կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-08 15:48
Հասարակություն

Հիշենք այն տղաներին, ովքեր, անգամ գնդակ չարձակելով, արդեն իսկ հերոս են. ՀՅԴ-ականներն այցելեցին Եռաբլուր

Հիշենք այն տղաներին, ովքեր, անգամ գնդակ չարձակելով, արդեն իսկ հերոս են. ՀՅԴ-ականներն այցելեցին Եռաբլուր

Այսօր մի խումբ դաշնակցականներ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման համար իրենց կյանքով վճարած տղաների շիրիմներին:

Արցախի ազատամարտի առաջին իսկ օրերին Լիբանանից Հայաստան ժամանած ու Շուշիի ազատագրման օրն էլ զոհված ՀՅԴ-ական Վիգեն Զաքարյանի մասին խոսելով՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Թաթուլ Հարությունյանը հիշեց, թե ինչ էր ասել Վիգենի հայրը, երբ տղայի մահվան քառասունքի օրն այցելել էին Եռաբլուր: «Վիգենը մինուճար տղա էր, ու երբ քառասունքի օրն այստեղ եկանք, հայրը հետաքրքիր մի բան ասաց. «1969-ին զավակ ունեցա, որպեսզի տամ հայրենիքիս»: Սա շատ կարևոր է, որպեսզի հասկանանք այն անձնազոհությունը, այն նվիրումը, որ ունեցել են մեր սփյուռքահայ ընկերները: Սա իսկապես մատաղի պես մի բան էր՝ որդի են ունեցել հայրենիքի համար: Առաջին իսկ առիթի դեպքում, իսկ այդ առիթն Արցախյան պատերազմն էր, իրենց որդուն ուղղակի նվիրաբերել են հայրենիքին»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց նաև, որ Վիգենը ծնողներից ու ընկերներից ծածուկ էր եկել` Արցախյան ազատամարտին մասնակցելու, և Երևանում ոչ մի օր չէր մնացել: «Վիգենն ասում էր՝ սա չտեսա, այն չտեսա. օդանավակայանից հետո ուղղաթիռով ուղիղ Արցախ էր եկել: Ուզում եմ հիշենք նման տղաներին, ովքեր, գնդակ անգամ չարձակելով, արդեն իսկ հերոս են: Նրանք թողեցին իրենց հանգիստ կյանքը, եկան` օգնելու իրենց եղբայրներին ու քույրերին: Իսկ այն, որ այսօր այստեղ՝ Եռաբլուրում, դուք՝ երիտասարդներդ, մեր կողքին կանգնած եք, սա նշանակում է, որ այս մարդկանց հիշատակը միշտ վառ է մնալու»,- ասաց Հարությունյանը:

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի խոսքով՝  մայիսի 8-ն ուրախալի, բայց, միևնույն ժամանակ, նաև տխուր օր է: Ըստ նրա՝ ուրախալի է, քանի որ փորձեցինք տարիներ հետո ազատագրել Շուշին, իսկ տխուր է, քանի որ ընկերներ կորցրեցին: «Մենք կորցրեցինք Վիգեն Զաքարյանին՝ ընկերոջ, որն իր հանգիստ, խաղաղ կյանքը Լիբանանում թողել ու եկել էր հայրենիքի պաշտպանության համար պայքարելու: Արդեն 26 տարի է՝ այցելում ենք Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում, կանգնում լուռ ու մտածում կյանքի մասին, արածի ու անելիքների մասին, մտածում ենք՝ մեր պայքարն իմաստ ունե՞ր, թե՞ ոչ: Այստեղ հավաքված երիտասարդ սերունդը վկայում է, որ պայքարն ուներ իմաստ, մենք ունենք շարունակություն, մենք ունենք զավակներ, որոնք մեր գործը շարունակելու են»,- ասաց Սարգսյանը:

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը  հիշեցրեց, որ մայիսի 8-ին և 9-ին մենք ունեցանք 47 զոհ: Նրա խոսքով՝ մենք պարտավոր ենք բոլորին հիշել՝ անուն առ անուն: «Իհարկե, Շուշիի գումարտակի ՀՅԴ վաշտում մեկ զոհ էր՝ Վիգենը, բայց կային այլ դաշնակցականներ, օրինակ` Արտաշատի ջոկատից Վազգենը և այլք: Պետք է հիշենք բոլորին, փառք տանք նրանց, ինքներս մեզ պարտավորված զգանք`  նրանց գործը շարունակելու: Ներկայիս մարտահրավերները մեզանից պահանջում են ավելի զգոն ու պատրաստ լինել, ինչի վառ ապացույցն է ապրիլյան օրերին ՀՅԴ պահեստային առանձին գումարտակի ձևավորումը, որում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Մեր պարտքն է մեր ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց, որովհետև ժամանակները փոխվում են՝ ճանապարհը երիտասարդներինն է»,- ասաց Մխիթարյանը: