կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 22:52
Հասարակություն

Կյանքից հեռացել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եվ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եվ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը

Երեւանի պետական համալսարանը կրեց ցավալի ու ծանր կորուստ: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Համբարձումի Թռչունյանը:

Վաստակաշատ կենսաբանը ծնվել է 1956 թ. Երեւանում, գիտնականի ընտանիքում: Պրոֆեսոր Թռչունյանն ուսանել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում (1973-1978 թթ.): 1981 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1989 թ.՝ դոկտորական ատենախոսությունները: Շարունակել է իր գիտական գործունեությունը ինչպես հարազատ բուհում, այնպես էլ աշխարհի՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Գերմանիայի եւ այլ առաջադեմ գիտակրթական կենտրոններում: 1993 թ․ եղել է ԵՊՀ պրոֆեսոր, ապա 2006 թվականից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, միեւնույն ժամանակ ՀՀ ԿԳՆ գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ (2001-2002 թթ.), ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (2002-2010 թթ.), ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ (2001-2003 թթ., 2008-2010 թթ.): 2011-2016 թթ. ղեկավարել է մանրէաբանության, բույսերի եւ մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոն, իսկ 2016 թ․ առ այսօր՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կեսնատեխնոլոգիայի ամբիոնը:

Պրոֆեսոր Թռչունյանը 700–ից ավելի գիտական հոդվածների, մենագրությունների, ակնարկների, ինչպես նաեւ բուհական եւ դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների հեղինակ է:

Բեղուն աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների. ՀՀ նախագահի մրցանակ՝ բնագիտության բնագավառում (2003 թ.), ՀՀ ԳԱԱ, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության մրցանակ՝ բնական գիտությունների բնագավառում լավագույն գիտական աշխատանքի համար (2010 թ.), Ջրածնի էներգիայի միջազգային ասոցիացիայի ակնառու ծառայությունների համար մրցանակ (2014 թ.), Ամերիկայի կենսագրական ինստիտուտի գերազանցության գիտական մրցանակ (2011 թ.), Ամերիկայի մանրէաբանության ընկերության գիտական կադրերի ղեկավարման համար (2011 թ.), Ամերիկայի մանրէաբանության ընկերության Մոզելիո Շեխտերի անվան մրցանակ՝ մանրէաբանական գիտության, կրթության եւ տեխնոլոգիաների առաջընթացին նպաստելու համար, ԵՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ (1984 թ.)։ Արժանացել է նաեւ բազմաթիվ շքանշանների․ «Միխաիլ Լոմոնոսով» (Ռուսաստան, 2007 թ.)̦ «Պատվո Խաչի» (Գերմանիա, 2004 թ․), ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ ոսկե (2004 թ.), ԵՊԲՀ ոսկե (2005 թ.), ԵՊՀ ոսկե (2006 թ.), ԵՃՇՊՀ ոսկե (2006 թ.), ԵՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետի ոսկե (2010 թ.), Բրյուսովի անվ. ԵՊԼՀ հուշամեդալների (2005 թ.), ՀՀ Զինված ուժերի 20-ամյակի առթիվ (2012 թ.), Ռոբերտ Կոխի (2011 թ.), «Խաչատուր Աբովյան» (2010 թ.), Ռուսաստանի հայերի միության հոբելյանական (2010 թ.), «Մարշալ Բաղրամյան» (2009 թ.), Վլադիմիր Նեգովսկու (2008 թ.), Ռուդոլֆ Վիրխովի (2003 թ.), ակադեմիկոս Սիսակյանի (2007 թ.) մեդալների եւ այլն:

Պրոֆեսոր Թռչունյանն անդամակցել է տեղական եւ միջազգային բազմաթիվ գիտական ընկերությունների, խմբագրել է միջազգային հեղինակավոր ամսագրեր:

Անգնահատելի է պրոֆ. Թռչունյանի ավանդը համաշխարհային ու ազգային գիտության եւ կրթության զարգացման գործում: Նա ստեղծել է գիտության մեջ ուրույն ավանդույթներով դպրոց: Անմնացորդ նվիրվածությամբ կրթել է բազմաթիվ երիտասարդների, կյանքի կոչել մանրէաբանության, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի, կենսաֆիզիկայի բնագավառներում տեղական եւ միջազգային նշանակության գիտակրթական նախագծեր:

Մայր բուհը սգում է սիրված ու անվանի համալսարանականի անժամանակ մահը եւ խորին ցավակցություններ հայտնում Արմեն Թռչունյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, գործընկերներին եւ ուսանողներին: