Նվիրյալներից մեկը, ում մասին գրեթե չեն խոսում։
Արցախի առաջին վարչապետը ԵՂԻՇԵ ԻՇԽԱՆՅԱՆ
Եղիշե Իշխանյան (հունվարի 1, 1886, Շուշի – ապրիլի 28, 1975, Նյու Յորք) 20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական , քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ անդամ։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում և Հայաստանի Հանրապետությունում։ 1918 թ. հուլիսի 22-ից մինչև 1919 թ. հուլիսի 5-ը եղել է Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ։
Եղիշե Իշխանյանը ծնվել է Շուշի բերդաքաղաքում, Ցարական Ռուսաստանում։ Նրա հայրը, Հովհաննես-Բեկ Իշխանյանը, պետական աքցիզային վարչության պաշտոնյա էր, հայտնի մարդ էր ողջ Ելիզավետոպոլի նահանգում։Եղիշեն տարրական և միջնակարգ կրթություն է ստացել ծննդավայր Շուշիում։ Այստեղ դեռևս դպրոցական տարիքում առնչվել է հայ ազգային գործիչների, այս թվում Նիկոլ Դումանի հետ, ստացել նրանցից գաղափարական դաստիարակություն, տոգորվել Հայաստանի ազատագրության երազանքով։ Հետագա ուսումնառությունը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Ապա մեկնել է Պետերբուրգ, որտեղ սովորել է գյուղատնտեսական բարձրագույն վարժարանում մինչև 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը, այնուհետև վերադարձել հայրենիք։
1918թ. հուլիսի 22-ին հրավիրվում է Լեռնային Ղարաբաղի աշխատավորության առաջին համագումարը, որը տեղի է ունենում Շուշիի Թեմական դպրոցի դահլիճում: Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններից եկել էին մոտ 180 պատգամավոր: Բացի այդ պատգամավորներից, համագումարին մասնակցում էին Շուշիում գոյություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Դաշնակցականների առաջարկությամբ համագումարի նախագահ է ընտրվում բոլշեւիկյան կուսակցության անդամ Ալեքսանդր Ծատուրյանը, իսկ քարտուղար՝ մենշեւիկյան կուսակցության անդամ, ուսուցիչ Թեոդորոս Տեր-Հովհաննիսյանը:
Օրակարգի գլխավոր հարցն էր՝ Ղարաբաղում կառավարության ընտրությունը: Առաջին նիստից հետո, առանց որեւէ պատճառաբանության, նախագահի պաշտոնից հրաժարվում է Ծատուրյանը: Նրա այդ անհիմն ու առանց բացատրության հրաժարվելը մեծ վրդովմունք է առաջ բերում պատգամավորների շրջանում: Համագումարն ստիպված է լինում անցնել նոր նախագահի ընտրության: Այս անգամ նախագահ է ընտրվում Ղարաբաղի դաշնակցական կուսակցության ականավոր գործիչ Եղիշե Իշխանյանը:
Լեռնային Ղարաբաղի` Դաշնակցության Կենտկոմի նախագահ Հայրապետ Մուսայելյանը մանրամասն զեկուցում է տալիս անդրկովկասյան քաղաքական դրության եւ հայ ժողովրդի ծանր վիճակի մասին: Նա երկար կանգ է առնում տաճիկների ու գերմանացիների՝ դեպի հայ ժողովուրդն ունեցած թշնամական վերաբերմունքի մասին ու կոչ է անում շարունակել պայքարը՝ ռուսական ժողովրդի հետ միանալու եւ, միաժամանակ, միշտ պատրաստ լինել՝ հակահարված տալու բոլոր տեսակի ոտնձգություններին, որոնք ուղղված կլինեն հայ ժողովրդին:
Համագումարն ընտրում է կառավարություն, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական կառավարություն», իսկ կառավարության անդամները՝ կառավարիչներ: Կառավարությունը բաղկացած էր 8 բաժնից, եւ ընտրվում են հետեւյալ անձնավորությունները.
Ներքին գործերի կառավարիչ – Եղիշե Իշխանյան
Արտաքին գործերի կառավարիչ – Եղիշե Իշխանյան
Զինվորական գործերի կառավարիչ – Հարություն Թումյան
Հաղորդակցության գործերի կառավարիչ — Մարտիրոս Այվազյան
Պարենավորման գործերի կառավարիչ — Արսո Հովհաննիսյան
Ֆինանսական գործերի կառավարիչ – Մովսես Տեր-Աստվածատրյան
Հողային գործերի կառավարիչ – Արշավիր Քամալյան
Արդարադատության գործերի կառավարիչ- Արշավիր Քամալյան
Կառավարության նախագահ է ընտրվում Եղիշե Իշխանյանը, իսկ քարտուղար՝ Մելիքսեթ Եսայանը:
Կառավարության բաժինները բաժանված էին ըստ կուսակցությունների՝ հետեւալ կերպ.
Դաշնակցություն -4 տեղ
Մենշեւիկներ-2 տեղ
Էսէռներ -1 տեղ
Անկուսակցականներ-1 տեղ։
Եղիշե Իշխանյանը եղել է նաև Վայոց Ձորի տեղական գործադիր մարմնի քարտուղար։ Այստեղ նա մնացել մինչև 1921թ., և այդ ընթացքում` ըստ որոշ տեղեկությունների հանդիպել ու համագործակցել է Դրոյի, Գարեգին Նժդեհի և այլոց հետ։ 1921 թվականի ապրիլի սկզբին, երբ բոլշևիկները վերջնականապես ճնշում են փետրվարյան ապստամբությունը, հայ պետական գորժիչներից շատերը նախ նահանջում են Սյունիք (Լեռնահայաստան), ապա անցնում Արաքս գետը և տարագրվում Պարսկաստան. նրանց հետ էր նաև Եղիշե Իշխանյանը։
Կյանքի վերջին տարիները անց է կացրել Նյու Յորքում, որտեղ էլ մահացել է 1975թ-ին։
Անի Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից