Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի հարավում երկու գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 108-ի: Ուրբաթ այդպիսի թարմացված տեղեկատվություն է ներկայացրել Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ զոհերի թիվը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հասել է 32-ի: Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուգախեդի խոսքով՝ ընդհանուր առմամբ ողբերգության վայրում աշխատում է շտապ օգնության 74 մեքենա: Տուժածներին տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ, դոնորական արյան պակաս չի նկատվում: Տեղի բժիշկներին օգնում է Կահիրեից ինքնաթիռներով ժամանած բուժանձնակազմը: Առավել ծանր վիճակում գտնվող պացիենտները կտեղափոխվեն Եգիպտոսի մայրաքաղաքային հիվանդանոցներ, որտեղ սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Դեպքը տեղի է ունեցել Սոխագ նահանգում:
Սոխագ է մեկնել երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուլին եւ հինգ նախարարներ, այդ թվում՝ առողջապահության եւ տրանսպորտի նախարարները: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քննիչներն արդեն սկսել են տեղի ունեցածի հետաքննությունը՝ կոչ անելով չհրապարակել որեւէ տեղեկատվություն ողբերգական դեպքի մասին նախքան քննության ավարտը: Կալանավորվել են գնացքների երկու մեքենավարները. նրանք հարցաքննվում են: Ավելի վաղ երկրի Երկաթգծի վարչությունը մեղադրել է տեղի ունեցածում ինքնությունը չպարզված երկու հանցագործների, որոնք պոկել են ընթացքի արգելակը գնացքներից մեկում, ինչից հետո այն կանգ է առել: Դա, ինչպես պնդում են, հանգեցրել է նրան, որ հաջորդող գնացքը մխրճվի առաջին շարժակազմի վերջին վագոնների մեջ:
Դրանցից երկուսն ու մխրճված գնացքի երկրորդ վագոնն ուժգին վնասվել են: Դրանցում արգելափակվել են տասնյակ մարդիկ՝ ներառյալ կանայք ու երեխաներ, որոնց օգնության են շտապել մոտակայքում գտնված բնակիչները: Հարյուրավոր մարդիկ փորձել են օգնել գնացքների ուղեւորներին եւ անձնակազմին վթարից րոպեներ անց, սակայն առանց հատուկ տեխնիկայի շատերին փրկել հնարավոր չի եղել: Այժմ երկրի հարավում երկաթուղային հաղորդակցությունը դեռեւս կասեցված է. փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքը՝ խոստանալով առաջիկայում վերականգնել շարժումը:
Զոհվածների ընտանիքներին ցավակցություններ են հղել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին, որը հանձնարարել է համապատասխան վարչություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքը հետաքննելու համար եւ ներկայացնել համապատասխան փոխհատուցում զոհերի բարեկամներին: Եգիպտոսի առաջնորդը նաեւ խոստացել է, որ ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն: