Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում , պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մտնի քաղաքականության մեջ, պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանը շատ մեծ քաղաքական գործիչ ա, իմ լավ ընկերն ա, ինքը իր ճանապարհն ունի գնալու: Եթե ես գնում եմ ընտրության, դա չի նշանակում, որ ես Արթուր Բաղդասարյանին դեմ եմ, ինքը մեծ փորձ ունի, երկար ճանապարհ ա անցել: Ես ասեցի, որ ես կուսակցություն եմ բացելու, ով կմիանա մեր կուսակցության, թող միանա»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում ներգրավվել հայաստանյան ընտրություններում, եթե ինքն այլ երկրի քաղաքացի է, իսկ Հայաստանի օրենսդրությունը հստակ պահանջներ է դնում ընտրությունների մասնակցության հարցում, Արա Աբրահամյանը վրդովված պատասխանեց. «Ուզում եք ասել, որ ես իրավունք չունե՞մ վարչապետ դառնալու, նախագահ դառնալու` ըստ գործող օրենսդրության: Ես այդ ամեն ինչը գիտեմ»:
Նրա խոսքով` կուսակցություն ստեղծելու իր ծրագրերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանն ինձ շատ հանգիստ, շատ նորմալ ասաց, որ` եթե դուք ունեք ծրագրեր ու կարող եք այս երկրին օգտակար լինել, ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»,- ասաց Արա Աբրահամյանը:
Լրագրողներից մեկի հարցին, որ շարունակո՞ւմ է պնդել, որ ինքը ռուս է, ինչպես հայտարարել էր մեկ անգամ, պատասխանեց. «Այո, իհարկե, ռուս եմ, որ եթե Ռուսաստանում եմ ապրում: Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում, որ ասել եմ` ռուս եմ: Դրսում ինձ ընդունում են, որպես Ռուսաստանի քաղաքացի, որպես ռուս, ես ազգությունը նկատի չունեմ: Ազգությամբ, հոգով ու սրտով ես հայ եմ ու հպարտանում եմ դրանով, իմ գյուղով, գնալու եմ Մալիշկա, գյուղացիներից թույլտվություն հարցնեմ, եթե իրենք ինձ գործուղեն, որ ես մտնեմ մեծ քաղաքականություն, ապա ես կգնամ դրան: Հետո ես ինտերնացիոնալ մարդ եմ»:
Լրագրողների ևս մեկ հարց վրդովեցրեց Արա Աբրահամյանին: Լրագրողները հարցրեցին, թե ի՞նչն է խանգարում Ռուսաստանում կուսակցություն բացել ու այնտեղի քաղաքականության մեջ մտնել:
«Ինչը՞ կարա Աբրահամյան Արային խանգարի կուսակցություն ստեղծել, էնպես չի, որ ես Ռուսաստանում չորրորդական դիրքերում եմ գտնվում, ու էլ տեղ չունեմ` զարգանալու, դրա համար գալիս եմ Հայաստան` կարիերա ստեղծելու: Ես չեմ ուզում կարիերա ստեղծեմ, այդ դուք եք ուզում, որ ես կարիերա ստեղծեմ: Ես բիզնեսմեն եմ: Աբրահամյան Արան 147 միլիոն դոլար ա ծախսել Ռուսաստանի հայերի միության վրա, դուք գիտե՞ք դա ինչ ա նշանակում: Դուք չգիտեք, թե փող ծախսելը ինչ ա: Շատ ժամանակ ինձ ասում են` պարո\'ն Աբրահամյան, Դուք չե՞ք ամաչում ձեր ռուսերենի համար, ես էլի կասեմ` էտ ռուսերեն լավ խոսացողներդ, բոլորդ միասին հավաքվեք, գործ բացեք, ինձ էլ ազատեք հոգսերից ու երկրի հոգսերը վերցրեք ձեզ վրա: Ցավոք, նման մարդիկ չկան: Գիտե՞ք` ինչ կա, սա մկների ժողովը չի, ճառ ասեն ու զանգ չկախեն: Ուզում եմ ասեմ, որ ես իմ բիզնեսները կանգնացնում եմ, չեմ զարգացնում, ժամանակս ծախսում եմ Հայաստանի զարգացման համար: Ես չեմ կարող Ռուսաստանում հանգիստ քնել, ճոխ սեղանների շուրջ, երբ որ ես գիտեմ, որ մարդիկ այստեղ կարիքի մեջ են, ես դա եմ քարոզում: Ես միշտ այնտեղ ասում եմ` եկեք` գնանք Հայաստան, գնանք էնտեղ ծնունդ անենք, ուրախանանք, բնակարան գնենք, բիզնես ներդնենք»,- ասաց նա: