Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է.
՛՛ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:
Էնթոնի Բլինքենի պատասխանը. Նախագահ Բայդընը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:
Սենատոր Մարքի. Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո ի՞նչպիսի քայլեր կձեռնարկի վարչակազմը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:
Բլինքեն. Ինչպես ասել է նախագահը, Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանքը` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:
Սենատոր Մարքի. Արդյո՞ք վարչակազմը կսահմանափակի ֆինանսավորումն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կատարելով Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժինը, ինչպես նորընտիր նախագահ Ջո Բայդընը հորդորել էր վարվել Թրամփի վարչակազմին:
Բլինքեն. Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո Բայդըն-Հարրիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության ոլորտի օգնությունը: Եթե հանգամանքները թույլ տան, Բայդըն-Հարրիսի վարչակազմը պատրաստ է հրաժարվել Ազատության Աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկումից: Հաստատման դեպքում պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը: