Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում հետաձգվեց «բանդայի գործով» դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ այս գործով որևէ նիստ չի նշանակվի, քանի որ, մեր տեղեկություններով, այս գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, ով պետք է նորից սկսի գործի քննությունը:
Գործը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը, ով այսօր դատարան էր եկել հյուրի կարգավիճակով, մոտ օրերս պաշտոնապես կնշանակվի Կոտայքի մարզի դատավոր:
Yekir.am-ի տեղեկություններով` Պապոյանին կփոխարինի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ում և կմակագրվի «բանդայի գործը»: Սակայն Պապոյանը Կոտայքի դատավոր նշանակվելուց հետո կգործուղվի Կենտրոնի դատարան` քննելու իր վարույթում գտնվող մեկ այլ հնչեղ գործ` սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը:
Նշենք, որ Պապոյանը նույն եղանակով (գործուղվելով) կարող էր նաև ավարտին հասցնել «բանդայի գործը»., որով գրեթե ավարտվել էր ապացույցների հետազոտումը, և դատարանը պետք է անցներ վիճաբանությունների փուլին, սակայն, փաստորեն, այս գործն անցնելու է նոր քննություն, ինչը, բնականաբար, դուր չի գա դատավարական կողմերից և ոչ մեկին, մանավանդ` ամբաստանյալներին, ովքեր այս քննության ընթացքում իրենց դրսևորած վարքով (հիշեք ինքնավնասման դեպքը) ցույց են տվել, որ այլևս չեն դիմանում ձգձգվող դատավարությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով գլխավոր մեղադրյալ, ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ իր պաշտպանյալն օր առաջ է ցանկանում, որ ավարտվի գործի քննությունը: Պաշտպանը հայտնեց, որ եթե գործն այլ դատավորի մակագրվի, և նոր քննություն ընթանա, չի բացառվում, որ ինքը Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նոր միջնորդությամբ հանդես գա, որը, սակայն, դժվար թե դատարանը բավարարի:
«Անհասկանալի մի երևույթ է տեղի ունենում, հերթական հիասթափությունն ենք ապրում, այս ձևով արդարադատություն չեն իրականացնում, սա նշանակում է, որ վտանգված է այս գործով օբյեկտիվ դատական ակտի կայացումը»,- ասաց նա և հավելեց, որ դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշում է գործադրվում, քանի որ, ըստ նրա, գործում առկա բոլոր ապացույցներն արհեստածին են:
«Չի բացառվում, որ այս ամենը ծրագրված է, և որ Պապոյանի նկատմամբ ճնշում գործադրած լինեն, իսկ նա հրաժարվի քննել գործը` հասկանալով, որ ամբաստանյալներին վերագրված մեղադրանքն արհեստական է»,- ասաց փաստաբանը: