կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 14:38
Հասարակություն

Հերքան․ հիշենք մեր երկրի տեղաբնիկ կնոջը

Հերքան․ հիշենք մեր երկրի տեղաբնիկ կնոջը

Թալին Սուջյան

Հերքանը մի անուն էր, որ երբեք չէի լսել։ Արխիվներում այժմ անհայտ հայկական անունների հանդիպել էի և կարծում էի, որ դա էլ այդ անուններից մեկը պետք է լիներ։ Հերքանը չորս երեխա ունեցած դերսիմցի մի կին էր։ Իր նկատմամբ հիացական վերաբերմունքս սկիզբ էր առել իր դստեր հետ ծանոթությանս օրը։ Իրականում նրա աղջկա հետ ծանոթացել եմ կես դար  առաջ, երբ ես 16 տարեկան էի, իսկ նա՝ 48։  Հետո մեկս մյուսի հետքը կորցրեցինք, որից 20 տարի անց, երբ առաջին անգամ հանդիպեցինք, չէի հիշում, թե նա ով է, որտեղ ենք ծանոթացել, և ինչ է նրա անունը։ Բայց գիտեի, որ նա մի կին է, որին շատ եմ սիրել։ Դեռևս չճանաչած, սակայն այդ անմոռանալի սիրտը ժառանգել էր իր մորից՝ Ֆաթմա-Հերքանից։

Այս հոդվածը գրել եմ այն հույսով, որ մարտի 8-ին կարողանանք լսել, հիշել, ներկային և ապագային հաղորդել շատ հեռու և ներքուստ մեզ հայտնի նոտան, որը մեր ականջին են շշնջում Հերքանը և նրա պատմությունը։

1919 թԴերսիմ

Հերքանը ծնվել է 1919 թ․ Դերսիմի Քըզըլքիլիսե գավառում։ Այդ տարիներին Քըզըլքիլիսեում կար հինգ եկեղեցի։ Հետո այդ գավառի անունը փոխել և դարձրել են Նազըմիյե և Հայդարի։ Հայկական դպրոց չկար, եթե անգամ լիներ էլ, այն հաճախելու հավանականությունը շատ քիչ կլիներ։ Երբ Հերքանը ծնվում է, հուրաքույրը Արգենտինա գաղթի ժամանակ քրոջը՝ Ֆիլորին, վերցնում է և իր հետ տանում Բուենոս Այրես։ Հերքանն ու Ֆիլորը մինչև 1961 թ․ միմյանցից լուր չեն ունենում։ Իրար գտնելուց հետո Հերքանը տեղափոխվում է  Բուենոս Այրես և կյանքի վերջին 25 տարին այստեղ  անցկացնում․ այստեղ էլ թաղվում է։
Ֆաթմա-Հերքանը մի որբ երեխայի՝ Մինասի հետ է մեծացել։ Հերքանի մայրը Մինասին մոր և հոր դիերի տակից փրկել, մի կրծքով Հերքանին, մյուսով էլ Մինասին է կերակրել և երկու երեխաներին մեծացրել։ Երկուսն էլ տարեկից էին, և երբ դարձել են 15-16 տարեկան, գյուղում Մինասի համար հայ աղջիկ, Հերքանի համար էլ հայ տղա չգտնելու պատճառով նրանց ամուսնացրել են իրար հետ։ Ամուսնացնել ասելը չափազանցված կլինի, հարսանիք չեն արել , ուղղակի միասին էին ապրում։ 16 տարեկան Ֆաթմա-Հերքանը ծնել է որդուն՝ Յուսուֆ-Արթուրոյին, երկրորդ որդին էլ՝ Մուստաֆան, հետագայում հոր անունն է ստացել՝ Մինաս։ 20 տարեկանում Հերքանի ամուսինը՝ Մինասը, մահացել է դեղնախտից, միևնույն ժամանակ նա կորցրել է նաև հորը, որից հետո որոշել են, թե Հերքանին դարձյալ պետք է ամուսնացնել։

Ուղղությունը դեպի Քյութահիա (Կուտինա-Ակունքի խմբ) էր

Ֆաթմա-Հերքանը երկու որդուն վերցնում և Քյութահիայի ճամփան է բռնում, որտեղ երկրորդ ամուսինն իրեն էր սպասում 6 երեխաների հետ միասին։ Իբրահիմ-Խորենը, շապիկագործ Խորենը կամ էլ դարբին Խորենը, նրան տրված մականուններից ամենահայտնիներն էին։ Նա Դերսիմի Հալվորի գյուղից էր և 1938 թ․ կոտորածներից հետո ընտանիքի հետ գաղթել էր Քյութահիայի գյուղեր։ Այստեղ կնոջը կորցրած Իբրահիմ-Խորենը գյուղ լուր էր ուղարկել և ասել, որ ցանկանում է դարձյալ ամուսնանալ, և որ իրեն հարմար կին գտնեն։ Այսպիսով՝ սկսվում են Ֆաթմա-Հերքանի՝ Քյութահիայում անցկացրած տարիները։ Խորենի վեց երեխաներից ոմանք հասուն էին, ամենամեծ որդին միայն երեք տարով էր փոքր Հերքանից։ Ֆաթմա-Հերքանն ու Իբրահիմ Խորենը երկու երեխա են ունենում, այսպիսով՝ Խորենի 6, Հերքանի 2 և համատեղ 2 երեխաների միջոցով նրանք 10 զավակով ընտանիք են կազմել։

Դուստրը պատմում է, որ հայրը քաջ, խիզախ անձնավորություն էր։ Երեք աղջկան էլ գյուղի նախակրթարանն էր տվել, ամեն օր նրանց դպրոց էր տանում, ելքի մոտ սպասելով՝ դպրոցից տուն էր բերում․ միշտ միջոցներ էր ձեռնարկում դուստրերի առևանգման վտանգի դեմ։ Երբ Խորենն էլ է երիտասարդ տարիքում մահանում, ընդհանուր 13 տարի տևած 2 ամուսնություններից հետո 33 տարեկանում 10 երեխայի հետ այրիացած Հերքանը մնում է ծննդավայրից հեռու, մի թուրքական գյուղում։

Ստամբուլն ու չքավորության տարիները

1956 թ․ նա վերցնում է բոլորին և գալիս Ստամբուլ, որտեղ գաղթականի կյանքը ամենածանրն է։ Ֆաթմա-Հերքանն արդեն հանգիստ էր․ համոզվել էր, որ կարող է ճշմարտությունն ասել երեխաներին և նրանց հայտնել էր, որ իրականում հայ են իրենք։ Այդ օրերին Գեդիկփաշայի ամեն կողմում հայեր էին։ «Գոնե մենակ չենք», -մտածել էր նա։ Գյուղերում նրանց կարգավիճակը հայտնի էր․ ըստ գյուղացիների՝ նրանք «կալի երկժանիով» ուտող (գյուղում չգիտեին, թե ինչ է պատառաքաղը, գյուղացիները հիմնականում փայտե գդալով էին ուտում, Իբրահիմ-Խորենը մի օր Քյութահիայի կենտրոնից պատառաքաղ էր բերել տուն) գյավուրներ էին կամ «պոչավոր քրդեր»։ Երեխաները չէին հականում, թե ինչու են իրենց այդպես անվանում։ Մեծ քաղաք գալը ամեն բան փոխելու էր։ Գյուղում մեկ օր անգամ աղքատ չեն եղել, գյուղատնտեսության և անասնապահության շնորհիվ։ Մածուն, կաթ, ձու, հավ վաճառելու միջոցով ապրուստը վաստակած մեծ ընտանիքը Ստամբուլ գալուն պես հայտնվել էր աղքատության մեջ։ Հերքանն ապրում էր չորս երեխաների հետ, մյուս երեխաները ամուսնացել, իրենց ընտանիքներն էին կազմել։ Ամենափոքր որդին դպրոց էր հաճախում․ բացի նրանից՝ մյուս բոլորը աշխատում էին։ Գեդիկփաշա թաղամասում ապրող հայերն առանձնապես բարյացակամ չէին գաղթական հայերի, առավել ևս իսլամացված, հայերեն չիմացող և թուրքական անուններ կրող հայերի նկատմամբ․․․ Հերքանը չէր կարողացել իր երեխային ուղարկել հայկական դպրոց, ոչ էլ որևէ մեկը ձգտում էր իր որդուն հայերեն սովորեցնել։ Իսկ երեխաներին հայերի հետ ամուսացնելու հնարավորությունն ի սկզբանե մեծ խնդիր էր։

