կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 18:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վստահ եմ, որ Ծառուկյանը Փաշնյանի հետ հուշագիր չի ստորագրի․ Իշխան Սաղաթելյան

Ծառուկյանի հետ համագործակցությունը շարունակելու ենք, փողոցային պայքարը ուժի մեջ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ Փաշինյանի պահանջը հայտնի է՝ խորհրդարանական ընդդիմությունն իր հետ հուշագիր ստորագրի, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և գնան արտահերթ ընտրությունների, բայց Իշխան Սաղաթելյանի համար անհասկանալի է այս պահանջի տրամաբանությունը, քանի որ, անկախ ընդդիմադիրների՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելուց, եթե իմքայլականներն ընտրեն իրենց թեկնածուին, նա կընտրվի։ Իշխան Սաղաթելյանը եզրակացնում է, որ այս պահանջի հիմքը, թերևս, այն է, որ Փաշինյանն արդեն չունի էլ քաղաքական մեծամասնություն և հուշագիր պետք է ստորագրի իմքայլական պատգամավորների հետ, որպեսզի ընտրեն իրենց թեկնածուին, ոչ թե ընդդիմության։

Սաղաթելյանը նկատեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ընտրություններ կազմակերպել, ազատ կարող է դա անել, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսկացություններն այդտեղ անելիք չունեն։

«Այնպես որ, ես վստահ եմ, որ Ծառուկյանը հուշագիր Նիկոլ Փաշնյանի հետ պետք է որ չստորագրի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ անկախ ԲՀԿ-ի հայտարարությունից, որ առանց Փաշինյանի պատրաստ են անհապաղ արտահերթ ընտրությունների, Հայրենիքի փրկության շարժումը մնում է հին դիրքորոշմանը, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է 1 տարի գործի ժամանակավոր կառավարությունը, նոր միայն անցկացնեն արտահերթ ընտրություններ։

Սա, ըստ Սաղաթելյանի, ոչ թե տարաձայնություն է ԲՀԿ-ի ու Շարժման միջև, այլ տարբեր մոտեցումներ՝ չարիքի կառավարությանը հեռացնելու հարցում։

«ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է․ Շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարությանը հեռացնելու համար, բայց մենք բոլորս ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա և վերջ»,-բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ անփոփոխ են ոչ միայն իրենց դիրքորոշումները, այլև իրենց վերաբերմունքը նախագահի կազմակերպած քննարկումների վերաբերյալ։

«Մենք կողմ էինք հենց նախագահի առաջարկած ձևաչափով և մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպումները մենք համարում ենք ձևական, անիմաստ և անբովանդակ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին, խնդիրն այն է՝ ինչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրություններով։

«Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի և ճգնաժամը ընտրությունների արդյունքում ավելի է խորանալու, որովհետև այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն։ Որովհետև այն մարդը, ով ամբողջ պատերազմի ընթացքում խաբում է մեր ժողվորդին, ով հանրահավաք անելու համար կիրառում է հսկայական պետական մեխանիզմներ և լծակներ, ով իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի, այդ մարդը ո՞նց կարող է ապահովել հավասար պայմաններով մրցակցային և նորմալ ընտրություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ընտրությունները միջոց են ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, իրենց կարծիքով, ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, եթե այդ ընտրությունները կազմակերպեն այսօրվա իշխանությունները։

Մանրամասն՝ տեսանյութում․