Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի հունվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծին (այսուհետ՝ Նախագիծ): Առաջին հայացքից բարի նպատակ հետապնդող այս նախագիծը կոպտորեն խախտում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի այնպիսի անկյունաքարային սկզբունք, որպիսին` միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության ճանաչումն է (Ընտանեկան օրենսգիրք, 1-ին հոդված, 2-րդ մաս): Մինչդեռ Նախագծով նախատեսվում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունք վերապահել, որպես շահառու ճանաչել, զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնված, ամուսնության պետական գրանցում չունեցող անձին, իսկ որպես համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող տեղեկություններ ի թիվս այլնի նախատեսվում են՝ համատեղ կյանքի լուսանկարները որպես ապացույց։ Միևնույն ժամանակ, որպես այս տեղեկությունները հաստատող մարմին, սահմանվում է՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը (այսուհետ՝ Հատուցման հիմնադրամ): Այսպես.
Նախ, պետք է ի սկզբանե ասել, որ ոչ պետք էր իրավաբան լինել, ոչ էլ խորը իրավական գիտելիքներ ունենալ, որպեսզի իմանալ, որ ՀՀ-ում ճանաչվում, հետևաբար նաև իրավական ուժ է տրվում և այդպիսով համապատասխան իրավունքներ, պարտականություններ և իրավական հետևանքներ են առաջանում միայն ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո: Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից։ Ուստի, ՀՀ ընտանեկան օրենսդրությունը չի ճանաչում փաստական ամուսնությունը, ընտանեկան օրենսդրության մեջ գործածված չեն «փաստական ամուսնություն» կամ «փաստական ամուսնական հարաբերություն» հասկացությունները:
Երկրորդ, Նախագծով նախատեսված՝ փաստական ամուսնությունը հաստատելուն միտված փաստերը, ՀՀ ընտանեկան օրենսգիրքը չի դիտարկում որպես անձանց միջև ամուսնության առկայության ապացույց: Մեղմ ասած, ծիծաղելի է օրինակ՝ զոհված անձի հետ ունեցած համատեղ կյանքի լուսանկարը որպես անձանց միջև ամուսնական հարաբերությունների առկայության փաստ դիտարկելը՝ ամենից առաջ շատ տրիվիալ մի պատճառով, որ մարդիկ համատեղ լուսանկարներ կարող են ունենալ ամենատարբեր մարդկանց հետ, հատկապես, երբ այժմ տեխնիկան շատ շռայլ հնարավորություններ է ընձեռում:
Երրորդ, Նախագծով անձանց միջև ամուսնության առկայության փաստի հաստատման իրավունք է վերապահվում Հատուցման հիմնադրամին: Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամը սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է: Գուցե, Նախագծի հեղինակների (էական չէ, որ մեկ անձի կողմից է ներկայացված) շրջանակում մեկը նեղություն կրեր և հուշեր, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատում ՀՀ-ում ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով առավելապես իրականացնում է դատարանը, իսկ դատարան ներկայացվող դիմումին առաջադրվում են հստակ պահանջներ: Բացի այդ, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը որոշում է՝ ելնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Ուստի, քաղաքացուն թշնամու զոհը դարձնելուց հետո, վերջինիս հետ երբևէ ինչ-որ կապ ունեցած կամ գուցե չունեցած մարդուն, այսպես կոչված իրավահաջորդ ճանաչելով և ինչ-որ գումար վճարելով, իշխանությունը ամենևին էլ չի կատարում իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու, պետության սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու սեփական պարտականությունները՝ մինչդեռ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է «ԸՆՏԱՆԻՔ» ԿՈՆՑԵՊՏԸ և ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ:
Հ. Գ. Ամենևին ավելորդ պետք չէր համարել Նախագիծը գրելուց առաջ Ընտանեկան օրենսգրքի սկզբունքները կարդալը: ՇԱՏ ԾԱՎԱԼՈՒՆ ՉԷ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀՈԴՎԱԾ, ՈՐԸ ԳՈՒՑԵ ԿԱՆԽԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴԸ…
Ռուբինա Պետրոսյան