կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 11:20
Տարածաշրջան

Թուրքիայում հայ պատգամավորը բողոքի հայց կներկայացնի «Կարսում հայի որս սկսող» ազգայնամոլի դեմ

Թուրքիայում հայ պատգամավորը բողոքի հայց կներկայացնի «Կարսում հայի որս սկսող» ազգայնամոլի դեմ

Թուրքիայի խորհրդարանի` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը բողոքի հայց կներկայացնի վերջերս հայատյաց հայտարարություններով և սպառնալիքներով հանդես եկած` «Ազգային շարժում» կուսակցության` Կարսի ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելի դեմ:

Մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փայլանն անդրադարձել է վերջին շրջանում հայերի, միասեռականների  և կորեացիների նկատմամբ (թուրքերը հարձակվել էին կորեացիների վրա` կարծելով՝ չինացի են) ատելության դրսեւորումներին: Նշելով, որ մինչ օրս նման հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գլխավոր դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել, հայ պատգամավորն ասել է, որ անպատիժ մնացած` ատելություն պարունակող յուրաքանչյուր հայտարարություն հող է նախապատրաստում ոճիրների համար:

Փայլանը հայտնել է, որ Մեջլիսի նախագահության ուշադրությանն է ներկայացնելու չորս դեպք, որոնց հիման վրա պահանջելու է ատելություն պարունակող հայտարարությունների համար ավելի ծանր պատժամիջոցներ:

Նա այնուհետև թվել է այդ չորս դեպքը:

*Տիգրան Համասյանի՝ Արևմտյան Հայաստանում համերգների պատճառով Կարսի ազգայնամոլ ղեկավարներից Թոլյա Ադըգյուզելը սպառնացել էր «հայի որս սկսել Կարսում»:

* Ադանայի քաղաքապետ Հյուսեյին Սոզլուն իր Twitter-յան էջում ռասայական գրառում էր արել խորհրդարան անցած երեք հայ պատգամավորների հասցեին, սակայն մեծ աղմուկ բարձրանալուց հետո ստիպված էր եղել հեռացնել գրառումը:

*Զբոսաշրջիկների վրա հարձակումներ. ազգայնամոլների` Կ.Պոլսից ղեկավարը վերջերս երթ էր կազմակերպել՝  «Արևելյան Թուրքեստան»-ի մուսուլմաններին աջակցելու համար: Սուլթանահմեդ հրապարակում մամուլի ասուլիս տալիս մի խումբ երիտասարդներ վազել էին Թոփքափըի պալատ և հարձակվել կորեացի զբոսաշրջիկների վրա՝ նրանց չինացու տեղ դնելով:

*Միասեռականների դեմ սպառնալիքները:

Կորեացիների վրա տեղի ունեցած հարձակումից հետո «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլիեթ Բահչելին հարցազրույց էր տվել՝ արդարացնելով զբոսաշրջիկների վրա հարձակված երիտասարդների արարքը: Նա նշել էր, որ երկու ազգերն էլ ունեն միանման աչքեր, ինչպե՞ս տարբերել նրանց: Այն բանից հետո, երբ Բահչելիի խոսքերը մեծ արձագանք գտան, լրագրող Ահմեդ Հաքանը նշել էր, որ նա գուցե կատակել է: Ի պատասխան  Բահչելիին՝ Փայլանն ասել է. «Եթե կատակել եք, ապա ընդհանրապես ծիծաղելի չէ»:

Կրկնելով, որ ատելություն պարունակող հայտարարությունները ոճրագործությունների պատճառ են դառնում, հայ պատգամավորը հիշեցրել է այդ հողի վրա իրագործված սպանությունները, այդ թվում` Հրանտ Դինքի դավադիր սպանությունը:

«Կոչ եմ անում հանրապետության գլխավոր դատախազությանը՝ սկսել այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Կարսում հայատյաց ղեկավարի հայտարություններից հետո Կարս այցելել պատրաստվողները չեղարկել էին իրենց հյուրանոցային վարձակալությունները:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի