կարևոր
2848 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 14:09
Քաղաքական

«Իրենք կկործանեն Հայաստանը, կվերացնեն հայ ժողովրդին իր պատմական տարածքի այս 10 տոկոսի վրա էլ, բայց երբեք իշխանությունը հանգիստ չեն հանձնի». «Փաստ»

«Իրենք կկործանեն Հայաստանը, կվերացնեն հայ ժողովրդին իր պատմական տարածքի այս 10 տոկոսի վրա էլ, բայց երբեք իշխանությունը հանգիստ չեն հանձնի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և ԼՂ-ն դրա կազմում թողնելու հայտարարությանը, ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա»: Այնինչ, Հայաստանի գործող իշխանությունները պատեհ-անպատեհ ասում են, թե նախկին իշխանություններն են ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Բորելի այս հայտարարությանն, ասում է. «Արդեն ոչ թե պուտինյան Ռուսաստանն է բացահայտում Նիկոլի ու նիկոլական իշխանության ստերը և էժանագին կեղծիքներն ու մանիպուլ յացիաները, այլ նաև Նիկոլին սատարող, երկրպագող և թև ու թիկունք եղած եվրոպական կառույցները, այդ թվում՝ նաև Ժ. Բորելը: Այստեղ զարմանալու բան չկա, ենթադրաբար պետք է զարմանան Նիկոլին երկրպագող անձինք, որոնք հիմա Բորելի շուրթերից են լսում, որ Հայաստանի ոչ մի ղեկավար՝ ո՛չ Լևոն ՏերՊետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, երբևէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէին ճանաչել՝ Արցախն այդ ամբողջականության մեջ տեսնելով: Բորելը փչացրեց Նիկոլին, բացահայտեց, որ Ն. Փաշինյանն էժանագին ստախոս է և կեղծարար, որի մասին շատ-շատերը ՀՀ-ում գիտեին:

Ն. Փաշինյանն արդեն 2,5 տարի է՝ կեղծիքներ և ստեր է արտաբերում տարբեր հարթակներից՝ լինի դա ԱԺ-ի ամբիոնը կամ իր «մեկ թատրոնի դերասանի» մամուլի ասուլիսները, երբ ինքն իբր թե փաստաթղթեր է բերում, իբր շանտաժում է ու ասում՝ ես կբացահայտեմ նախկինների վարած բանակցային գործընթացը, թե ինչեր են իրենք խոստացել, այսպես կոչված, միջնորդներին և այլն, և այլն: Այնինչ՝ ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, այսպես կոչված, Ալմա Աթայի դեկլարացիայով, Մադրիդյան սկզբունքներով, Քի Վեստի համաձայնագրով, Կազանյան փաստաթղթով երբևէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչել՝ Արցախն այդ տարածքային ամբողջականության մեջ տեսնելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունների կեղծարարության մասին առաջինը միջնորդներից բարձրաձայնել են Ռուսաստանից: «Պատերազմից անմիջապես հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին եղել է բանակցության սեղանի վրա: ՌԴ-ն իր փոխարտգործնախարարի մակարդակով ուղղակիորեն հերքեց Ն. Փաշինյանին՝ պատերազմից անմիջապես հետո նրա այդ կեղծիքներին արձագանքելով ու նշելով, որ այդպիսի բան երբևէ տեղի չի էլ ունեցել: Դա այն պետությունն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից է և Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Ինքը միշտ բանակցային գործընթացում ներկա է եղել, և բոլոր ձևաչափերով տեղի ունեցող բանակցություններում, Մինսկի խմբի շրջանակներում և տարբերակների վերաբերյալ Մոսկվայում շատ լավ տեղյակ են:

Նիկոլին սպասարկող ժեխնյուզերը և զանգվածը սկսեցին Ռուսաստանին մեղադրել ստախոսության մեջ: Հիմա թող Բորելին էլ մեղադրեն, որ նա էլ է ստախոս, մանիպուլ յատոր: Լավագույն դեպքում կասեն՝ Բորելին Ռ. Քոչարյանը գնել է: Գիտե՞ք, թե ինչն է սարսափելին մեր պարագայում: Ն. Փաշինյանը և նրան սպասարկողները յուրահատուկ ձևով տիրապետում են Նիկոլին երկրպագող ընտրազանգվածի կրթվածության մակարդակին: Իրենք այնքան էժանագին, տգետ մեթոդներով են նրանց մանիպուլացնում և ստեր կերակրում, որ նույնիսկ վիրավորական է: Հիմա չզարմանաք, որ սոցցանցային նիկոլական խմբերը և Նիկոլին սպասարկող ժեխնյուզերը հայտարարեն, որ Ռ. Քոչարյանը Բորելին էլ գնեց, Բորելը նախկինների սպասարկուն է»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ Բորելն այն մարդն է, որն ակտիվորեն սատարել է Հայաստանի գործող իշխանություններին:

