կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 13:29
Քաղաքական

Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն. Էլինար Վարդանյան

Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն. Էլինար Վարդանյան

Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման՝ առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Նման կարծիք ունի  «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյան, որն իրավական հիմնավորումներով մանրամասնել սեփական կարծիքն ու մտավախությունները։ 

Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանադրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։ 

ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխություններ իրականացումը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ ՍԴ-ն Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում։

Եվ քանի որ Ազգային Ժողովը շրջանցել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հստակ պահանջը, ապա Նախագահը, եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը։

Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Մնում է միայն որոշել, արդյոք մենք ձգտում ենք լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների ապահովմանը։

Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանին է։

Եթե նա կարող է հանդիպել բանկիրների հետ և դրանից հետո չստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքը, ապա ինչն է իրեն խանգարում հանդիպել իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանական պալատի / երեկվա հայտարարությունը՝ ի գիտություն/ , սահմանադրագետների՝ այդ թվում նրանց, ում նա առաջարկում էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և Իմ քայլը համառորեն մերժում էր։

Ինչու խուսափել այս ամենից։