կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 18:25
Քաղաքական

Մովսես Հակոբյանը հայտարարագրում գույքի դիմաց նշել է՝ «հանձնել եք թշնամուն». yerevan.today

Մովսես Հակոբյանը հայտարարագրում գույքի դիմաց նշել է՝ «հանձնել եք թշնամուն». yerevan.today

Yerevan.Today-ը գրում է. «Տասն օր առաջ զավեշտալի դեպք է գրանցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենքում: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր ունիկալ, բայց ցավալի գրառումներով մեծ լարվածություն է առաջացրել էթիկայի հանձնաժողովականների մոտ:

Արցախում բնակված գեներալ-գնդապետն իր ամբողջ կարողությունները, բնականաբար, կուտակել էր հանձնված տարածքներում․ հայտարարագրելիս մարդը ստիպված անկեղծացել է։

Որպեսզի գործող իշխանությանը Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնի, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի  գտնվելու շրջանը,  հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիեւին»: Սա, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խառնաշփոթ է առաջացրել հանձնաժողովի ներսում, ավելորդ սկանդալից խուսափելու համար խնդրել են գեներալին՝ վերանայել գրառումները: Մոսին սկզբում հրաժարվել է՝ ասելով, որ իրողությունը ներկայացրել է այնպես, ինչպես կա, սակայն ավելի ուշ  գեներալ-գնդապետի հետ տարածք մտած մտերիմներից մեկի միջամտությամբ խմբագրվել է ծնունդով հադրութցի գեներալի հայտարարագիրը։ Իսկ թե ինչպես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից հետո պարզ կդառնա:

Yerevan.Today-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չհերքեց իր հայտարարագիրը  յուրահատուկ ձեւակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելեց․ «Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ,  հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել  թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:

Այս ամոթալի միջադեպի ֆոնին հետաքրքիր կլիներ ծանոթանալ բոլոր ժամանակների Արցախի ամենահարուստ պաշտոնյան համարվող, գործող նախագահ Արայիկ Հարությունյանի ունեցվածքի մասին հայտարարագրին․ մանավանդ եթե պարոն Հարությունյանը որոշեր  գոնե մեկ անգամ իսկապես անկեղծանալ այնպես, ինչպես դա արել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մոսին:

Հիշենք, թե քանի անգամ է մամուլը գրել, որ դեռ անցած տարի՝ պատերազմից 3-4 ամիս առաջ, ինչ-որ տարօրինակ կանխակալ հաշվարկներով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ նրա կառավարության կազմում ԱԱԾ պետ դարձած Կամո Աղաջանյանը վաճառել էին իրենց  հողատարածքներն ու որոշ բիզնեսներ, որոնք, ըստ մամուլի, փաստացի գտնվել են  թշնամուն հանձնվող տարածքներում»։