կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 16:33
Հասարակություն

Բացահայտվել են Կոտայքի մարզում մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերը. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել են Կոտայքի մարզում մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերը. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը` ժամը 00:05-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկի պարսպի մետաղական դուռը և կիսակառույց շինության մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր՝ տանտիրոջը, նախնական տվյալներով, պատճառելով մոտ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1995 թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել, որի ժամանակ, բացի վերը նշված հանցավոր արարքի կատարումից, նրանք խոստովանել են նաև 2020 թ. օգոստոս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրենց կողմից Կոտայքի մարզի ևս 10 բնակարաններից խմբի կազմում կատարված գաղտնի հափշտակությունների դեպքերը՝ հայտնելով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կատարման եղանակը, մատնացույց արել բնակարանների հասցեները, նշել հափշտակությունների կատարման օրերը:

Նախաքննության ընթացքում նրանց տիրապետության տակ գտնվող ավտոտնակի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ գողոնը, ինչպես նաև՝ վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած այլ քաղաքացիների հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: