ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ և քննարկել մի շարք կարևոր խնդիրներ։ Ստորև ներկայացնում ենք Երիտասարդական գրասենյակի պատասխանատուի՝ այդ մասին տարածած հայտարարությունը.
«Հանդիպում ՀՀ-ում Նիդերլանդների Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ։
Ի շարս բազմաթիվ հարցերի ներկայացրեցինք հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակն ու լրջագույն մարտահրավերները։ Երկուստեք կարեւորեցին ռազմգերիների անհապաղ վերադարձի առաջնահերդ խնդիրը։ Անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների տապալման փաստին, սոցյալական ծանր վիճակի առկայության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ խնդիրների եւ այդ խնդիրների հավանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։
Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում ազգային ուժերը ստիպված են լինում իրենք ստանձնել այս կարեւորագույն աշխատանքները»։
Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի պաշտոնական էջը.
«ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից՝ Սեպուհ Աբրահամյանն այսօր Երևանում, Հայաստանի հանրապետությունում Նիդերլանդների դեսպանատանը հանդիպեց լիազոր և արտակարգ դեսպանի հետ։ Ձերդ Գերազանցություն՝ Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի պատասխանատու՝ Արշակ Մեսրոպյանը և Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» ԵՄ անունից՝ Արփիար Մելիքյանը։ Քննարկման նյութ դարձան բազմաթիվ հարցեր։ Հայկական կողմի համար ամենացավոտ հարցը անցած պատերազմին Եվրոպայի կրավորական դիրքորոշումն էր և Արցախ աշխարհի հետ կապված բոլոր խնդիրները։ Պարոն Սխերմերսը վստահեցրեց, որ նա իր բոլոր հնարավորությունները օգտագործել է հակամարտության ժամանակ հայկական կողմի տեսակետները ներկայացնելու համար։ Նիդերլանդների համար այսօր ամենակարևորը ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն է։
Նիդերլանդների դեսպանության բացումը Երևանում համընկավ «Թագաժահր»-ի համավարակի ժամանակաշրջանին, որին հետևեց ծանր պատերազմը՝ ողբերգական ավարտով։ Այս պահին պայմաններն ավելի նպաստավոր են աշխատանքի համար և պարոն Սխերմերսը հույս հայտնեց, որ նրան կհաջողվի կամուրջ կառուցել Հայաստանում ապրող նիդերլանդացիների և Նիդերլանդներում ապրող հայերի միջև։ Երկկողմ համագործակցության հավաստիացումներ հնչեցին այս բարձր նպատակին հասնելու համար։ Զրույցի ավարտին դեսպան Սխերմերսին հանձնվեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից պատրաստված զեկույցը՝ ՀՅԴ տեսլականի մասին Հայաստանի զարգացման վերաբերյալ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ»։