Դպրոցում հավաքարար է աշխատել

Սկզբում սկսում է որպես հավաքարար աշխատել Գեդիկփաշայի մի թուրքական դպրոցում։ Նա ապրում է դպրոցի 10 քմ սենյակում՝ չորս երեխաների հետ։ Շաբաթ-կիրակի գնում է որբ հայ երեխաների գիշերօթիկ դպրոց՝ Ժողովարան և օգնում այնտեղի հավաքարար ընկերներին։  1961 թ․ գտնում է ֆիլորին, իսկ 1968 թ․ Հերքանը տեղափոխվում է Բուենոս Այրես։ Այդ ընթացքում երեք երեխաները արդեն գնացել և հաստատվել էին Արգենտինայում։ Հերքանը հիմա էլ թոռներին էր մեծացնելու։

Բուենոս Այրեսում նրա անցկացրած տարիները

Հերքանն ընդհանրապես դպրոց չի գնացել, գուցե և դրա շնորհիվ է, որ կարողացել է պահպանել իրեն հանդիպած բոլոր դժվարություններին հարմարվելու բնույթը։ Դերսիմի Քըզըլքալեսի գյուղից մինչև Քյութահիայի գյուղ, Քյութահիայից մինչև Ստամբուլի Գեդիկփաշա թաղամաս, այնտեղից էլ Բուենոս Այրես գնալիս նա իր կյանքը նոր էջից է կառուցել և անծանոթ, նույնիսկ այդ երկրների լեզուները չիմանալով, համառորեն գոյության պայքար է մղել։ Միաժամանակ իր երեխաների գլխին միշտ, գրեթե արծվի նման կանգնած է եղել․ տարբեր իրավիճակներում պաշտպանել է նրանց, ամեն բան արել է նրանց ապահովության և երջանկության համար։
Հերքանը երկու ամուսիններից ընդհանուր երեք որդի և մի սիրասուն աղջիկ ուներ․ վերջինիս առանձնացնում էր իր տղաներից։ Դուստրը միշտ իր աչքերի առաջ պետք է լիներ, հում կաթի սերը միայն նրան էր տալիս։ Համբուրելու համար մեկնված ձեռքը թույլ չէր տալիս, որ աղջիկը համբուրի։ Այնպիսի սիրով լի մանկություն էր պարգևել աղջկան, որ վերջինս ամբողջ կյանքի ընթացքում այդ սիրո շնորհիվ էր կարողացել հաղթահարել իրեն հանդիպած դժվարությունները։ Երբ դուստրը երիտասարդ տարիքում կորցնում է ամուսնուն, Հերքանը, չնայած մահվան մահճում լինելուն,  հասնում է և նրան ստիպում երդվել․ «Ինձ խոսք տու՛ր, որ միայնակ չես մնալու»։ Եվ աղջիկը պահում է մորը տված խոստումը։

Մեծ սրտով, ապրելու համառությամբ լի կյանք է եղել Հերքանի կյանքը։ Այս ամենն անելու ուժը գտնելը պետք է սերտորեն կապ ունենար նրա հետ, որ նա ծնվել ու մեծացել էր մի վայրում, որտեղ  քարերն ամենածանրն էին․ նա բնիկ էր այստեղ։ Այն 20 տարիները, որ նա անցկացրել է մի վայրում, որտեղ մայրն ու հայրն են ապրել, որտեղ նա խոսել է լեռների հետ, վշտերը պատմել ջրերին, հերկել է հողը, արածեցրել անասուններին, իրեն ուժ, դիմադրողականություն, համառություն և կյանքի նկատմամբ սեր  են ապահովել հետագա աքսորների ժամանակ։
Հերքանը մեզ հիշեցնում է գաղթերի, բռնության միջոցով մոռացված տեղաբնիկներ լինելու մեր ուժի մասին, որ աշխարհի որ ծայրում էլ լինենք, ոչ ոք չի կարող մեզնից խլել։ Ժամանակն է, որ հիշենք, գիտակցենք այդ ուժը, այն, որ մեր ներսում էլ է այդ տեղաբնիկ կինը նստած։

http://www.agos.com.tr/tr/yazi/25412/herkan-icimizdeki-yerli-kadinini-hatirlamak

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net