կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 18:11
Սպորտ

Մեդալներով և ոգևորող արդյունքներով. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Մեդալներով և ոգևորող արդյունքներով. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 8 մեդալ (երկամարտի): Հավաքականի հետ Երևան են ժամանել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որոնք ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ մարզիկների ելույթներին: Հայաստանի պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայում ջերմ ընդունելության է արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մեկնաբանելով հայ ծանրորդների ելույթները, ընդգծել է, որ արդյունքները գոհացնող են. «Մեր ծանրորդների ելույթները կարելի է փառահեղ անվանել: Կեցցե՛ն հայ մարզիկները, որ մեզ համազգային հպարտության զգացում են պարգևում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնցից չեմպիոնական ակնկալիքներ ունենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ մեր ընտրանու գրանցած ելույթները ցույց են տալիս՝ առաջիկայում այն կարող է դառնալ լավագույնն աշխարհում. «Հետևելով մեր ծանրորդների ելույթներին՝ հավատով ես լցվում. 2-3 տարի հետո այս հավաքականը, անկասկած, լինելու է աշխարհում ուժեղագույններից մեկը: Այսօր էլ հավաքականի անդամները շատ լավ մարզավիճակում են, բայց տարիների ընթացքում՝ փորձառություն ձեռք բերելուց հետո, մենք պայքարելու ենք բացառապես թիմային հաղթանակի համար: Լավ է լինելու, չկասկածեք և լցվե՛ք հավատով»:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), մեկնաբանելով իր ելույթը, նշել է, որ ոսկե մեդալը լավ նախապատրաստության արդյունք է. «Նպատակս հենց չեմպիոնությունն էր: Լավ նախապատրաստությունը տվեց իր արդյունքը: Կրկնակի հաճելի է, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը ևս մենք զբաղեցրինք՝ ի դեմս Արսեն Մարտիրոսյանի: Մեր միջև մրցակցություն չկա»: 

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ով այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ, վստահեցրել է՝ նախքան ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերը լավ մարզավիճակ ձեռք կբերի. «Չեմ արդարանում, պարզապես չստացվեց այն, ինչի համար մեկնել էի առաջնությանը: Վնասվածքիս պատճառով չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում: Գիտենք այս անհաջողության պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր, որին արդեն 200%-անոց մարզավիճակով ենք մասնակցելու»: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ  Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ բրոնզե:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