Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՊՀ պատմության ֆակուլտետում հունվարի 28-ին տեղի ունեցավ հետախույզ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ջրականում (Ջաբրայիլ) զոհված Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները:
Էդիկ Մինասյանը ներկաներին ներկայացրեց իր սանի՝ Վահագն Թումասյանի կենսագրությունը եւ անցած ուղու մասին։ Հերոսը պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, որն, ըստ Մինասյանի, իր կարճատեւ կյանքի ընթացքում աչքի է ընկել ինչպես կատարած զինվորական սխրագործություններով, այնպես էլ ակադեմիական նվաճումներով։
«Լինելով մտավորականի զավակ՝ Վահագն Թումասյանը կյանքի փայլուն ուղի է անցել եւ հերոսաբար զոհվել: Ֆակուլտետը երբեք չի մոռանա նաեւ ֆակուլտետի մյուս զոհված հերոսներին, որոնց անուններն ու լուսանկարները Վահագն Թումասյանի անվան կողքին են: Այսօր բանակի օրն է, ցանկանանք, որ մեր տղաների պատգամը իրականություն դառնա՝ մի օր ազատագրված տեսնենք մեր հողերը»,- նշեց Մինասյանը։
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Վահագն Թումասյանին անձամբ ճանաչելու բախտ է ունեցել՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի եւ ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում։ Այդ ծրագրի շրջանակում, ըստ Մելիքյանի, նա իրեն դրսեւորել է ոչ միայն որպես փայլուն ուսանող, այլեւ հիանալի կազմակերպիչ, որը հնարավոր ամեն ինչ արել է՝ կրթական ծրագիրն ավելի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար։
Արամ Թումասյանը՝ հերոսի հայրը, պատմում է․«Շատ հաճախ միայնակ էր գնում հետախուզական առաջադրանքի՝ խնայելով մարտական ընկերներին։ Նա ամենայն խստությամբ հետախույզի կարգապահությունը պահում էր։ Հայր ու որդի կիսվում էինք, շատ անգամներ ասում էի՝ Վահա՛գ, ինձ մի՛ ասա քո գաղտնիքները, ես թույլ մարդ եմ, գուցե ինչ-որ տեղ մի բան ասեմ՝ քեզ վնաս լինի։ Մի անգամ, երբ դիպուկահար էր հատուկ նշանակության զորքերում, տուն եկավ՝ տխուր, ձայն չէր հանում։ Ասացի՝ Վահա՛գ, ի՞նչ է պատահել, պատասխանեց․ «Պա՛պ, մարդ եմ սպանել»։ Ասի՝ տղա՛ս, դու մարդասպան չես, դու քո նախնիների պատգամն ես կատարում։ Եթե թշնամուն չոչնչացնես, մեր ազգը գոյություն չի ունենա։ Դրանից հետո խաղաղվեց, պայծառացավ։ Առաջադրանքները կատարելիս հայրենասիրական երգեր էր երգում, պարում էր, դուդուկ նվագում։ Ուրախ էր»։
Ընտանիքը հպարտ է: Վահագնն իր առաքելությունը կատարեց: Մարտական առաջադրանքի էր գնում հայրենասիրական երգերով: Պատմում են, որ թշնամու հրթիռից ընկնելու պահին, նա մարմնով ծածկել է մարտական ընկերներին:
«Նրանք հիմա ֆիզիկապես չկան, բայց նրանց ոգին այս պահին մեր նոր բանակի կառուցման հիմքերում է»,-ասաց հայրը:
Հերոսի մայրը պատմում է՝ վերջին անգամ զանգահարել է հորն ու ասել․ «Այստեղ եմ»: Ասում է՝ չգիտեին, որ նա ռազմաճակատում է: «Առաջին օրվանից, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը արյունը եռում էր: Թաքուն հավաքել էր իրերը եւ սպասեց այնքան, մինչեւ ես աշխատանքի գնացի, նոր մեկնեց ռազմաճակատ: Պատմում են, որ իր ջոկատի տղաներին թիկունքում էր պահել ու կրկին միայնակ գնացել մարտական առաջադրանքի»,-ասաց մայրը:
Զոհված հետախույզի դուստրը՝ Մարիամ Թումասյանը, պարտավորեցնող է համարում հոր անունն ու գործը: Ասում է՝ հպարտ է, որ դուստրն է այն մարդու, ով հայրենիքի համար բազմաթիվ սխրանքներ է գործել:
«Նա օժտված էր վճռականությամբ: Նրա գործն ու սխրանքն ինձ ավելի պարտավորեցնող են դարձնում», -ասաց զոհված հերոսի դուստրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:
Մանրամասները դիտեք տեսանյութում.