կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 16:06
Հասարակություն

«Ալիք»-ի խմբագրական. Առանց դափնիների ու ծափերի…

«Ալիք»-ի խմբագրական. Առանց դափնիների ու ծափերի…

ԱԼԻՔ-ի 90-ամեակի առիթով

 1931 թ. մարտի 22-ի իր առաջին ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ով նորամուտ ԱԼԻՔ-ը ազդարարում էր հետեւեալ գաղափար-բանաձեւը.- «Գիտենք եւ այն, որ ոչ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով…»:

Եւ իրաւամբ, 90 տարի անց, այդ գաղափար-բանաձեւը չի դադարում արդիական լինելուց, քանզի տասնամեակներ շարունակ ծափեր որսալն ու դափնեպսակներով «զարդարւելը» մեզ մօտ սեպւել են որպէս անինքնանպատակ, անցողիկ ու անհեռանկար թերարժէքներ…: Այս վերջիններս, սակայն, փոխարինւել են գերնպատակային արժէքներով՝ ԱԶԳԱՅԻՆ-ով, որպէս մնայուն ու սեփական ազգի հոգեհարազատ հաւատամք:

90 տարիների իւրաքանչիւր հանգրւանը ԱԼԻՔ-ի համար նշանաւորւել է նոյն ու բացարձակ գաղափարի՝ ԱԶԳԱՅԻՆ-ի թէեւ յաճախ տատասկոտ, բայց անփոխարինելի ուղղութեամբ շարունակելու իր երթը, անխուսափելի սայթաքումների, բացթողումների ու մինչեւ իսկ սխալների մասին բարձրաձայնելով հարազատ, հաւատարիմ ու գիտակից համայնքի անխտիր բոլոր խաւերի ու ներկայացուցիչների առջեւ: Դժւարին պարտաւորութիւն, սակայն բարոյական պարտքի գիտակցում՝ որպէս նոյն համայնքի (գէթ վերջին տարիներին) միակ տպագիր օրաթերթի կարգավիճակի հանգամանքով:

Այսօր էլ, ահա, այս 90-րդ հանգրւանի շեմին, ԱԼԻՔ-ի գաղափարային, բովանդակային ու նպատակային առանցքը, անկախ քանակային ու նիւթատեխնիկական անհարթութիւններից, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն փրկարար ԱԶԳԱՅԻՆ գաղափարախօսութիւնը:

Գաղափարախօսութիւն, որն 21-րդ դար մուտք գործած ազգի միջուկի ու հայ պատմաբանի բնորոշմամբ կոչւում է ՀԱՅ ԴԱՏ, որպէս միակ երաշխիք՝ հայի ու հայրենիի պահպանման եւ որ դժւարագոյնն է՝ լիարժէք կայացման:

Իսկ այդ ամբողջի որպէս մի համեստ մասնիկ 90-ամեայ ԱԼԻՔ-ը այսուհետ եւս ջանք չի խնայելու նոյն գաղափարախօսութեան ու միեւնոյն ԴԱՏ-ի ալեկոծումների ընդմիջից լսելի ու հաղորդակից դառնալու իր յանձնառու եւ պատասխանատու առաքելութեան մէջ…: