Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարդացի հայ զինվորի սրտաճմլիկ պատմությունը, որը վիրավորվել է վերջին Արցախյան պատերազմի ժամանակ և ում բազմիցս մերժել են բուժել Հայաստանում։ Սա խայտառակություն է։ Հայաստանի կառավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար վտանգած երիտասարդները կարողանան իրենց վերքերը բուժել առանց բյուրոկրատական քաշքշուկների և կոպիտ մերժումների:
2020 թ․ Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայող Սիմոն Հովհաննիսյանը 2021 թ․ ապրիլի 3-ին բաց նամակ գրեց «Հետք» հետաքննական պարբերականին՝ նկարագրելով, թե ինչպես են բազմաթիվ բժշկական հիմնարկներ երես թեքել իրենից, երբ նա դիմել է բուժում ստանալու խնդրանքով։ Ցավոք, նրա մղձավանջային պատմությունը եզակի չէ։ Բազմաթիվ այլ վիրավոր զինծառայողներ բուժվելիս բախվում են նման աններելի դժվարությունների:
Հովհաննիսյանը գրեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին գնացել է Երևանի զինկոմիսարիատ և կամավորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, տեղափոխվել է Արցախի Մարտակերտի զորամասը և հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 18-ը ծառայել առաջնագծում։
Նոյեմբերի 10-ին, հրադադարից րոպեներ առաջ, նա վիրավորվեց հիթիռի հարվածից։ Հաջորդ ութ օրերի ընթացքում նա փորձեց կապվել զինվորական պաշտոնյաների հետ՝ իր և մյուս զինվորների համար բժշկական օգնություն ստանալու խնդրանքով։ Բախվելով անտարբերության՝ նա փորձեց ինքնակամ գնալ գունդ։ Ճանապարհին նա հանդիպեց բուժծառայության մեքենայի և համոզեց վարորդին, որ իրեն և ևս երկու անձնավորության տեղափոխի բժշկական հաստատություն՝ օգնություն ստանալու համար: Նրանց ուղարկեցին Դրմբոն գյուղում գտնվող հոսպիտալը, որտեղ ասացին, որ կոնտուզիա է ստացել: Սակայն, քանի որ նրա համար այլևս ոչինչ չէին կարող անել, առաջարկեցին գնալ Երևան։
Հովհաննիսյանը վերջապես ժամանեց Երևան՝ իր սեփական գրպանից վճարելով 45 հազար դրամ։ Նա գնաց Երևանում գտնվող զորամասը, ներկայացրեց փաստաթղթերը և օգնություն խնդրեց հիվանդանոց ընդունվելու համար: Զորամասում նրան ասացին․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշեց․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։
Պոլիկլինիկայում ասացին․ «Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը [քիթ-կոկորդ-ականջաբան] կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր ուղեգրենք»։
Զինկոմիսարիատում ասացին․ «Տղա' ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի'ր քաղաքացիական հիվանդանոց»:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում նրան ասացին․ «Դուք մի քանի մասնագետի կարիք ունեք։ Եթե պետպատվեր եք ուզում, ապա այդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք»։
«Կանազ» հոսպիտալում ասացին․ «Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք»:
Զինկոմիսարիատում ասացին․ «Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը»։ Երբ նա վերադարձավ, հիվանդանոցում նրան ասացին․ «Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել»։
Այս քաշքշուկներից հոգնած՝ վիրավոր զինվորը որոշեց դիմել «Նաիրի» մասնավոր բժշկական կենտրոն։ Հետազոտությունից պարզվեց, որ նա ունի կոնտուզիա, լսողության կորուստ և ուղեղի ցնցում։
Նա վճարեց դեղորայքի և հետազոտության համար, իսկ հետո պարզեց, որ կան մի քանի պետական ծրագրեր, որոնք կարող էին իրեն անվճար դեղեր և բժշկական օգնություն առաջարկել: Նրան նաև ասացին, որ կարող էր դիմել զինվորական հաշմանդամության համար։
Ուստի նա դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն անմիջապես մերժեց նրա դիմումը։ Նրանք ասացին․ «Դուք չկաք պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակում»։ Հետո նա զանգահարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ բացատրելով իր խնդիրը: Նրան ասացին զանգահարել մեկ այլ հեռախոսահամարով: Երկու օր թեժ գծով որևէ պատասխան չստանալուց հետո, նրան երրորդ հեռախոսահամարը տվեցին, որով նա ամբողջ օրը զանգահարեց։ Վերջապես, երեկոյան մեկը պատասխանեց և կոպիտ ասաց. «Ինչո՞ւ եք ինձ զանգում: Ես նման գործերով չեմ զբաղվում»:
Նա կրկին զանգահարեց թեժ գծին։ Նրան պատասխանեցին․ «Գիտե՞ք՝ երևի դիմեք պաշտպանության նախարարություն»։ Այնտեղ որևէ մեկը չպատասխանեց։ Նա զանգահարեց պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն։ Ոչ մի պատասխան։ Էլեկտրոնային նամակ ուղարկեց։ Նորից, ոչ մի պատասխան․․․
Դրանից հետո նա զանգահարեց զինկոմիսարիատ։ Նրան ասացին․ «Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․»։ Նա նորից պատմեց իր ամբողջ պատմությունը։ Նրանք պատասխանեցին. «Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք»։ Նրանք երբեք չզանգահարեցին․․․
Նա կրկին զանգահարեց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն, որտեղ ասացին․«Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում»։ Նա պատասխանեց, որ չի կարող տրամադրել այդ փաստաթուղթը, քանի որ հիվանդանոցում հրաժարվել են բուժել իրեն: Նրանք ասացին, որ գնա զինկոմիսարիատ: Նա վերջին անգամ դիմեց այնտեղ և խնդրեց նրանց օգնությունը։ Պատասխանեցին. «Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներն անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր»:
Հետո վիրավոր զինվորը նամակ գրեց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ բացատրելով իր ամբողջ պատմությունը։ Նա երկու անհեթեթ հեռախոսազանգ ստացավ․«Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է»։ Նա պատմեց իր պատմությունը։ Նրանք ասացին․ «Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․»։ Նա ասաց, որ չունի, քանի որ իրեն չեն բուժել։ Պատասխանեցին․ «Կզանգենք», բայց այլևս երբեք չզանգեցին։
Վիրավոր զինվորն իր տխուր ու խճճված պատմությունն ավարտեց հետևյալ հզոր խոսքերով․ «Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ Այդ ու՞ր եք պարոնա՛յք, զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան․․․ Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք» Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։ Ինձ՝ վիրավորիս առաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավոր ի հետ․․․ Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։ Անհապաղ լուծե՛ք․․․ Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում։ Լուծե՛ք անհապաղ»։
Սա խայտառակություն է: Ես զարմացած եմ, որ ոչ մի հայ պաշտոնյա ներողություն չի խնդրել այս վիրավոր զինծառայողից և նրա նմաններից ու չի կազմակերպել նրանց անհապաղ բուժումը: Այլապես, երբ տեղի ունենա հաջորդ պատերազմը, ոչ մի երիտասարդ չի ցանկանա կամավորագրվել կամ ծառայել բանակում։ Անկախ կուսակցական քաղաքական խնդիրներից, այս վիրավոր զինվորները մեր ազգի զավակներն են և արժանի են առավելագույն հոգածության: Նրանք վճարեցին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը և այժմ Հայաստանի կառավարության հերթն է հոգ տանել նրանց մասին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի