Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«1990 թ. օգոստոսի 23-ին ընդուված Հայաստանի անկախության մասին հռչակագիրը այդ պահից մինչ այսօր ընդունված համապետական փաստաթղթերի մեջ (Սահմանադրություններ, անվտանգության ռազմավարությայն մասին փաստաթուղթ և այլն) իր որակով և իր մեջ կրած գաղափարականությամբ մնում է անգերազանցելի: Դա պայմանավորված է ոչ միայն փաստաթղթի յուրահատկությամբ, այլև այն ստեղծողների, կազմողների ինտելեկտուալ, գաղափարական բարձր մակարդակով, պետականության մասին տարողունակ ընկալմամբ, ինչպես նաև փաստաթղթի ստեղծման շուրջ ծավալված բուռն բանավեճերով ու քննարկումներով: (Հայտնի է, որ օրինակ Հայոց ցեղասպանության կետի շուրջ լուրջ հակասություն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ընդդիմադիրների միջև և այնուամենայնիվ, չնայած երկրի ղեկավարի դեմ լինելուն այն ընդունվել է: Հետագայում չկա որևէ լուրջ փաստաթուղթ, որտեղ որևէ դրույթ ամրագրվեր անկախ երկրի ղեկավարի սկզբունքային անհամաձայնությունիnց):
Եթե ընդհանուր բնութագրեմ, ապա Անկախության մասին հռչակագիրը ստեղծող սերունդը, որ դաստիարակություն էր ստացել Խորհրդային Միությունում, կարողացավ սերունդներին փոխանցել անկախ պետականություն կերտելու հրաշալի մի հայեցակարգ (որը բովանդակվում է հռչակագրի 12 կետերում): Խորհրդային Միությունում, եթե կուզեք, բռնապետական հասարակարգում դաստիարակված սերունդը ոչ միայն հասավ անկախության (անկախ նրանից, թե որքանով էր ԽՍՀՄ փլուզումը աշխարհաքաղաքական գործընթաց), այլև կարողացավ, հաղթահարելով ներքին բազմաթիվ տարաձայնություններ, միասնական գտնվել արտաքին վտանգի հանդեպ և լուրջ քայլ կատարել հողահավաքի մեր դարավոր երազի ճամփին:
Ցավող փոխարինման դուրս եկած անկախության սերունդը, որ առնվազն պարտավոր էր պահպանլր իր ժառանգածը, եթե ոչ ավելացնել, ապիկար ձևով կորցրեց ավելին, քան կարող էր: Անկախության սերնդի մեջ եղան և կան բազմաթիվ գաղափարականներ, ինտելեկտուալներ, նվիրյալներ, ինքնազոհողության գնացողներ, ովքեր իրենց այդ տեսակով չեն զիջում նախորդ սերունդի ներկայացուցիչներին, բայց, որպես անկախության սերունդի ներկայացուցիչ ինքնաքննադատաբար նաև պիտի փաստեմ, որ որպես հավաքական սերունդ, մենք ձախողեցինք, մենք անարժանորեն ձախողեցինք:
Միգուցե, նախորդ սերունդը մեզ ճիշտ չդաստիարակեց, միգուցե, բաց մենք, նախ մենք չունեցանք հաջորդ սերունդներին որևէ ձեռքբերում ժառանգություն թողնելու այն հավաքական ամբիցիան, որ ուներ նախորդ սերունդը:
Սա պետք է մեզ բոլորիս անկախ պետականության 30-ամյա ամբողջ ընթացքը վերարժևորելու առիթ և պատճառ հանդիսանա:
Պետք է այսօրվանից կերտել 1990 թ. Հայաստանի անկախության մասին հռչակագրի ոգուն հավատարիմ և հավաքական ամբիցիա ունեցող նվիրյալ, գաղափարական, ինտելեկտուալ և ինքնազոհողության գնացող հայրենասեր սերունդ»: