կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 17:48
Իրավական

Էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել, քաշքշել քաղաքացուն

Էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել, քաշքշել քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ. քաշքշել են և իր կամքին հակառակ` հարկադրաբար տեսանկարահանել: Կ. Գ.-ն հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Երևանի բնակիչ Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել և քնել:

Նկատի ունենալով, որ հիշյալ նյութերում առերևույթ առկա են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշներ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: