կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 17:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաև բռնություն են գործադրել․ Ա․ Մինասյանի բողոքը դատարանում է

Ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում լրիվ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաև բռնություն են գործադրել ցույցի մասնակիցների նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստյանը՝ ներկայացնելով դատական նիստի բովանդակությունը, որը դատավորը հետաձգեց՝ գործով նյութերը ուսումնասիրելու համար։

«Արծվիկ Մինասյանը հաղորդում է տվել առանձին 3 դեպքերի վերաբերյալ․ իրեն բերման ենթարկելու, ոստիկանության աշխատակիցների գործողությունների և անգործության մասով, նաև՝ երրորդ անձանց՝ ԱԺ պատգամավորի և ԱԱԾ աշխատակցի կողմից կատարված գործողությունների մասով։ Որոշակի հատվածով պետք է դիտարկեինք, որ ապօրինի գործողություններ էին իրականացվել ոստիկանների կողմից, որոշակի մասով էլ պիտի դիտարկեինք, որ ուղղակի Ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում լրիվ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաև բռնություն են գործադրել ցույցի մասնակիցների նկատմամբ»,-մանրամասնեց Բենիկ Գալստյանը։

Դատական առաջին նիստի ընթացքը գնահատելով՝ պաշտպանն ասաց, որ նյութերը նախապատրաստվել են խիստ թերի և նախապատրաստվել են միայն պրն․ Մինասյանին բերման ենթարկելու ձևական հատվածի մասով։

«Այսինքն, բերման ենթարկող անձանցից մեկին՝ ոստիկանին, հարցաքննել են, ասել է՝ չէ, ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում և վերջ։ Մնացած անձանց ինչո՞ւ չեն հարցաքննել, մեզ համար անհասկանալի է։ Բնականաբար, Դատախազության աշխատակիցը նշված հանգամանքներին չանդրադարձավ, վերջում էլ նշեց՝ լավ, դե եթե ինչ-որ բան եղել է, իմ կարծիքով, կարգապահական է։ Նշեմ, որ Ոստիկանության մասին և այլ օրենսդրական ակտերով կարգապահական պատասխանատվության ենթարկելը անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից»,-նշեց պաշտպանը։

Բենիկ Գալստյանը նկատեց, որ իրենց պահանջն այն էր, որ իրենց տված հաղորդման մասով ամբողջական քննություն իրականացվի, պարզեն իրենց ասածը, հաստատեն կամ հերքեն։ Մինչդեռ քննիչները գրեթե ոչ մի գործողություն չեն արել, հարցաքննել են մի ոստիկանի, որն ասել է՝ ես ամեն ինչ օրենքի սահմանում եմ արել, ու, չգիտես ինչու, դա իրավական ուժ է ստացել, իսկ պրն․ Մինասյանի ասածները՝ ոչ։ Այս ամենը հակասում է թե՛ ներհայաստանյան օրենսդրությանը, թե՛ միջազգային, հատկապես ՄԻԵԴ-ի, պրակտիկային։

«Իմ կարծիքով այս մարդիկ ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորից, որ կանչեն՝ բացատրություն վերցնեն, ԱԱԾ աշխատակցից, որ կանչեն՝ բացատրություն վերցնեն, կամ նույնիսկ պարզեն, թե դրանք ովքեր են։ Մի համակարգը «ցրում է իր վրայից», ասում է՝ սա ՀՔԾ ենթակա գործ է, ՀՔԾ-ն էլ ասում է՝ մենք չենք քննում, իրենք են քննում»,-ասաց պաշտպանը։

Խոսքը ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասին է, որը 2020 թ. դեկտեմբերի 28֊ին մասնակցել է ցույցը ցրելու գործընթացին, և Արծվիկ Մինասյանի պահանջն է պարզել՝ այդ մարդը այդտեղ ի՞նչ գործ ուներ։

«Տեսագրություն ենք ներկայացնում, մարդ է առկա, որը բռնություն է գործադրում․ քննիչը չի նկատում այդ մարդուն, պարզապես չի նկատում, այն դեպքում, որ այդ մասն այնքան ակնառու է։ Առնվազն պիտի հարցնեն՝ այդ մարդը ո՞վ է և ինչո՞ւ է այդ գործողությունն իրականցնում։ Առավել քան վստահ եմ՝ քննիչն է՛լ, դատախազն է՛լ գիտեն, թե ով է»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Դատական նիստի հետաձգմանը պաշտպանը նորմալ է վերաբերվում, ասում է՝ հաշվի առնելով դատավոր Հովհաննիսյանի մասնագիտական հատկությունները, որը շատ ուշադիր լսում էր, շատ կոնկրետ հարցեր էր  տալիս, եզրակացնում է, որ դատարանը հասկացավ, որ առնվազն նյութերը պետք է ուսումնասիրի, առնվազն պետք է համապատասխան տեսագրությունները ուսումնասիրի։ Իրենք իրենց կողմից կներկայացնեն։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում քննվում էր Արծվիկ Մինասյանի բողոքը՝ 2020 թ. դեկտեմբերի 28֊ին ԱԺ պատգամավորների,  ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը ծանոթանա գործով նյութերին։

Մանրամասն՝ տեսանյութում․