Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հավաստիացնում է, որ հակամենաշնորհային քաղաքականությունը շարունակելու է լինել ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը, և փորձելու են բենզինի, դիզվառելիքի ու սեղմված գազի շուկաներում արմատական փոփոխություն բերել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց իրենց վերլուծությունը, որը վերաբերում է վառելիքային շուկայում առկա հիմնախնդիրներին և իրենց կողմից առաջարկվող լուծումներին:
«Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկայում գնագոյացման երևույթները կրկնվում են: Մեր ուսումնասիրություններն այս շուկաներում փաստեցին, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը համաչափ է ազդել գնագոյացման վրա, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում այս շուկայում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը, ինչը կարող է փաստել հակամրցակցային համաձայնությունների և շուկայի բաժանման մասին»,- նշեց տնտեսագետը:
Նա տեղեկացրեց, որ իրենց վերլուծությունը ներկայացրել են ԱԺ լսումների ժամանակ, նաև` փոխանցել ՏՄՊՊՀ-ին:
Անդրադառնալով շուկայում առկա խորքային խնդիրներին` Պարսյանը նշեց, որ համակենտրոնացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում տնտեսական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմամբ կամ բարելավմամբ: Ըստ նրա` այստեղ պետությունը պետք է ուշադրություն դարձնի նաև մանրածախ շուկային:
Ոլորտի խնդիրներից մեկն էլ, տնտեսագետի գնահատմամբ, այն է, որ բենզալցակայանների դեպքում տեսանելի են նաև ՀԴՄ կանոնների խախտման ռիսկերը, որոնք ավելացնում են այս շուկայում ստվերի առկայության ռիսկերը, և այստեղ պետք է խստացնել հարկային վարչարարությունը:
Պարսյանը նշեց, որ, կախված միջազգային շուկայի իրավիճակից, ակցիզային հարկով պայմանավորված` գների փոփոխությունից, օբյեկտիվորեն հնարավոր են գնային ճնշումներ, սակայն Հայաստանի վառելիքային շուկայի դեպքում այդ ճնշումները կլանող, զսպող տնտեսական բարձիկները բացակայում են, ընդ որում` առկա են ծխախոտի և ալկոհոլի շուկաներում: «Այս ապրանքների նկատմամբ ակցիզային հարկերը ևս բարձրացել են, սակայն բնակչությունը դա չզգաց, քանի որ արտադրողներն այդ բեռի մեծ մասը վերցրեցին իրենց վրա: Այստեղ արտադրողը քայլեր է իրականացնում` ծախսերի նվազեցում, արդունավետության բարձրացում, ինչը տեղի չի ունենում այն շուկաներում, որտեղ գործում են մենաշնորհները և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները»,- շեշտեց նա:
Պարսյանն ընդգծեց, որ առաջարկել են այս իրավիճակը շտկելու մի շարք ուղիներ, որովհետև եթե չկատարվեն կոնկրետ քայլեր, և հակամենաշնորհային քաղաքականությունը մնա նույնը, մենք կունենանք հասարակական անվստահություն և եկամուտների անարդարացի բաշխում:
Թվելով իրենց առաջարկած լուծումները` նա ասաց, որ նախ այս ապրանքային շուկայում պետք է խստացնել հարկային վարչարարությունը, որպեսզի պարզվի այս կամ այն տնտեսվարողի ազդեցությունը շուկայի վրա:
Հաջորդ առաջարկությունը միջազգային հայտնի կորպորացիաների մուտքը Հայաստանի շուկա ապահովելուն էր վերաբերում: «Մասնավորապես` հարևան Վրաստանում գործում են խոշոր միջազգային կորպորացիաներ՝ «Բրիթիշ պետրոլեումը», «Լուկ օյլը», «Տոտալը» և այլ ընկերություններ, որոնք ստեղծում են մրցակցային միջավայր: Պետք է խրախուսել, որպեսզի նրանց ներկայացուցիչները Հայաստանում լինեն: Ներկայումս ունենք երեք տնտեսվարող սուբյեկտ, որոնք ներկրում են բենզին և դիզվառելիք, ինչն էլ սահամանափակում է այս շուկայի մրցակցային միջավայրը»,- նշեց տնտեսագետը:
Ըստ նրա` Սահմանադրությամբ Տնտեսականան մրցակցության հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամներին ընտրելու են ԱԺ պատգամավորները` ձայների մեծամասնությամբ, ինչը, Պարսյանի խոսքով, թույլ կտա ավելի անկախ դարձնել այս հանձնաժողովը և խորհրդարանական վերահսկողություն հաստատել ոլորտի նկատմամբ: «Մասնակից կլինի խորհրդարանական ընդդիմությունը, և մարմնի նկատմամբ վստահությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ պետք է քաղաքական որոշում կայացնել` արդյո՞ք իշխանությունները մենաշնորհները վերացնելու քաղաքական կամք ունեն, Պարսյանն ասաց. «Բացի քաղաքական որոշումից, այստեղ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք, որը պետք է հիմնավորի այդ քաղաքական որոշումը: Իսկ քաղաքական կամքը կա հստակ, դա ամրագրված է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրում»:
Նա նշեց, որ երեկ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի համատեղ նիստում ևս մեկ անգամ հաստատվել է հակամենաշնորհային քաղաքականության կարևորությունը, և որ այդ կետը շարունակելու են դարձնել ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը, փորձելու են այս շուկաներ արմատական փոփոխություն բերել:
Պարսյանը նաև տեղեկացրեց, որ մյուս շաբաթվա ընթացքում նախատեսված է իրենց հանդիպումը ՏՄՊՊՀ-ի հետ, քննարկվելու են այս առաջարկությունները և փորձելու են հասկանալ այն մեխանիզմները, որոնք ավելի կարագացնեն լուծումներ գտնելը: