անցյալում տեղի ունեցած ոճրագործություններին։ Ինչպես մեկնաբանում է պատմաբան Վահագն Հակոբյանը՝ «ժխտումը քաղաքական դրդապատճառներով ձևավորված անցյալի և ներկայի պատմական փաստերն ու իրադարձությունները ժխտելու կամ աղավաղելու միջոցառումների ամբողջություն է» : Ժխտել անցյալում տեղի ունեցած հանցագործությունները՝ նշանակում է մերժել պատմական փաստերը, քանզի դրանց ճանաչումն ու ընդունումը ենթադրում են պատասխանատվության ստանձնում տեղի ունեցածի նկատմամբ, որը լի է բազում քաղաքական, սոցիալական և տնտեսական վիճահարույց հարցերով։
Պատմության խեղաթյուրումը, անկախ մեկնաբանություններից, արդարացումներից և պատճառաբանություններից, փակուղի է տանում այդ կեղծարարությամբ սնված և դաստիարակված հասարակության անդամներին, ովքեր երբևէ կասկածի տակ չեն դրել պետության մատուցած պաշտոնական տեսակետը, ինչը վտանգում է նաև տվյալ հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների ձևավորման հնարավոր գործընթացը։ Այսօրինակ իրավիճակը Ռոջեր Սմիթը համեմատում է Օրուելյան աշխարհի հետ. «Պատմության աղավաղումը քաղաքական նպատակներով ունի էական հետևանքներ և´ ժողովրդավարության կիրառման, և´ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ուրիշ ինչ էլ որ ժողովրդավարությունը նշանակի, այն նշանակում է, որ կառավարությունը պատասխանատու է հանրության առջև։ Բայց եթե կառավարությունը ստում է իր քաղաքացիներին, լռելյայն համաձայնում է գիտության ահաբեկմանը, ճնշում է խոսքի ազատությունը և հանդուրժում է իրավահաջորդ պետության փորձերը վերահսկելու այն, ինչ դասավանդվում է հանրային դպրոցներում, ապա մենք մտել ենք Օրուելյան աշխարհ, ուր ուժն է թելադրում իրականությունը. ճշմարտությունն այն է, ինչ ասում է կառավարությունը։ Այս պայմաններում պատասխանատվությունը լավագույն դեպքում կեղծիք է՝ ժողովրդավարության կործանում մի վարչակազմի կողմից, որը չի ցանկանում առերեսվել իր երկրի պատմության հետ և ընդունել իր պարտավորությունները ներկայում»:
Ժխտել անցյալում իրագործված ոճրագործությունները՝ նշանակում է նաև ժխտել սեփական պատմությունը։ Սակայն հարկ է ընդգծել, որ սեփական պատմություն ասվածը ևս հարաբերական հասկացություն է, քանզի պատմությունը և պատմական իրադարձությունները մեկ պետության կամ մեկ ազգի մասնակցությամբ կամ դրանց շուրջ տեղի ունեցած անցքերը չեն լոկ։ Պատմությունը միահյուսում է ազգեր ու պետություններ։ Պատմական իրադարձությունների վերլուծումը, գնահատումը կամ ժխտումն ունեն համամարդկային հետևանքներ։ Անցյալի վերաբերյալ ներկայիս գնահատումն ու ընկալումը վերաբերում են պատմական տվյալ ժամանակաշրջանում գործուն մասնակցություն ունեցած կամ անկախ իրենց կամքից այդ իրադարձություններում ներգրավված բոլոր կողմերին։ Եւ ուրեմն ժխտել սեփական պատմությունը՝ նշանակում է ժխտել այլոց պատմությունը ևս, որը հղի է նոր հակամարտությունների առաջացման կամ դրանց էսկալացիայի լուրջ սպառնալիքով։ Այս իմաստով հատկապես վտանգավոր է մարդկայնության դեմ իրականացված հանցագործությունների՝ ցեղասպանությունների, ժխտումը։
Մարի Հովհաննիսյան