Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու եւ ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական եւ հոգեւոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցում մտքեր փոխանակվեցին սերտ երկխոսության եւ բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ռազմական գործողությունների դադարեցմանը եւ պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:
ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրեց նաեւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտեց ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:
Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման եւ ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարեւորվեց միջազգային հանրության գործուն միջամտությունը: