Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային արժույթի արժեզրկումը կամ արտարժույթի արժևորումը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ֆինանսների և էկոնոմիկային հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, որոշ ոլորտներում տնտեսական գործունեությունները դադարել են, պաշտոնական ցուցանիշներով անկում են գրանցել բոլոր ոլորտները, չկան խոստացված ներդրումները , պակասել են հարկային մուտքերը։
«Սրանք երևույթներ են, որոնք իրենց հետ բերում են բացասական ելքեր, որն էլ ուղղակի ազդեցություն ունի ֆինանսական կայունության և սոցիալական վիճակի վրա։ Անշուշտ դրամի արժեզրկումն իր հետ բերում է որոշ ապրանքների գների աճին թանկացել են ձեթը, շաքարավազը, կարագը, ալյուրը և այլն։ Դրամի արժեզրկումն ուղղակի ազդեցություն ունի նաև գազի գնի վրա, թանկացել է գազը, կթանկանա էլեկտրաէներգիան, ինչ էլ շատ ուղղակի ազդեցություն ունի ՀՀ-ում արտադրվող ապրանքների ինքնարժեքի ավելացման»,- ասաց տնտեսագետը։
Նա ընգծեց, որ երկրում բացակայում են հայեցակարգային լուծումները, ներհայաստանյան քաղաքական օրակարգերում չկան խնդրին առնչվող ադեկվատ լուծումներ, ավելին, իշխանությունները ինչ էլ որ արել են, մեծամասամբ սխալ են արել։ Այսինքն այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ պետության ղեկավարություն չի փոխվել։
Դիտարկմանը, որ Հայաստանից գումարների արտահոսք է տեղի ունենում և օտարերկրյա ներդրումները անցած տարվա երրորդ եռամսյակում բացասական ցուցանիշ էին կազմել՝ այսինքն 12,9 մլն դոլար դուրս էր եկել Հայաստանից, նաև Հայաստանի բնակիչների մասնավոր փոխանցումներն են դեպի արտերկիր սկսել գերակշռել արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումներին, տնտեսագետը պատասխանեց, որ առհասարակ ֆինանսական միջոցները հոսում են այնտեղ, որտեղ առկա է կայուն տնտեսական և քաղաքական համակարգ։
«Հայաստանում գործող իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է ներդրումներ ներգրավելու առումով ոչ գրավիչ։ Գումարների արտահոսքը պայմանավորված է մի շարք պայմանների հետ, որոնցից թերևս կարևորներն են, պատերազմից հետո ստեղծված կացությունը, ավանդների տեղափոխումը արտերկրի բանկեր։ Կան դեպքեր, որ նույնիսկ ավանդները հանվել են բանկային հաշիվներից և դրվել են նույն բանկերի պահատուփերում։ Ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահության արդյունք է նաև բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները։ Հայաստանում համավարակի հետևանքով մի շարք եկամտաստեղծ ոլորտներ ահռելի վնասներ են կրել, ինչպիսիք են ծառայությունների ոլորտը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, կան դեպքեր, որ որոշ գործարար շրջանակներ իրենց միջոցները տեղափոխում են այլ երկրներ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
«Ամբողջ խնդիրը Հայաստանի իշխանությունների կողմից լուծումներ չունենալն է, վիճակի գնահատումների բացակայությունն ու անկարողությունն է։ Արդեն տևական ժամանակ է, ինչ մասնագիտական, փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ այսպես շարունակել չի կարելի, պետք են փոփոխություններ, ոչ թե դատարկ խոստումներ։ Չլսեցին, չհասկացան, պնդեցին իրենց լիբերալ չարդրացված կուրսն, ու այսօր ունենք այն ինչ ունենք»․-ասաց տնտեսագետը։
Հարցին, որ իշխանությունը մոտ 3 տարի առաջ տնտեսական հեղափոխություն խոստացավ, բայց ականատեսն ենք լինում բացասական հեղափոխությանը, տնտեսագետը նկատեց, որ բազմիցս նշել է, որ տնտեսական հեղափոխություն տերմինը սխալ է։
«Տնտեսությունն ու հեղափոխությունը իրարամերժ երևույթներ են։ Տնտեսությանը կայունություն, հուսալիություն, երկարաժամկետ գնահատելու հնարավորություն է պետք, իսկ հեղափոխությունները փոփոխությունների փուլ են։ Տնտեսական հեղափոխությունը իշխանության ամենաանհաջող «բրենդ»-ներից մեկն էր։ Իշանությունների ոճն է նաև իրենց ձախողումների համար մեղադրել բոլորին, այդ թվում պետական լծակներ չունեցող ընդդիմությանը, բայց ոչ իրենք իրենց։ Նրանք աղքատության մեջ մեղադրեցին աղքատներին, թե բա գլուխներիցդ հանեք, համավարակի դեմ պայքարի ձախողման մեջ մեղադրեցին մեր քաղաքացիներին, պատերազմ վարելու անգրագիտության դրևորման մեջ մեղադրեցին համարյա բոլորին։ Բայց որ այս ամենի մեղավորը հենց իրենք են, դրանում չի կասկածում ոչ մի մտածող մարդ»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով, տնտեսության կայուն զարգացման համար պետք է ծրագիր, միջոցառումների պլան, ռեսուրսների հաշվարկներ, իրականացնող պրոֆեսիոնալ կադրեր, գնահատումներ, տնտեսության տարբեր ճյուղերի swot վերլուծություններ և այլն։
«Այսօր թվարկածներիցս ոչ մեկը չկա, հետևաբար պետք են քաղաքական փոփոխություններ, որպեսզի գնահատվի առկա վիճակը և ներդրվի նոր համակարգային լուծումներ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Տնտեսության վերականգնման համար Արմեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական փոփոխություններից զատ պետք է նաև հրաժարվել պոպուլիզմից։
«Բավական է հիշենք վարչապետի տարբեր ժամանակներում հնչեցրած 100 փաստերը, այս կամ այն մարզում «իմ քայլը հանուն այս մարզի» ոչինչ չտվող, անարդյունավետ միջոցառումները, տարբեր գլուխգովան պատեթիկ ելույթներն ու համեմատել առկա վիճակի հետ, պատկերն ավելի քան ամբողջական է դառնում։ Ի՞նչ է պետք անել, այո պետք են համակարգային փոփոխություններ կատարել կրթության, առողջապահական, էներգետիկ, տրանսպորտի՝ այդ թվում ավիացիոն, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, մշակով արդյունաբերության և այլ մի շարք ոլորտներում, որտեղ կարող ենք շատ արագ առաջանցիկ աճ ապահովել»,- ասաց տնտեսագետը։
Նա ընգծեց, որ պետք է բարելավել ներդրումային միջավայրը՝ պետական երաշխիքների և ապահովագրության համակարգային լուծումներով, կարգավորել հարկային և մաքսային օրենսդրությունը, պարզեցնել դրանք և ներդնել պրոգրեսիվ համակարգ։ Անհրաժեշտություն է վերականգնել բարեկամ պետությունների հետ քաղաքական, գործընկերային հարաբերությունները։
«Անելիք իսկապես շատ կա և այս ամենը հնարավոր է անել բացառապես իշխանափոխությունից հետո։ Այ դրա համար կարևոր է ոչ միայն գործողների իշխանությունների հեռանալը, այլ նաև այն, թե ովքեր պիտի գան և որն ավելի կարևոր է, թե ինչ պիտի անեն»,- ասասց տնտեսագետը։
Դիտարկմանը, որ պատերազմին մասնակցածներից շատերի գումարները դեռևս չեն փոխանցում, բյուջեն դատա՞րկ է թե՞ այլ խորքային խնդիրներ կան, տնտեսագետը պատասխանեց՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը։
«Առաջին հերթին հաշվառումներ չկան, կամ դրանք հրապարակված չեն։ Օրինակ հայտնի չէ, թե պատերազմի մասնակից քանի մարդ է ուսանող, կամ քանի անձի ընտանիքի անդամ է ուսանող, որպեսզի պարզ դառնա ուսանողներին տրվող ֆինանսական աջակցության չափը մեկ թվով որքան է։ Պատերազմի մասնակիցներին պետք է տրվեն տեղեկանքներ, որով փաստվում են նրանց մասնակից լինելու հանգամանքը։ Այստեղ կազմակերպչական բարդություն, դանդաղկոտություն և անպատասխանատու վերաբերմունք կա»,- ասասց տնտեսագետը։
Նրա խոսքով, ամբողջ խնդիրը պետության կազմակերպման մեջ է։
«Նույն վիճակն է, ինչ համավարակի շրջանում էր, կյանքի կոչվեց շուրջ երեք տասնյակ միջոցառումներ և մսխվեցին ֆինանսական միջոցներ, քանի որ նրանց հասցեատերերը հստակ չէին, իսկ աջակցության գործիքները անարդյունավետ։ Բավական է հիշել վարչապետի կոմունալների հետ կապված իրարամերժ լուծումները։ Նույն վիճակը նաև այստեղ է։ Պատերազմի մասնակիցները պետք է զգան իրենց թիկունքում պետություն կա, չեն կարող չտրամադրել նրանց հասանելիք գումարները»,- ասաց Արմեն Գրիգորյանը։