«Հիմա այդ նույն ուժային կենտրոնների ներկայացուցիչ Բորելը բացահայտում է, որ Նիկոլը ստախոս է, կեղծարար, Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Իսկ սրա գինը լավ գիտենք, այստեղ լոկալ և գլոբար հարցեր կան: Նիկոլը հատուկ է բերվել Հայաստանում իշխանության՝ ռուսներին այստեղից դուրս հանելու և սեփական իշխանությունն ամապնդելու համար: Ինքը կատարում է երկու ֆունկցիա՝ գլոբալ, երբ աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ է լուծում, Ռուսաստանին ամեն ինչի մեջ մեղադրելու և նրան քավության նոխազ դարձնելու միջոցով ռուսական ազդեցությունն այստեղ ի չիք դարձնելու քաղաքական գիծն է տանում, որն իր պատվիրատուների թիվ մեկ խնդիրն է նրան իշխանության բերելու հարցում, և լոկալ հարց է լուծում, երբ իր չտես թիմն արդեն հինգ տարի է, ինչ իշխանության է: Նրանք ոչ մի պարագայում ո՛չ պետական, ո՛չ ազգային շահերը հաշվի առնելով՝ իշխանությունը հենց այնպես չեն հանձնելու: Իրենք կկործանեն Հայաստանի Հանրապետությունը, կվերացնեն հայ ժողովրդին իր պատմական տարածքի այս 10 տոկոսի վրա էլ, բայց երբեք իշխանությունը հանգիստ չեն հանձնի»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Եվրոպական առաքելության դիտորդները քար լռություն են պահպանում սահմանային միջադեպերի վերաբերյալ, Բերձորի միջանցքի վերաբերյալ որևէ իրավասություն չունեն, այդ դեպքում ո՞րն է նրանց առաքելությունը մեր երկրում: «Ն. Փաշինյանը չի էլ թաքցրել, թե այդ եվրոդիտորդ կոչվածներն ինչի համար են բերվել Հայաստան: Նա ԱԺ-ի ամբիոնից նշեց, որ Եվրոպայում, Ադրբեջանի բողոքների հիման վրա, շատ վախեցած են, որ Հայաստանը և Ռուսաստանը պատրաստվում են հարձակվել Ադրբեջանի վրա: Եվրոդիտորդները Հայաստանում են մեկ նպատակով՝ լրտեսության և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, չնայած դրանցից ոչ մի բան չի մնացել, վերջնականապես կործանելու և ջլատելու համար:

Ն. Փաշինյանն այդ առումով շատ անկեղծ է եղել, երբեք չի ասել՝ եվրոդիտորդներին բերում ենք, որ Ադրբեջանը չկրակի: Ասել է՝ եվրոդիտորդները գալու են Հայաստան, որպեսզի հավաստիանան, որ Հայաստանը և Ռուսաստանը պատերազմ չեն նախաձեռնում և չեն նախատեսում նախաձեռնել Ադրբեջանի դեմ: Սա հինգերորդ շարասյան և արևմտյան գործակալական ցանցի դիրքերի ամրապնդումն է: Այդ նույն եվրադիտորդները ներկայացնում են Հյուսիս-ատլանտյան դաշինքի պետությունները, և նրանց զեկույցները գնում են Բրյուսել: Եվ չզարմանաք, որ եթե իրենց գաղտնի կամ բացահայտ զեկույցների տեքստերը հինգ րոպե հետո հայտնվում են Անկարայում, ապա Անկարայից էլ մեկ րոպե հետո հայտնվեն Բաքվում:

Բաքվում և Անկարայում եվրոդիտորդների գործունեության վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ գիտեն, քան Հայաստանի Հանրապետության հասարակությունը: Մարդիկ բացահայտ ՀՀ-ում զբաղված են լրտեսությամբ, շպիոնաժով, իրենք թքած ունեն հայ ժողովրդի վրա էլ, Հայաստանի Հանրապետության վրա էլ: Կրկնում եմ՝ նրանք գլոբալ հարցեր են լուծում, և գլոբալ հարցերի մեջ կարևորագույնը Ռուսաստանի դիրքերի թուլացումն ու վերջնականապես վտարումն է Հարավային Կովկասից, ի մասնավորի՝ Հայաստանի Հանրապետությունից, իսկ դրա հիմնական բաղկացուցիչ մասը կազմում է հայ-ռուսական թեկուզև ռազմական համագործակցությունը: Այսօրվա դրությամբ այդ եվրոդիտորդներն ամեն ինչ անում են, որ այդ համագործակցությունը խոչընդոտվի, չնայած այն հանգամանքին, որ այդ համագործակցությունը, որպես այդպիսին, չկա էլ»,-արձագանքում է քաղաքագետը:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Ի. Ալիևն ասել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, մինչ մեր երկրի իշխանությունները պնդում են, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Ինչի՞ հետ գործ ունենք: «Բացահայտ ստախոսության և հերթական դավաճանության հետ: Հիշո՞ւմ եք 44-օրյա պատերազմի քարոզչությունը՝ հաղթելու ենք: Հետո այդ քարոզչության ներկայացուցիչներից Արծրուն Հովհաննիսյանը ցինիկաբար հայտարարեց՝ ասում էինք, որ հաղթելու ենք, բայց հո չենք ասել, որ հաղթում ենք: Հիմա էլ կասեն՝ ասում էինք, որ չի լինելու, բայց հո չենք ասել, որ թույլ չենք տալու, հիմա ինչ անենք, որ եղավ: Համոզված եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» կլինի, եթե Ն. Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում