Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարը միայն հանքարդյունաբերական կամ լեռնամետալուրգիական հարց չէ: Չնայած դատարկ ապարների լցակույտեր, ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրվածքներ, հորատանցքեր, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններ ու բազմաթիվ այլ խելոք բառեր հասկանալի չեն ոչ միայն թերի միջնակարգ կրթություն ունեցողին, այլեւ գիտական կոչում ունեցող շատ բանասերների: Թվում է, թե այս հարցով պետք է զբաղվեն միայն հանքարդյունաբերողները, քանի որ միայն նրանց է հասու այս բարդ եզրույթների մեկնաբանությունը…
Ամուլսարը միայն առողջապահական կամ բնապահպանական հարց չէ: Թթվային դրենաժներ, ցիանիդներ, սուլֆիդային միներալներ, հիդրավլիկ հաղորդականություն, էվապոտրանսպիրացիոն ծածկ… օտարահունչ եզրույթները հասկանալու համար մասնագիտական գիտելիքներ են պետք, ու նույնիսկ Սորբոնն ավարտած փիլիսոփան դրանցից շատ բան չի հասկանա:
Ամուլսարը միայն ֆինանսական կամ իրավական հարց չէ: Միայն ֆինանսիստները կարող են հումքային բորսաներում որոշել ոսկու ֆյուչըրզների արժեքը, հաշվարկել հանքի շահագործման զուտ զեղչված արժեքը: Հասարակությունն այդքան գիտելիք չունի: Չունեն նույնիսկ նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է էվապոտրանսպիրացիոն ծածկը: Ապա այդ սարսափելի բառը՝ արբիտրաժ: Կտանեն, կդատեն, ամենքիս վրա տուգանքը կբաշխեն (էս նեղ մաջալին մենակ էդ էր պակաս): Թողնենք թող ֆինանսիստներն ու իրավաբանները հարցը լուծեն: Ամուլսարն աշխարհայացքի հարց է, արժեքային համակարգի հարց է, երկրի ապագայի տեսլականի հարց է: Իսկ այստեղ մենք՝ բոլորս, ասելիք ունենք:
Հայաստանը բոլորիս երկիրն է, ու ամենքս ենք պարտավոր ընտրություն կատարել, թե որ ճամփով կուզենք, որ Հայաստանը գնա: Ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում ունենալ, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել: Մի կողմում՝ հզոր աջակցություն վայելող հանքարդյունաբերող, որը միլիոններ է ներդրել, որ միլիարդներ աշխատի: Մյուս կողմում՝ առողջարանային տուրիզմ, հյուրանոցներ, փոքր ու միջին ձեռնարկություններ, հարյուրավոր անհատներ, որոնք իրենց բնակարանները վարձով են տալիս զբոսաշրջիկներին կամ բուժման եկածներին: Միլիարդների՞ բիզնես է: Իհարկե՝ ոչ: Բայց այդ՝ համեմատաբար համեստ գումարները կմնան Ջերմուկում, Հայաստանում, կբաշխվեն հարյուրավոր, հազարավոր բնակիչների միջեւ: Իսկ այն միլիարդների ո՞ր մասն է վերադառնում Հայաստան, իսկ ո՞ր մասն է նստում օտար հաշիվներին, դառնում վիլլաներ ու զբոսանավեր:
Բա աշխատատեղեր, հարկեր, ռոյալթիներ (ֆինանսիստին կանչեք, թող բացատրի, թե դա ինչ է)… Այո՛, կարեւոր հարցեր են: Չնվազող արտագաղթի պայմաններում ամեն աշխատատեղն էլ հաշիվ է, մի մարդու, մի ընտանիքի ճակատագիր է: Բայց ի՞նչ կլինի տասը, քսան, երեսուն տարի հետո: Ի՞նչ կմնա սարից ու Ջերմուկից տասը, քսան, երեսուն տարի հետո, նույնիսկ եթե որեւէ բնական կատակլիզմ չլինի, ու թույնը չլցվի Սեւան:
Սա է խնդիրը՝ բոլորիս ընտրության խնդիրը: Ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում, ի՞նչ երկիր ենք ուզում: Կանաչ, կայուն զարգացող, ներառական տնտեսություն, թե՞ երկրի ընդերքը քամող հանքարդյունաբերություն, որից եկած միլիարդները շատ քչերը կվայելեն: Այս հարցում բոլորս ոչ թե իրավունք, այլ արտահայտվելու պարտավորություն ունենք:
Որպես վերջաբան
Կասեք՝ իսկ համատեղել չի լինի՞: Բնությունն էլ է ռեսուրս, ոսկին էլ: Պատերազմ է, աղետի գոտին դեռ լիովին չի վերականգնվել, նոր ներդրումներ չկան (Գյումրիի դելֆինարիումը չհաշված), չենք կարող մեզ այս ճոխությունը թույլ տալ եւ հրաժարվել նույն այդ ռոյալթիից: Ինչո՞ւ չհամատեղենք: Եթե հնարավոր լիներ՝ լավ կլիներ, բայց շա՞տ դեպքեր գիտեք, երբ հանքն ու առողջարանն իրար կողքի են: Կասեք՝ գեղեցիկ ես խոսում, բայց տասը տարի առաջ էր պետք սրա մասին խոսել, գնացքն արդեն գնացել է, «Լիդիան»-ը միլիոններ է ծախսել: Ո՞րն է ճիշտ՝ սխալ ճամփի կեսից հետ դառնալը, թե՞ շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ետդարձը ծախսատար է… Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չեն տրվել: Ինձ ճիշտ հասկացեք, ես սկզբունքորեն դեմ չեմ հանքարդյունաբերությանը: Հողի տակ հարստությունը չեն պահում: Բայց հանքարդյունաբերությունը պետք է լինի պատասխանատու, պետք է բացառվի որեւէ անկառավարելի ռիսկ: Հանքարդյունաբերությունից ստացված եկամուտը, եթե ոչ՝ ամբողջությամբ, գոնե զգալի մասով պետք է վերադառնա Հայաստան: Հանքարդյունաբերությունից պիտի շահի ազդակիր համայնքը, ողջ երկիրը: Ունե՞նք այս պայմանները: Չեմ կարծում:
Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