կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 16:29
Քաղաքական

«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան

«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացնում է Արցախի ինքնորոշման միակ ճանապարհը. այն արձանագրում է, որ հետդարձ չկա, և չի ժխտում այն հանգամանքը, որ Արցախի անջատում արդեն տեղի է ունեցել: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

««Անջատում հանուն փրկության» գաղափարը, որ հնչեցվել է վարչապետի կողմից, նույնն է, ինչ ինքնորոշման իրավունքը, ուղղակի ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրաստիճան եղանակն է: Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել, ընդ որում՝ անջատումը տեղի է ունեցել Խորհրդային միությունից, և փաստը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է: Այս պահի դրությամբ մենք ունենք իրական վտանգ, որն ակնհայտ դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի միջոցով, որի ակնհայտ նպատակն է օկուպացնել և գրավել Արցախը, եթե ոչ ավելին: Այս սկզբունքը կանխում է հետ գնալու ճանապարհը, դրանով ուղարկվում է հստակ մեսիջ, որ հետդարձի ճանապարհ չկա, որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության»-ը: Այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտի հետդարձի անթույլատրելիությունն ու անտրամաբանությունը, որովհետև չի կարելի մի միավոր միացնել ռասիստ ռեժիմին»,- ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հանրությունում «Անջատում հանուն փրկությանը» շատ ընդունված գաղափար է: