կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 21:42
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ Ռ․ Սաֆրաստյանը՝ Կարսում զորավարժությունների մասին

Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ իհարկե, կարծում եմ, որ այս զորավարժությունները չեն վերաճի ռազմական գործողությունների, բայց միտումը ակնհայտ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը:

Այսպիսի եզրակացության առիթ է դարձել Ռուբեն Սաֆրաստյանի՝ մի առանձնահատկություն  նկատելը․ այս զորավարժություններն ունեն մեկ կարևոր միտում՝ նախապատրաստվել հարձակողական գործողությունների։

«Որովհետև մասնակցում են այնպիսի զորատեսակներ, որոնք հենց հարձակողական են, օրինակ, դեսանտային, տանկային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Եթե թուրքաադրբեջանական բանակը փորձի հենց հիմա հարձակվել, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, զսպող գործոն կարող է լինել Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահների՝ ՀՀ սահմանի վրա հենց այդ տարածքում կանգնած լինելը, և նա համոզված է, որ Ռուսաստանն, իհարկե, կմիջամտի այս դեպքում։

Այս ուժի ցուցադրումը, որ իրականացնում են թուրքերը, ուղղված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ, այլ նաև Ռուսաստանի դեմ՝ ընդգծեց թուրքագետը՝ նշելով, որ զորավարժությունները ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա են ռուսական ռազմաբազայից Գյումրիում։

«Այնպես որ, սա ուժի ցուցադրություն է, և Թուրքիան ամեն կերպ ցույց է տալիս, որ ինքը այստեղ ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը և՛ ռազմական միջոցներով, և՛ քաղաքական»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021», և Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ դա պատահական չէ․ Կարսը ձնառատ է և թուրքերն ու ադրբեջանցիները իրենց զորքին վարժեցնում են հարձակվելու հենց այդ պայմաններում։ Թուրքագետը մի պատմություն պատմեց։

«Գիտեք, մեր տարածաշրջանի համար սա շատ կարևոր առանձնահատկություն է․ օրինակ, ես հիշում եմ, որ 1920 թ-ին, երբ քեմալականները պատրաստվում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, 1920 թ-ի ձմռանը և գարնան առաջին ամիսներին Մուստաֆա Քեմալը երկու անգամ հրաման տվեց Կարաբեքիրին նախապատրաստվել պատերազմի Հայաստանի Հանրապետության դեմ և երկու անգամ Կարաբեքիրը մերժեց, որովհետև ասաց՝ ձյունը այս տարի շատ է եկել և հնարավոր չէ»,-ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանն արձանագրեց, որ այս զորավարժությունները հենց տեղի են ունենալու առատ ձյան պայմաններում, այսինքն, իսկապես նախապատրաստվում են հարձակման արդեն այսպիսի ծանր կլիմայական պայմաններում։

Աննա Բալյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․